Ազիզ Թամոյանը պատրաստվում է դատի տալ Ամո Շարոյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի խմբագրություն դիմած Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը հայտարարել է, որ պատրաստվում է դատի տալ «Միդիա Շանգալ եզդիների միավորում» ՀԿ նախագահ Ամո Շարոյանին: Պատճառը, ըստ մեր զրուցակցի, այն է, որ վերջերս Ամո Շարոյանը հերքել է իր կողմից արված այն հայտարարությունը, թե ՀՀ Կառավարության կողմից Իրաքում ցեղասպանության ենթարկվող եզդի ժողովրդի համար տրամադրված 100 հազար դոլարը տեղ չի հասել:

Ազիզ Թամոյանի փոխանցմամբ՝ Ամո Շարոյանն ազգությամբ քուրդ է, ինչը նշանակում է, որ իրավունք չունի որևէ մեկնաբանություն կամ հայտարարություն անել, ինչը կապված կլինի եզդիների հետ:

«Նա «Իրատես de facto»-ին հարցազրույց է տվել ու ասել, որ եզդիների ու քրդերի լեզվախումբը նույնն է: Նա բաց հայտարարել է, որ քուրդ է»,- շարունակեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ ինքը միայն Հայաստանի եզդիների միության նախագահը չէ, այլև՝ ողջ աշխարհի:

Իսկ Ամո Շարոյանն իրեն դատի տալու մասին լուրն իմանալուց հետո Armlur.am-ին հայտնեց, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է դիմել դատարան, իսկ թե ինչ կկատարվի հետագայում, կորոշի դատարանը:

«Սրանից բացի, ուզում եմ ասել, որ միայն մի հարցազրույցի շրջանակներում հնարավոր չէ ասել՝ որ ազգն ինչ առանձնահատկություններ ունի, ինչ հատկանիշներ են նրան բնորոշ, որ ազգին ինչով է նման: Իմ պապերը և ես եզդի եմ, ինչի համար հպարտ եմ»,- շարունակեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Armlur.am-ը հայտնել էր, որ Ազիզ Թամոյանը հայտարարել էր, թե Հայաստանի նյութական օգնությունը գնում է քրդերի կառավարությանը և եզդիներին չի հասնում: Armlur.am-ի հետ զրույցում «Միդիա Շանգալ եզդիների միավորում» ՀԿ նախագահ Ամո Շարոյանը հերքել էր Ազիզ Թամոյանի հայտարարությունը և նշել, թե մեր մեկ դրամն ուրիշի մեկ միլիոնն է:

Լուսանկարը՝ Panarmenian.net-ի




Լրահոս