Դաշտում երաժշտական «համարձակության» պակաս կա. Սերժ Գաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռեժիսոր, երաժշտական պրոդյուսեր Սերժ Գաբյանը մտադիր է Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմ նկարահանել: Նա նպատակ ունի ներգրավել հոլիվուդյան հանրահայտ դերասանների եւ ֆիլմը ներկայացնել տարբեր երկրներում:

Ռեժիսորը «Ժողովուրդ»-ին պատմել է իր ստեղծագործական պլանների մասին, անդրադարձել է հայ աստղերի հետ աշխատելու առավելություններին եւ թերություններին, նրանց գործելաոճում առկա ընդհանուր միտումներին:

-Սե՛րժ, քչերը գիտեն, որ բացի հայտնիների համար տեսահոլովակներ նկարահանելուց՝ ստեղծել եք, օրինակ, հանրահայտ «Դաֆթ Փանք» խմբի «Տրոն» ֆիլմի երաժշտության ռեմիքսը, արժանացել եք մրցանակի «Դիսնեյ Ռեքորդս»-ի կողմից: Այժմ ունե՞ք նման մեծամասշտաբ նախագծեր, որոնց մասին կցանկանաք պատմել:

-Հայաստանում նման նորությունները շատ չեն մեկնաբանվում, քանի որ նշված երաժշտության ժանրը, մեղմ ասած, այդքան էլ տարածում չունի մեզ մոտ: Տրանս երաժշտության սիրահարները քիչ են, ուստի այդ ժանրի նորությունները մեծ մասին չեն հետաքրքրում: Ավելին՝ այդ ժանրերում կան հաջողված հայ երաժիշտներ, որոնց մասին տեղեկությունը կորչում է կոմերցիոն նյութերի «հեղեղի» մեջ:

Այժմ ունեմ բավականին մեծ, մասշտաբային նախագծեր: Ստեղծվում են երկու տեսահոլովակներ՝ միջազգային փառատոնների մասնակցության ամբիցիաներով, դրանք շուտով կհանձնենք հանդիսատեսի դատին: Առաջին տեսահոլովակը կներկայացվի Կոմիտասի «Դլե Յաման»-ի, երկրորդը՝ «Կռունկ»-ի հիման վրա:

-Հայ աստղերի հետ տարիներ շարունակ աշխատելով՝ ի՞նչ հուսադրող եւ ի՞նչ մտահոգիչ ընդհանուր միտում եք նկատել:

-Առհասարակ, տարված աշխատանքի շրջանակում կա տեխնիկական բարելավվում, արդեն արվում են առավել որակյալ գործիքավորումներ: Բայց առկա է ժանրային եւ ոճային լճացում, որն առաջ է բերում իրարից չտարբերվող փոփ գործեր: Կարծում եմ՝ դաշտում կա «երաժշտական համարձակության» եւ տաղանդի սուր դրսեւորման պակաս:

Մերոնք պետք է աշխատեն հանդես գալ յուրօրինակ կերպով, որպեսզի դաշտից դուրս գան անհատներ, որոնցով կհետաքրքրվեն արտերկրի շուկաները: Դա կենսապես անհրաժեշտ է մեզ պես փոքր շուկա ունեցող երկրին: Ուրախությամբ եմ հետեւում Արամ MP3-ի քայլերին: Նա ունի արտերկրի շուկաները գրավելու բոլոր նախադրյալները:

-Աշխատել եք նաեւ արտերկրի արտիստների հետ: Գիտենք, որ առիթ եք ունեցել համագործակցելու, օրինակ, Աննա Սեմենովիչի հետ եւ հիացած էիք նրանով… Արդյոք հայ աստղերին չի՞ պակասում արտիստին բնորոշ այդ տեխնիկան, վարպետությունը. այն որտե՞ղ կարելի է սովորել:

-Ասել, թե հիացած էի Սեմենովիչով, գուցե, չափազանցված հնչի, սակայն այն, որ նա իր գործի վարպետն էր, դա անժխտելի է: Ի դեպ, նա մասնագիտացած է ոչ այնքան երգի, որքան՝ դրա մատուցման, շոուի մեջ: Կարծում եմ՝ դա այն տաղանդն է, որն անհնար է ձեռք բերել. այն կա՛մ կա, կա՛մ ոչ: Իհարկե, աշխատասիրությունը կարող է բերել ավելի մեծ հաջողություններ: Հայ երգիչներին այս առումով խորհուրդ կտամ կա՛մ չերգել, եթե կարող են ուրիշ բան անել, ավելի լավ, կա՛մ էլ, եթե դա իրենց ընտրած գործն է, լինեն այնպիսի արտիստ, որին իրենք էլ անձամբ կերկրպագեին:

serj gabyan2

-Անդրադառնանք Ձեր ծրագրերին: Նշել եք, որ ցանկություն ունեք Ձեր ուժերը փորձել նաեւ կինոյում: Կպատմե՞ք այն «Էքշն» կատակերգության մասին, որը նախատեսում եք ներկայացնել համաշխարհային շուկայում:

-Այո՛, «Հանուն Հոր եւ Որդու» ֆիլմը կնկարահանվի անգլերենով, դրա վրա կսկսեմ աշխատել այս տարվա ավարտին: Իսկ ներկա պահին ընթանում են բանակցություններ մեկ այլ ֆիլմի շուրջ, որի նկարահանումները, ամենայն հավանականությամբ, կմեկնարկեն մարտի վերջին:

Այն Հայոց ցեղասպանության թեմայով անգլերեն լիամետրաժ ֆիլմ է՝ կրկին համաշխարհային շուկայի համար: Գերխնդիր է այն թողարկել հնարավորինս շատ երկրներում: Ցեղասպանության թեման համամարդկային է, այդ հանցագործությունը մոլորակի եւ մարդ տեսակի հանդեպ երբեւէ չպետք է կրկնվի, իսկ այժմ կատարվում է հակառակը: Մի փոքր բացելով փակագծերը՝ նշեմ, որ գերխնդիր է նաեւ ֆիլմում ընդգրկել հոլիվուդյան հանրահայտ աստղերի: Կինոնկարի շուրջ բազում մասնագետներ են հավաքված աշխարհի տարբեր երկրներից: Նպատակ ունեմ իմ եւ իմ ազգի կողմից աշխարհի հանդիսատեսին հասցնել մեզ համար շատ կարեւոր ուղերձը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս