ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց ԱՄՆ գյուղդեպարտամենտի պատվիրակությանը, որի կազմում էին «Կենդանիների առողջություն» հայաստանյան ծրագրի ղեկավար Լինսդեյ Մալեչան և ԱՄՆ Վիրջինիա-Մերիլենդ տարածաշրջանային անասնաբուժական համալսարանի տնօրեն Վալերի Ռեգանը:
Հանդիպման նպատակն էր Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ արդյունավետ պայքարի միջոցների երկկողմ քննարկումը:
Հաշվի առնելով հայկական կողմի առաջարկությունը` խումբը պատրաստակամություն էր հայտնել առավել խորը ուսումնասիրություններ իրականացնել հատկապես կենդանիների բրուցելյոզ հիվանդության ուղղությամբ:
«Հայաստանում շատ կարևոր է այդ հիվանդության կանխարգելման արդյունավետ միջոցների կիրառումը, և մենք մեր կողմից պատրաստ ենք հնարավորինս աջակցել ամերիկացի փորձագետներին իրավիճակի առավել ստույգ գնահատման գործում», – նշեց նախարար Սերգո Կարապետյանը:
Հյուրերը տեղեկացրեցին, որ Հայաստանում գտնվելու ընթացքում նախատեսված են հանդիպումներ անասնաբուժության ոլորտի պատասխանատուների հետ, այցելություններ անասնապահական տնտեսություններ, ինչպես նաև նախատեսվում է կազմակերպել երկօրյա սեմինար` ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ֆերմերների միջև կապն առավել սերտացնելու համար:
Տիկին Ռեգանը ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնեց բազմակողմանի աջակցություն ցուցաբերել քննարկված հարցերում, և նախարարության հետ համատեղ մշակել կարիքները բնութագրող համալիր ծրագրի նախագիծ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին