ՀԱԿ ակտիվիստների՝ ՀՀ գլխավոր դատախազության մոտ երեկվա բողոքի ակցիան ավարտվեց դեպի Ազատության հրապարակ երթով:
Ի սկզբանե ոստիկանությունն արգելում էր, որպեսզի ակցիայի մասնակիցները մոտենան դատախազության շենքին: Սակայն ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի բանակցություններից հետո ցուցարարներն անցան փողոցն ու մոտեցան շենքին:
Ուշագրավն այն էր, որ բողոքի ակցիային մասնակցում էին ոչ միայն ՀԱԿ անդամներ, այլեւ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամներ, արվեստագետներ, հասարակական գործիչներ ու քաղաքացիներ:
ՀԱԿ ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը 5 կետից բաղկացած պահանջ ներկայացրեց իշխանություններին: Նիկոլ Փաշինյանը նշեց, թե 4 երիտասարդների տեղում կարող է հայտնվել մեզանից յուրաքանչյուրը: «Երբ մենք խոսում ենք 4 տղաների ազատության մասին, մեզանից յուրաքանչյուրի կեցվածքում սերժանտական իշխանությունը պետք է տեսնի, որ մենք չենք վախենում նստելուց: Այս դատավճիռն ուղղված է մեր դեմ: Դա Սերժ Սարգսյանի ուղերձն է, թե ինքը յուրաքանչյուրիս կարող է նստեցնել: Իսկ մեր ուղերձը պետք է լինի հետեւյալը. մենք պատրաստ ենք նստել»,-նշեց Փաշինյանը:
«Մեզ Ս. Սարգսյանն ուղարկում է այնտեղ, որտեղ ինքը պետք է լինի: Քանի դեռ Ս. Սարգսյանը եւ իր օլիգարխները, որոնք սպանդանոց են սարքել իրենց ռեստորանները, ազատության մեջ են, ՀՀ քաղաքացիները բանտում են»,-եզրափակեց պատգամավորը: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշեց, թե իշխանությունները հստակ ուղերձ են հղում՝ ասելով` չպայքարել, այլապես կպատժեն. «Իրենք չեն հասկանում, որ ավելի է ուժեղանում մեր շարժումը եւ ադեկվատ պատասխան է տալու այս տականքներին»: Այնուհետեւ ակցիայի մասնակիցներն ուղեւորվեցին Ազատության հրապարակ` ընթացքում վանկարկելով «Ազատություն Տիգրան Առաքելյանին, Սերժի՛կ, հեռացի՛ր»:
«Ժողովուրդ»-ը զրուցեց ՀԱԿ ակտիվիստ Արտակ Կարապետյանի հետ, որին դատապարտել են 3 տարվա ազատազրկման: «Սա միանշանակ քաղաքական պատվեր է, որովհետեւ օգոստոսի 9-ին տեղի ունեցածի հետ բացարձակ կապ չունի, ՀԱԿ ակտիվիստներն այսօր ակտիվ կերպով մասնակցում են գրեթե բոլոր միջոցառումներին, ինչի պատճառով էլ փորձում են նրանց լռեցնել: Ու քաղաքական պատվեր է նաեւ այն առումով, որ իշխանությունները նպատակ ունեն երիտասարդների մեջ այդ ամենը կոտրել, վախեցնել ու երիտասարդին կոչ են անում, որ փախչեն Հայաստանից, որպեսզի փրկվեն, այլ տարբերակ չեմ տեսնում»,-նշեց Արտակ Կարապետյանը:
ՓԱԽԻ՛ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ, ՈՐ ՓՐԿՎԵՍ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ