Սուխումիի շրջանի Աչադարա գյուղում ոչ սթափ վիճակում գտնվող ռուս զինվորականները ավազակային հարձակում են իրականացրել 8 ընտանիքների վրա: Միջադեպը գրանցվել է Գումիստ գետի ափին տեղակայված բնակավայրերից մեկում, որտեղ հիմնականում ապրում են էթնիկ հայեր:
Ռուս զինորականները «ՈւԱԶ» մակնիշի մեքենայով ու զրահամեքենաներով ներխուժել են գյուղ, բնակչությունից խլել իրենց ունեցած փողերն ու ոսկյա զարդերը, իսկ ընտանիքներից մեկից առևանգել են մանդարինով բեռնված մեքենան, որը ճանապարհին փչացել է. ռուս զինվորականներն այն թողել են ճանապարհին, գրում է abkhazeti.info-ն:
Ավազակային հարձակման ժամանակ նրանք գյուղի մի քանի բնակիչների հանդեպ ֆիզիկական ուժ են կիրառել: Նրանցից մեկը՝ 76-ամյա Լյուսյա Քոչարյանը, հիվանդանոց է տեղափոխվել:
Գործը հետաքննում է Աբխազիայի ոստիկանությունը: Լրատվական կայքը նշում է, որ ոստիկանությունից խոստացել են մեղավորներին հանձնել Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը: