Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Երևանի Թբիլիսյան խճուղի 3/14 հասցեում գտնվող Սոցիալական բնակարանային ֆոնդի հերթական շենքի բնակարանների հանձնման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջել է շենքով՝ ծանոթացել կատարված աշխատանքներին և բնակարանային պայմաններին:
Շենքն ունի 45 բնակարան, որոնցից 21-ը հանձնվել է մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, 8-ը՝ մանկական խնամակալական կազմակերպությունների նախկին շրջանավարտներին և 16-ը՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին (3-ը՝ միածնող ընտանիքների, 9-ը՝ միայնակ կենսաթոշակառուների և 4-ը՝ սատարող ընտանիքների):
Այսպիսով լուծվել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն բազմիցս դիմած, առ այսօր լամպերի գործարանի հանրակացարանում, անմխիթար պայմաններում բնակվող 1988-1990 թթ. մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրը:
Շենքի բնակիչները շնորհակալություն են հայտնել վարչապետ Աբրահամյանին՝ կառավարության կողմից այս ծրագիրն իրականացնելու և իրենց տարբեր խնդիրների լուծմանն օժանդակելու համար: