Արագածոտնում մսի իրացման ծավալներն ավելացել են 5.8 % -ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր, որտեղ նա մասնակցել է գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստմանը նվիրված խորհրդակցությանը: Խորհրդակցությանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը, ՀՀ ԳՆ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը և այլ պաշտոնատար անձինք:

Նախարար Սերգո Կարապետյանն իր ելույթում նշել է, որ 2014 թվականին մարզի ագրարային ոլորտում գրանցվել են դրական տեղաշարժեր: Մասնավորապես, մարզում առկա 54149.9 հեկտար վարելահողերից 2014թ. օպերատիվ տվյալներով մշակվել է 37991 հեկտար: Նախորդ տարվա ընթացքում մարզում զգալի աճ է արձանագրվել նաև կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների ավելացման ուղղությամբ: Մսի իրացման ծավալները 2014 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ , ավելացել են 5.8 % -ով, կաթինը` 5.9 %-ով, ձվինը` 5.2 %-ով , որը հիմնականում պայմանավորված է մարզում իրականացվող պետական աջակցության ծրագրերի արդյունավետությամբ:

Նախարարն ընդգծել է, որ այսօր մանր գյուղացիական տնտեսությունների հզորացման միակ ճանապարհը միավորումների և կոոպերատիվների ստեղծումն է՝ այդ ենթատեքստում կարևորելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից և Համաշխարհային բանկի աջակցությամբ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի (CARMAC, 2011-2016 թթ.) իրականացումը:

«Մեր երկրի գյուղատնտեսության զարգացման միակ ուղին կոոպերատիվների զարգացումն է, և պետությունն օժանդակում է այս հարցում գյուղտեխնիկայի, խորհրդատվությունների և հնարավոր այլ միջոցներով : Շուտով մեկնարկելու է CARMAC 2 ծրագիրը, որը նույնպես կնպաստի գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացմանն ու ընդլայնմանը», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարը նաև հիշեցրել է, որ 2014 թվականին մարզի Արտաշավան համայնքում բացվել է անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն՝ ընդգծելով հետագայում այլ համայնքներում նմանատիպ կենտրոնների գործարկման անհրաժեշտությունը:

Նախարարը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում նույնպես հանրապետությունում կշարունակվեն պետական աջակցության ծրագրերը, և սերմացուն, պարարտանյութն ու վառելանյութը գյուղացիներին կտրամադրվեն նախորդ տարվա պայմաններով. դրանց գինն անկախ դոլար-դրամ հարաբերակցության փոփոխությունից կմնա անփոփոխ:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանն իր հերթին տեղեկացրել է, որ ի տարբերություն նախորդ տարիների, 2015 թվականին ՋՕԸ-երի առջև շատ սեղմ ժամկետներ են սահմանվել համակարգն արդեն իսկ մարտի 1-ին ոռոգման սեզոնին պատրաստելու համար: Նա հավելել է, որ ընթացիկ տարում մարզում նախատեսվում է գույքագրել բոլոր չշահագործվող խորքային հորերը` անհրաժեշտության դեպքում դրանք նույնպես աշխատունակ վիճակի բերելու և ջրի հավելյալ պաշարներ ապահովելու համար:

Խորհրդակցության ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով պարգևատրվեց Կարբի համայնքի ղեկավար Կարո Բաղդասարյանը, իսկ ոլորտի մի խումբ այլ ներկայացուցիչների հանձնվեցին շնորհակալագրեր:

Այցի ավարտին նախարարը հետևել է մարզի մի քանի համայնքների ներտնտեսական ցանցերի մաքրման և վերանորոգման աշխատանքների ընթացքին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս