Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ փետրվարի 5-ին տեղի է ունենալու ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովը:
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքն անպայման մասնակցելու է խորհրդաժողովին:
«Այս խորհրդաժողովը կարելի է համարել նախորդ հանդիպումների ամփոփում: Ամսի 5-ին կամփոփվեն տեղի ունեցած հանդիպումները, ինչպես նաև նոր ծրագրեր կկազմվեն: Համոզված եմ, որ զարկ կտրվի փետրվարյան շարժմանը: Մեր ժողովրդի համար փետրվար ամիսն ազատասիրություն է խորհրդանշել: Ես համոզված եմ, որ այս խորհրդաժողովով նոր լիցք է հաղորդվելու շարժմանը»,- ասաց Հարությունյանը: Վերջինիս բնորոշմամբ`համաժողովրդական շարժումը հաշվի է առել նախորդ բոլոր ընդդիմությունների սխալները և բացթողումները և դա նկատի ունենալով՝ մեկ քայլանոց մատերի չպետք է գնա:
«Հանրահավաքային պայքարը շատ կարևոր է, բայց պետք է նշեմ, որ ցանկացած հանրահավաք շախ է իշխանություններին և շախերը պետք է տալ ճիշտ ժամանակին: Պետք չէ այնպես անել, որ արդյունքը ոչ ոքի լինի: Քաղաքական դաշտում ոչ ոքին մեր ժողովրդին ձեռնտու չէ»,- նշեց Արամ Հարությունյանը`հավելելով. «Մենք տեսնում ենք, որ իշխանություները հիստերիայի մեջ են: Նրանք փորձում են պառակտում մտցնել համաժողովրդական շարժման մեջ: Մենք տեսնում ենք, որ իշխանությունները իրար հետևից սխալներ են թույլ տալիս, արտաքին քաղաքականության մեջ ամբողջությամբ ձախողված ենք»:
«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավարի բնորոշմամբ` մեր իշխանությունների քայլերը դատապարտված են ձախողման և ինչպես նշում է նա` ինքը չի զարմանա, որ վաղը Էրդողանն ու Սարգսյանը ֆեյսբուքում ընկերներ դառնան և իրար ստատուսներ լայքեն: