ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ.

Վերջին օրերին որոշ զանգվածային լրատվության միջոցներ մտահոգություն են հայտնում գյուղատնտեսական կենդանիների մորթի ծավալների ավելացման ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ մտահոգության անհրաժեշտություն չկա, քանի որ գյուղատնտեսական կենդանիների մորթն իրականացվում է ամանորյա նախատոնական առևտրի կապակցությամբ` ազգաբնակչությանը թարմ միս և մսամթերք ապահովելու նպատակով:

Հարկ է նշել, որ յուրաքանչյուր տարի մսի իրացման ամենամեծ ծավալներն արձանագրվում են չորրորդ եռամսյակում: Ընդ որում, տարվա ընթացքում արտադրված մսի 15-17%-ը ստացվում է հոկտեմբեր, 18-20%-ը` նոյեմբեր և ավելի քան 26-28%-ը` դեկտեմբեր ամսին: Մսի արտադրության և իրացման նման համամասնությունը պահպանվում է արդեն տարիներ շարունակ, և գյուղատնտեսական կենդանիների մորթի ծավալների ներկայիս ավելացումը բազմամյա օրինաչափության դրսևորում է: Ի դեպ դեռևս 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա համեմատությամբ մեր հանրապետությունում տավարի գլխաքանակն ավելացել էր 16.6 հազար գլխով, իսկ ոչխարներինը և այծերինը` շուրջ 43 հազար գլխով: Բնականաբար, ավելացած գլխաքանակին համապատասխան ընթացիկ տարվա դեկտեմբերին նախորդ տարվա համեմատությամբ ավելի շատ կենդանիներ կիրացվեն մսի համար, քանի որ ավելացած գլխաքանակի գրեթե կեսը ֆերմերներն աճեցրել են բացառապես միս ստանալու նպատակով: Ի դեպ, հենց անասնագլխաքանակի ավելացմամբ պետք է բացատրել այն հանգամանքը, որ ամիսներ շարունակ մեր ներքին շուկայում տավարի և ոչխարի մսի գները մնացել են անփոփոխ, մինչդեռ մեր հարևան երկրներում նկատվել է զգալի գնաճ:

Միաժամանակ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ ընթացիկ տարում հանրապետությունում կուտակվել են կոպիտ կերերի բավարար պաշարներ, և գյուղատնտեսական կենդանիների ձմեռացման ընթացքում խնդիրներ չեն առաջանա: Ավելին` վերլուծությունները ցույց են տալիս, որ 2014 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ըստ օպերատիվ տվյալների, ավել կկուտակվի շուրջ 25.0 հազար տոննա խոտ և 7 հազար տոննա ծղոտ, ինչը հուսալի երաշխիք է անասնագլխաքանակի ավելացման համար: Ըստ օպերատիվ տվյալների` 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ, անասնագլխաքանակի աճի միտումը կշարունակվի:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս