«Ինձ համար որևէ փակ դուռ չկա» (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Անահիտ Շահբազյանը, ով բազմաթիվ միջազգային մրցույթներում բարձր է պահել Հայաստանի անունը, իր հայրենիքում ճանաչվեց միայն «Հայաստանի ձայնը» նախագծին մասնակցելուց հետո: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իր արվեստը մասսայականացնելու համար իրեն պակասում է լավ փիարը:

-Անահի՛տ, այժմ ստեղծագործական ի՞նչ պրոցեսի մեջ եք: Հատկապես, երբ արդեն երկու բենդ ունեք. ի՞նչ անակնկալներ են սպասվում երկրպագուներին:

-Բենդերիցս մեկի հետ միայն ջազ ենք ներկայացնում, իսկ մյուսով՝ արտասահմանյան cover-ներ: Ունեմ մի քանի նոր երգ, դրանցից մեկի խոսքերը գրել է Լեւոն Բլբուլյանը, այն մշակման փուլում է, իսկ մյուսի հեղինակը երգահան Արսեն Գրիգորյանն է:

anahit shahbazyan4

-Ձեր ստեղծագործություններում եւ հատկապես «Կարոտի անուրջներ»-ում ոմանք նկատում են Էլվինա Մակարյանի շունչը. գուցե ոգեշնչվե՞լ եք նրանից, կրկնօրինակելու վտանգ չե՞ք տեսնում:

-Շատ եմ սիրում Էլվինա Մակարյանին, որն ինձ համար յուրօրինակ երգչուհի է, բայց որ ասեմ՝ նրանից ոգեշնչվել եմ, ոչ: Շատերից եմ լսել, որ մեր ձայները նման են, դա ինձ ուրախացնում է: Միեւնույն ժամանակ Էլվինա Մակարյանի երգացանկում մի տեսակ գերակշռող թախիծ եմ նկատել, որը չէի ուզենա՝ լիներ իմ երգացանկում: Իսկ նրան նմանակելու խնդիր բացարձակ չունեմ:

-Մի քանի անգամ մասնակցել եք միջազգային մրցույթների եւ առաջնային տեղեր գրավել. ինչպե՞ս ստացվեց, որ «Հայաստանի ձայնը» նախագծից հետո միայն Ձեզ սկսեցին ճանաչել:

-Պարզապես մինչ այդ նախագծին մասնակցելն ինչ-որ արել եմ, չի պրոպագանդվել, լավ չի «փիարվել», ուստի այդ մրցույթների մասին քչերն են իմացել: Ինձ ճանաչում էին միջազգային բեմերից, բայց ոչ իմ հայրենիքում: Իսկ «Հայաստանի ձայնը» նախագծին մասնակցելով՝ շատ լավ գիտակցում էի, որ այն ինձ ճանաչում բերելու լավ առիթ էր:

anahit shahbazyan2

-Նույն «Discovery» մրցույթը, որին Դուք պետք է մասնակցեիք, իր վարկանիշով ոչնչով չի զիջում, օրինակ, «Նոր ալիքին»: Ինչո՞ւ այդպես էլ հանդես չեկաք այդ մրցույթում, եւ ի՞նչն է պատճառը, որ հայերս ավելի շատ տեղ ենք տալիս, ասենք, «Եվրատեսիլ»-ին:

-Այո՛, «Discovery»-ում, օրինակ, ավելի շատ գնահատվում է երգչի ձայնն ու տաղանդը, քան ներկայացրած շոուն: Իմ մասնակցությունը չստացվեց զուտ տեխնիկական պատճառներով: Իսկ մեր երկրում, չգիտես ինչու, «Եվրատեսիլ»-ի բեմը հաղթահարելուց հետո որոշ արտիստների թվում է, թե իրենք արդեն ամեն ինչի հասել են, կայացել են:

Բայց դա այդպես չէ…Աշխարհում ավելի լուրջ մրցույթներ կան, որոնք, շատ արտիստներ հաղթահարելով, չեն գոռազացել…

-Մի առիթով Դուք Ձեր կատարմամբ ցնցել եք անգամ թուրքի. իսկ հայերին ցնցելը դժվար չէ՞:

-Մեր հայ հանդիսատեսն իր արտիստի հանդեպ ավելի նրբանկատ է եւ խստապահանջ: Այս հանգամանքն ուժ է տալիս, որ վերջինս կատարելագործվի: Իսկ ես իմ հայրենիքում էլ կարողացել եմ շատերին հուզել:

anahit shahbazyan

Արվեստը մասսայականցնելու համար Ձեր առջեւ ի՞նչ դռներ են դեռեւս մնում փակ:

-Ասեմ, որ իմ արվեստը մասսայականացնելուն զուգահեռ երբեք էժան որակի երաժշտություն չեմ մատուցելու ու կոմպրոմիսի չեմ գնալու: Իսկ հիմա ինձ համար որեւէ փակ դուռ չկա:

-Մի ժամանակ ֆինանսական խնդիրների պատճառով չէիք կարողանում տեսահոլովակ նկարահանել, հետո անսպասելիորեն հայտնվեցիք Կոստա Բլանկայում, այնտեղ տեսահոլովակ նկարահանեցիք, ոմանք սկսեցին բամբասել՝ բա ինչպե՞ս այդպես ստացվեց:

-Այդ տեսահոլովակը նվեր է եղել ինձ: Առհասարակ, չեմ կարող նման խոսակցությունների ուշադրություն դարձնել, դրանք տարածվում են այն ժամանակ, երբ մարդիկ տվյալ թեմայի վերաբերյալ ճշգրիտ ինֆորմացիա չեն ունենում: Իսկ ինձ դա միայն ծիծաղի տեղիք է տալիս, ուրիշ ոչինչ:

-Անահի՛տ, մի ժամանակ նշել էիք, որ երբեք ակումբներում չեք երգի, ինչպե՞ս ստացվեց, որ շրջանցեցիք այդ որոշումը, ի՞նչ փոխվեց:

-Այո՛, ասել եմ նման բան, ուղղակի եկավ մի պահ, երբ հասկացա, որ ապրելու միջոց պարզապես չունեմ, Հայաստանում չկան այնքան համերգասրահներ ու համերգներ, որ կարողանամ բեմելուս ծարավը հագեցնել: Հայաստանում այլ կերպ հնարավոր չէ:

-Երգի պետական թատրոնից հեռանալուց անցել են տարիներ. շատերին է հետաքրքիր՝ Ձեր ուսուցչի՝ Արթուր Գրիգորիչի հետ հաշտվե՞լ եք:

-Այո՛ (ծիծաղում է): Մենք երբեք չենք էլ վիճել, ուղղակի ժամանակն անցել է, եւ կարոտի շնորհիվ ամեն բան իր տեղում է:

-Հիմա ի՞նչ մեծ նպատակ ունեք:

-Ինչ վերաբերում է կարիերային, երգարվեստում իմ հետքը թողնելու, լավ երգեր մատուցելու մասին եմ մտածում…Իսկ անձնական կյանքում ամեն բան դեռ խաղաղ է…

Զրուցեց Աննա Բաբաջանյանը




Լրահոս