ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԱՌԵԼ ԵՆ
3 դեռահասներ, որոնք գնացել են Պոնուրա գետ՝ լողալու, փորձել են վառել իրենց ընկերոջը:  Դեռահասները ստիպել են տղային հանել շապիկը, հետո այն թրջել են բենզինով եւ հագցրել  նրան, որից հետո վառել են շապիկը: Վառվող հագուստով տղան թռել է գետը եւ կենդանի մնացել: Վախենալով տեղի ունեցածից` դեռահասները օգնության են հասել իրենց ընկերոջը եւ նրան հիվանդանոց տեղափոխել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

ՆԵՐԽՈՒԺԵԼ Է
Փենսիլվանիա նահանգում արջը, չկարողանալով կողմնորոշվել տարածության մեջ, ներխուժել է առեւտրի կենտրոն: Հաճախորդներին անմիջապես տարհանել են: Կենդանուն ներարկմամբ քնեցրել են, ապա դուրս բերել խանութի տարածքից: Հայտնի չէ, թե որտեղից է հայտնվել արջը: Հնարավոր է, որ կենդանին որեւէ գիտական ծրագրի մասնակից է, քանի որ վրան եղել է վզնոց, որը թույլատրում է հետեւել նրա տեղաշարժին:

ԽԵԼԱՑԻ ԱՂԲԱՄԱՆ
Ճապոնացի մի երիտասարդ ստեղծել է «խելացի» աղբաման, որը կարողանում է աղբն օդից որսալ: Երիտասարդի խոսքերով՝ նա ստեղծել է ապագայի աղբաման, որն ունակ է «տեսնել», թե որտեղից է «գալիս» աղբը եւ ուր է ընկնելու՝ հասցնելով բռնել այն: Սարքը պատրաստելու համար տղայից պահանջվել է անիվներով կլոր տախտակ, դրան ամրացված աղբաման, տեսախցիկ՝ շրջակայքն ուսումնասիրելու համար, ինչպես նաեւ հատուկ գրված ծրագիր, որը հնարավորություն է տալիս հետեւել թռչող աղբի ուղղությանը եւ աղբամանն այն կողմ ուղղել, որտեղ ընկնելու է «թիրախը»:

ՄԱՀԱՑԵԼ Է
Վաթսունմեկ տարեկան հասակում ԱՄՆ Սան Դիեգո քաղաքում մահացել է առաջին ամերիկուհի տիեզերագնաց Սալի Ռայդը: Իր առաջին թռիչքը տիեզերք Ռայդն իրականացրել է 1983-ին` Challenger տիեզերանավով: Նա պատմության մեջ երրորդ կինն է, որը եղել է տիեզերքում: Ընդհանուր առմամբ` նա այնտեղ անցկացրել է ավելի քան 343 ժամ: Սալի Ռայդը նաեւ տիեզերքի մասին տասնյակ գրքերի հեղինակ է:

ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԴԻԵՐ
Սվերդլովսկի նահանգում՝ Եկատերինբուրգից ոչ հեռու՝ անտառում, հայտնաբերվել են տակառների մեջ պահված 50 նորածինների դիեր: Դիակները հայտնաբերել են անտառում սունկ հավաքող մարդիկ: Նորածինների ձեռքերին եղել են ժապավեններ, որոնց վրա գրված է եղել նրանց ծնողների անուն-ազգանունը: Իրավապահներն այդ ազգանունների միջոցով փորձում են գտնել երեխաների ծնողներին: Դիակները եղել են հատուկ լուծույթում, ինչի շնորհիվ վայրի կենդանիները չեն մոտեցել դրանց:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս