ԼԻԱՆԱՆ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ, ՈՐ ՔՈՒՅՐՆ ԻՐ «ԳՈՐԾԻՆ ԿԽՓԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Լիանան տեւական ժամանակ է՝ բեմում չէ, նա վերջին տարիների ընթացքում իրեն ամբողջովին նվիրել էր ընտանիքին՝ ամուսնուն եւ որդուն: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցել է սպասվող անակնկալներից, դադարից հետո ունեցած տպավորություններից եւ տեղեկացրել, որ պատրաստվում է դուետով հանդես գալ իր քրոջ հետ:

-Երկար ժամանակ է՝ բեմում չեք եղել, ինչպե՞ս եք պատրաստվում նշանավորել Ձեր վերադարձը երգարվեստ:
-Շատ ուրախ եմ, որ վերջապես էլի իմ սիրելի գործով եմ զբաղվելու, մտադիր եմ մնայուն արժեք թողնել, ոչ թե ներկայանալ ժամանակավոր կյանք ունեցող որեւէ հիթով: Ասեմ, որ ծնողների մասին նոր երգ եմ կատարելու, այն կոչվում է «Շնորհակալ եմ»: Մի մտադրություն էլ ունեմ. անպայման քույրիկիս հետ հանդես եմ գալու դուետով:
-Դա այն բժշկուհի քույրի՞կն է, որի համար բոլորը երգչուհու կարիերա էին կանխատեսել… Չե՞ք վախենում, որ մարդիկ կասեն՝ բժշկուհին ինչ գործ ունի երգարվեստում, կամ ինչ է թե՝ Ձեր քույրն է, մտցնում եք երգարվեստ:
-Թեեւ քույրս երգարվեստի հետ ուղղակի կապ չունի, նա շատ լավ է երգում, բնատուր շնորհք ունի եւ բաց ճակատով կարող է ներկայանալ հանրությանը: Եթե այդպես չլիներ, ինքս թույլ չէի տա, որ նա հանդես գար բեմում: Ով լսում է քրոջս երգերը, ասում է՝ երեւի դիտավորյալ ես նրան պահել հանրությունից, որ քո «գործին չխփի»: Հիմա նաեւ ուզում եմ ապացուցել, որ դա այդպես չէ ( ծիծաղում է), եւ որ մի տնից կարող են երկու հոգի շատ լավ երգել ու մեկը մյուսին չզիջել:
-Որոշ աստղեր, երկար ժամանակ էկրաններին չերեւալուց հետո, վախենալով, որ հանդիսատեսն իրենց կարող է մոռանալ, ներկայանում են էքսցենտրիկ կերպարներով, հայտնվում են անսովոր իրավիճակներում: Դուք նմանատիպ մտահոգություն չունե՞ք:
-Անկեղծ ասած՝ ոչ: Կարծում եմ՝ Ձեր նկարագրած քայլերը բնորոշ են չինքնահաստատված արտիստներին, իհարկե, չեմ ժխտի նաեւ, որ բեմն ընդունում է նաեւ այդ էքսցենտրիկ կերպարներին: Այնուամենայնիվ, ես չեմ վախենում դադարներից, քանի որ կարծում եմ, որ այն անցողիկ երգչուհիներից չեմ, որոնց կարելի է մոռանալ:
-Այս մի քանի տարվա ընթացքում հետ չեք մնացե՞լ շոուբիզնեսյան եռուզեռից, ի դեպ, բազում նոր դեմքեր են հայտնվել, նկատե՞լ եք:
-Չէ, հետ չեմ մնացել, իհարկե, նկատում եմ նոր դեմքերի, սակայն, անկեղծ ասած, ոչ ոքի չեմ ճանաչում, կարծես այս մոլորակից չլինեմ, անգամ անհարմար է: Իհարկե, նրանց մեջ կան տաղանդավոր մարդիկ, կան աշխատասերներ, կան նաեւ այնպիսիք, որոնք պնդաճակատությամբ, երբեմն էլ սիրեկանների միջոցով հասնում են իրենց նպատակին: Այդ պատճառով ես միշտ ասում եմ, որ պետք է աջակցել տաղանդավորին:
-Օրինակ՝ Դուք հաղթել եք մի շարք միջազգային մրցույթներում, բազում հաջողություններ եք գրանցել, իսկ որեւէ աջակցություն ստացե՞լ եք, հայրենիքը Ձեզ փոխհատուցե՞լ է:
-Ոչ մի բան չեմ ստացել: Երբ Բուլղարիայում Պանայոտովի հետ մրցույթի էի մասնակցում, ես ստացա «Գրան պրի»-ն, նա ինձ ասաց, որ եթե ինքն այդ մրցանակով վերադառնար Ուկրաինա, իրեն բնակարան կտային: Հիմա ուր է Պանայոտովը, ուր եմ ես: Իմ ուզածը, սակայն, նյութական պարգեւատրությունը չէ, անտեսված լինելուց եմ վիրավորվում, ես կոչումն ավելի կարժեւորեի, քան, օրինակ, բնակարանը:
-Երեւանի մասին ամենագեղեցիկ երգերից մեկն եք կատարում, այսօր, երբ քայլում եք մայրաքաղաքի փողոցներով, ի՞նչ ընդհանուր շունչ եք զգում:
-Իմ աչքին մարդիկ շատ տխուր են թվում, դա խորապես ազդում է ինձ վրա: Կարծես ազգս «տրավմա» է ապրում, կուզենամ, որ նրանց աչքերի փայլը, երջանկությունը վերականգնվի:
-Ձեր ամուսինը երբեւէ ոգեշնչո՞ւմ է Ձեզ եւ ի՞նչ դեր ունի նա երգչուհի Լիանայի կյանքում:
-Իմ ամուսինն ընտրել է նաեւ հենց այդ երգչուհուն: Նա ընդունում է ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ: Հոգեպես շատ է աջակցում ինձ եւ, վերջապես, արթնացնում է, երբ զգում է, որ անժամանակ դադարի մեջ եմ:
-Գիտենք, որ ցանկություն ունեիք Ձեր որդուն նկարահանել Ձեր տեսահոլովակում: Կարծես ընտանիքի անդամներին հերթով առաջ տանելու միտում ունեք, այո՞:
-Որդուս փորձնական նկարահանել ենք, բայց հնարավոր է՝ տվյալ երգի հիման վրա տեսահոլովակ այդպես էլ չնկարահանվի, տեսնենք՝ ինչպես կստացվի: Իսկ ինչ վերաբերում է Ձեր նշած միտումին, ապա պետք է ասեմ, որ ես երբեք ոչինչ արհեստական կերպով չեմ անում, ինքներդ էլ, երբ ծանոթանաք արդյունքին, նույն կարծիքը կկազմեք:

 

 

 

ՈՉ ԹԵ PR ԱԿՑԻԱ, ԱՅԼ ԱՄԵՆՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔ

Հայ-ադրբեջանական սահմանին օրեցօր աճող լարվածությունը կանխելու լավագույն միջոցը ամուր սահմաններ ունենալն է, իսկ դրա համար անհրաժեշտ է սահմանամերձ բնակավայրերի բնակչությանը ցուցաբերել ինչպես նյութական, այնպես էլ բարոյահոգեբանական աջակցություն. այս կարծիքին են «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամները, որոնք նպատակ ունեն ոչ միայն նյութապես օգնել սահմանամերձ գոտում ապրողներին, այլեւ աշխուժացնել այդ համայնքների մշակութային կյանքը:

Այս նպատակով նախաձեռնության անդամները նամակով դիմել են ՀՀ մշակույթի նախարարությանը, որպեսզի իրենց տրամադրվեն միջոցներ՝ ճանապարհածախսի, գիշերելու, սննդի հետ կապված հարցերը լուծելու եւ սահմանամերձ բնակավայրերում ներկայացումներով հանդես գալու համար:
Նախաձեռնության անդամներից մեկը՝ Տիգրան Արեգունին, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ լավ կլինի, եթե նմանատիպ ծրագրերը պետական հովանավորչության տակ առնվեն. «Այսինքն՝ ոչ թե կոնկրետ մեզ աջակցեն, այլ այս գործունեությունը որդեգրեն ու զարգացնեն: Սա կարող է օրինակ լինել նաեւ այլ մարդկանց համար, ու թող ոչ թե միանան մեզ, այլ իրենք հանդես գան սեփական մտահղացումներով»,-նկատեց նա:
Նախաձեռնությանը միացած Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանն էլ մեզ հետ զրույցում ընդգծեց այս ծրագիրը պետական հովանավորության ներքո առնելու անհրաժեշտությունը. «Շատ եմ կարեւորում ժողովրդին իր հողի վրա պահելու հանգամանքը: Ես չգիտեմ՝ այս ծրագիրը պետական ինչ հիմքերի վրա կդրվի, բայց մենք մեր թատրոնով 2015-ին էլ շարունակելու ենք սատարել նախաձեռնության անդամներին»,-ասաց ռեժիսորը: Նա ընդգծեց, որ ամենակարեւորն այն է, թե ինչ շարունակականություն կունենա այս նախաձեռնությունը, արդյո՞ք PR ակցիայի պես մի բան կլինի, թե առօրյա աշխատանք: Նրա խոսքով, եթե նույնիսկ պետական աջակցություն չստացվի, իրենք կգտնեն աջակցելու հնարավորությունը:
Նշենք, որ նախաձեռնության ամանորյա ծրագրին միացել է «Պարենք հայերեն» նախաձեռնությունը, իր աջակցությունն է ցուցաբերել նաեւ Կողբի գեղարվեստի դպրոցը:
«Ժողովուրդ»-ը ՀՀ մշակույթի նախարարությունից հետաքրքրվեց, թե երբ կստացվի նախաձեռնության դիմումի պատասխանը. «Գրությունը մեզ ուղարկվել է դեկտեմբերի 10-ին, այն գտնվում է Ժամանակակից արվեստի վարչությունում, քննարկման փուլում, դիմումին կպատասխանեն օրերս»,-պատասխանեցին նախարարությունից:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ՋՈՐՋ ՔԼՈՒՆԻՆ ԿԳԱ ՀԱՅԱՍՏԱՆ
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին ապրիլին կայցելի Հայաստան: Այս լուրն Instagram-ի իր էջում հաստատել է System Of A Down-ի մեներգիչ Սերժ Թանկյանը: «Լուրեր են շրջանառվում այն մասին, որ Ջորջ Քլունին հաջորդ ապրիլին մեզ հետ մեկնելու է Հայաստան: Դա անհերքելի ճշմարտություն է»,-գրել է երգիչը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ System Of A Down ռոք խումբը հայտարարել էր սպասվելիք համաշխարհային շրջագայության մասին, որի առաջին համերգը նշանակված էր դեկտեմբերի 13-ին, Լոս Անջելեսում:
Իսկ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախօրեին խումբը համերգով հանդես կգա Երեւանում՝ Հանրապետության հրապարակում:

 

ՀԱՅՐ Է ԴԱՐՁԵԼ
Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը դեկտեմբերի 13-ին առաջին անգամ հայր է դարձել: Գրոսմայստերի կինը նրան որդի է պարգեւել: Առաջնեկին անվանակոչել են Սարգիս՝ Գաբրիելի պապիկի պատվին:
«Բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ զգացի, երբ առաջին անգամ տեսա եւ գրկեցի տղայիս: Այդ օրն ընկերներիս եւ հարազատներիս հետ նշեցինք ու խմեցինք: Երեխան դեռ այնքան փոքրիկ է, որ չենք կողմնորոշվում, թե ում է նման»,- BRAVO.am-ի հետ զրույցում անկեղծացել է նորաթուխ հայրիկը:
Գաբրիել Սարգսյանը մինչեւ Ամանոր մրցումներ չունի, նա տոնն իր ընտանիքի հետ կնշի Երեւանում:

 

ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին հատուկ մասնագետներ է վարձել, որոնք պետք է զբաղվեն իր երեխաների առցանց պաշտպանությամբ: People-ի փոխանցմամբ՝ դերասանուհին եւ նրա ամուսինը՝ Բրեդ Փիթը, անհանգստանում են համացանցում իրենց երեխաների ապահովության համար:
«Համացացը սարսափելի մի տիրույթ է, ես եւ Բրեդը ոչինչ չենք հասկանում դրանից, ուստի մասնագետները կվերահսկեն, թե ինչով են հետաքրքրված 6-13 տարեկան մեր երեխաները»,-ասել է Ջոլին: Նա նաեւ խոստովանել է, որ ինքը գրանցված չէ Facebook-ում, Twitter-ում կամ Instagram -ում, իսկ իր գրառումները դերասանուհին կատարում է սովորական նոթատետրում:




Լրահոս