1990թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պետական մակարդակով կազմակերպվել եւ իրականացվել է հայ բնակչության զանգվածային կոտորած: Զուտ ազգային պատկանելության համար տեղի շուրջ 400 հազարանոց հայ համայնքն ենթարկվել է բռնությունների, կոտորածի ու բռնատեղահանվել քաղաքից:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նշում են 400-ը անցնող զոհերի մասին, այդ թվում՝ ծերեր, կանայք եւ երեխաներ:1990 թ. հունվարին Բաքվում փաստորեն կրկնվել է 1988թ. փետրվարին Սումգայիթում տեղի ունեցած բռնությունների սցենարն՝ անհամեմատ մեծ մասշտաբներով, որի հետեւանքով քաղաքն ամբողջովին հայաթափվել է: Բաքվի հայ բնակչության ջարդերը եւ բռնատեղահանությունը լիովին ներգրվում են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված «ցեղասպանություն» իրավական հասկացության մեջ:
Պետական մակարդակով ահաբեկչությունը շարունակվել է նաեւ Լեռնային Ղարաբաղում, որի գերակշիռ հայ բնակչության հանդեպ Ադրբեջանի իշխող վերնախավը 1991թ.-ի ապրիլ-օգոստոս ամիսներին իրականացրել է «Կոլցո» ռազմագործողությունը, որի հետեւանքով բռնատեղահանվել, հրդեհվել եւ կործանվել է 24 հայկական գյուղ, զոհվել են բազմաթիվ անմեղ մարդիկ:
Արցախից հայ բնակչությունը բռնատեղահանելու, զանգվածային կոտորած կազմակերպելու Ադրբեջանի պետական նպատակադրված քաղաքականությունն իրականություն չի դարձել միայն արցախահայության զինված ինքնապաշտպանության շնորհիվ:Բաքվի հայաթափումից անցել է 25 տարի: Այս ամբողջ ընթացքում Ադրբեջանում ցինիկաբար նենգափոխվում է 1990 թվականի «սև հունվարի» էությունը. փորձում են պատմության էջերից ջնջել Բաքվի բնիկ հայ ազգաբնակչության ցեղասպանության քաղաքականության հետքերը:
Գլուխ խոնարհելով Բաքվի ջարդերին ու բռնատեղահանությանը զոհ գնացած անմեղ հայերի ու Արցախյան գոյամարտում նահատակվածների հիշատակի առջեւ՝ մենքդատապարտում ենք էթնիկ անհանդուրժողականության, այլատյացության, ծայրահեղականության ցանկացած դրսեւորում,վերահաստատում ենք, որ Արցախի Հանրապետությունը հետամուտ է լինելու, որպեսզի Ադրբեջանում հայ ժողովրդի ցեղասպանության ծրագրի, գործադրված զանգվածային բռնությունների, պատերազմական հանցագործությունների կազմակերպիչները եւ իրականացնողները, համաձայն միջազգային իրավունքի նորմերի, ենթարկվեն պատասխանատվության,կոչ ենք անում ՄԱԿ-ին, ԵԽ-ին, ԵԱՀԿ-ին, նրա Մինսկի խմբի համանախագահ երկրների խորհրդարաններին՝ դատապարտել Բաքվի հայ բնակչության ջարդերը, դրանց տալ իրավական գնահատական: Դա ոչ միայն տուժողի իրավունքն է, այլեւ միջազգային ատյանների պարտավորությունը, քանի որ ցեղասպանությունը ոճիր է համայն մարդկության դեմ: