ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Լորա Բեյլիին:
Հանդիպման սկզբում նախարարը շնորհավորեց տիկին Բեյլիին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց արգասաբեր աշխատանք:
Նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության ներկա վիճակը, ոլորտում իրականացվող երկկողմ համագործակցության ծրագրերն ու ընթացիկ խնդիրները` հատկապես շեշտադրելով Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության (CARMAC) ծրագրի կարևորությունը, որի նպատակն է արոտավայրերի և անասնապահական համակարգերի արտադրողականության բարելավումն ու շարունակական պահպանումը նպատակային համայնքներում:
«Միջազգային փորձագետները բարձր են գնահատել Հայաստանում Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվող CARMAC 1 ծրագրի արդյունավետությունը: Համոզված եմ, որ առաջիկայում մեկնարկվող CARMAC 2 ծրագիրը նույնպես կնպաստի գյուղատնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը», – նշեց նախարար Սերգո Կարապետյանը:
Անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին` նախարարը կարևորեց հատկապես գյուղացիական տնտեսությունների խոշորացումն ու կոոպերատիվների ստեղծումը, գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակայանի վերազինումը, ապահովագրական համակարգի ներդրումը, գյուղատնտեսական կենդանիների համարակալումն ու հաշվառումը, սպանդանոցների կառուցումը, կլիմայի փոփոխության հետ կապված գործընթացները և հույս հայտնեց, որ նշված խնդիրները հնարավոր կլինի լուծել` դրանք ներառելով CARMAC 2 ծրագրում:
Իր հերթին Լորա Բեյլին պատրաստակամություն հայտնեց շարունակել սերտ համագործակցությունը գյուղատնտեսության բնագավառում` գոհունակությամբ նշելով, որ ոլորտը մշտապես գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին