Դոլարի եւ եվրոյի փոխարժեքի կտրուկ բարձրացումն ազդել է նաեւ ավիատոմսերի շուկայի վրա: Որքան թանկացել է դոլարը, եվրոն, այնքան բարձրացել են ավիատոմսերի գները: Ավիատոմսերի վաճառքով զբաղվող մի շարք ընկերություններ ու զբոսաշրջային գործակալություններ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեցին, որ թանկացումներ եղել են բոլոր ուղղություններով: Նրանք միաժամանակ փոխանցեցին, որ եթե եվրոյի փոխարժեքը կրկին բարձրանա, ապա ավիատոմսերն ավելի կթանկանան, եւ ավիաընկերությունները կվերահաշվարկեն տոմսերի արժեքները:
Ավիատոմսերի գների թանկացման պատճառները պարզաբանելու համար «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց ավիատոմսեր վերավաճառող ընկերությունների հետ, որոնք մեզ փոխանցեցին, որ այս պահին, դեկտեմբեր ամսվա համեմատ, որոշ չվերթներ մոտ 2.000 դրամով նույնիսկ նվազել են: Բացի այս՝ ավիատոմսերի վաճառքով զբաղվող մարդիկ «Ժողովուրդ»-ին վստահեցրեցին, որ դեկտեմբերին ավիատոմսերի գների արձանագրված բարձրացումը կապված է եղել սեզոնայնության հետ, այսինքն՝ Ամանորին սովորաբար մեծ է լինում երկրից մեկնող եւ ժամանող մարդկանց թիվը:
«Ռիմա թրավել» տուրիստական եւ ավիատոմսերի վաճառքով զբաղվող գործակալության տնօրեն Ռիմա Խաչատրյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ավիատոմսերը ձեռք են բերվում հենց եվրոյով: «Մենք այն վերածում ենք դրամի, եւ ինքնըստինքյան տոմսը թանկանում է: Եթե դոլարը կամ եվրոն բարձրանում են, բնականաբար, ավիատոմսերի գներն էլ են բարձրանում: Հիմնականում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ավիատոմսերի բարձրացված գները գրեթե պահպանվել են հունվարի ընթացքում»,- լրացրեց ընկերության տնօրենը:
Ընկերությունից փոխանցեցին, որ Երեւան-Կրասնոդար չվերթը հոկտեմբեր-սեպտեմբեր ամիսների համեմատ մոտ 10 հազար դրամի չափով թանկացել է: Ավելին՝ այս օրերին նույնպես նշված չվերթի գները տատանվում են, օրինակ՝ այն հիմա արժի 77 հազար 474 դրամ, մինչդեռ նախօրեին այն կազմել է 79 հազար դրամ: Օրինակ՝ ավելի քան 20 հազար դրամով բարձրացել են ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա, Հարավային Ամերիկա տոմսերը:
Իսկ ահա դեպի Լոս Անջելես չվերթը 44-45 հազար դրամի չափով է թանկացել: Տվյալ պահին «Սիբիր-ավիա» ընկերությունը Երեւան-Մոսկվա չվերթի համար առաջարկում է 73 հազար 870 դրամ, իսկ նախօրեին այն կազմել է 76 հազար դրամ:
Ի դեպ, դեպի Երեւան-Կիեւ ավիատոմսերի արժեքի վրա տեւական ժամանակ է, ինչ ակցիաներ են գործում՝ հաշվի առնելով այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները: «Մենք նկատել ենք, որ մարդիկ խուսափում են Կիեւով չվերթներից, որքան էլ որ մատչելի է լինում, միեւնույն է՝ նրանք հրաժարվում են»,- նկատեց Ռիմա Խաչատրյանը:
Ընկերության տնօրենը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ ավիատոմսերի թանկացումն իր վատ ազդեցությունն է ունեցել նաեւ մեկնողների թվի վրա: Նրա խոսքով, բացի ավիատոմսերի թանկացումից, Հայաստանում թանկացել են նաեւ հյուրանոցների, հանգստյան տների գները: Նշենք, որ ավիաընկերություններ էլ կան, որոնք նույնիսկ հունվար ամսվա ընթացքում Երեւան-Մոսկվա չվերթի համար առաջարկել են ավելի քան 85 հազար դրամ:
Վերավաճառող ավիաընկերություններից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեկտեմբերին ավելի շատ վաճառվել են դեպի Ռուսաստանի Դաշնություն ավիատոմսերը: Սակայն անհասկանալի է, թե ինչու են ավիատոմսերը թանկացել այն դեպքում, երբ ողջ աշխարհում վառելիքի գինը նվազում է: Չէ որ սովորաբար ավիատոմսերի գների բարձրացումը հիմնականում պատճառաբանվում է վառելիքի բարձր գնի հետ է:
Բայց ավիաընկերություններն այն պատճառաբանում են դոլարի եւ եվրոյի փոխարժեքի բարձրացմամբ: Դոլարի բարձր փոխարժեքով ավիատոմսերի թանկացումը պայմանավորելը միանգամայն անհասկանալի է այն պատճառով, քանի որ դոլարն ի վերջո թանկացել է ոչ ավել, քան 10 տոկոսով: Եթե այս տվյալներով հաշվարկ անեինք, ապա ավիատոմսերի գները պետք է այդքան բարձրանային, այլ ոչ կրկնակի:
Այնուամենայնիվ, ավիատոմսերի չափազանց բարձ գինը, Հայաստանում առկա աղքատությունը, ստեղծված սոցիալական ծանր պայմանները մարդկանց ստիպում են հնարավորինս քիչ օգտվել ավիափոխադրումներից: Այսինքն՝ անհրաժեշտության դեպքում իրենց տեղափոխությունը նրանք հիմնականում կատարում են ցամաքային ճանապարհով:
Իսկ ցամաքային ճանապարհն էլ անկանխատեսելի է. Լարսի անցակետում օրերով սպասելը, բնակլիմայական պայմանների պատճառով փլուզման վտանգը մեծ խնդիր է առաջացնում մարդկանց համար: Եւ չնայած սրան՝ այն մնում է որպես հիմնական փոխադրամիջոց: Եւ որպես մատչելի տարբերակ մարդիկ ստիպված նախընտրում են ցամաքային ճանապարհը:
Ի դեպ, ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերություններին ավելի շատ մի խնդիր է մտահոգում. Երեւանից դեպի տվյալ ուղղությունը միշտ թանկ է, քան տվյալ ուղղությունից հետադարձը, որովհետեւ այստեղ առկա է օդի գումարը: Բացի այս՝ Հայաստանում, այնուամենայնիվ, ավիատոմսերը նորմայից ավելի թանկ են վաճառվում:
Թե ինչ ազդեցություն կթողնի ավիատոմսերի թանկացումը Հայաստանի տնտեսության վրա, այս պահին դժվար է կանխատեսել: Սակայն զբոսաշրջության ոլորտում մեծ խնդիրներ կառաջացնի:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ