ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ «Civil voice» ՀԿ-ի

Երեկ հարյուրավոր բնակիչներ իրենց բողոքն են արտահայտել Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տնօրինությանը՝ պահանջելով վերականգնել նախօրեին անօրինական կերպով աշխատանքից ազատված մեկ տասնյակից ավել աշխատակիցներին, վճարել իրենց աշխատավարձը, բարելավել աշխատանքային պայմանները: Սակայն ցույցի ընթացքում ԼՀԿ տնօրեն Մարտիկ Հակոբյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի եղբայրը, կոպիտ վերաբերմունք ցուցաբերելով՝ խոչընդոտել է քաղաքացիների ահազանգով դեպքի վայր մեկնած «Civil voice» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների ու լրագրողների աշխատանքը: Ավելացնենք նաեւ, որ Ախթալայի ԼՀԿ կոմբինատի աշխատակիցներն արդեն մի քանի օր է` բողոքում են անօրինական գործելաոճի դեմ՝ անօրինական կերպով բազմաթիվ քաղաքացիների աշխատանքից ազատելու համար:

 

 

 

 

ՀԱՐՑ. Մենք՝ թոշակառուներս, օգտագործում ենք տարիքն առած տղամարդկանց համար նախատեսված «Տամսուլոզին», «Տամսուլ», «Տուլոզին» եւ «Օմնիկ» դեղերը: Խնդրում եմ պարզաբանեք՝ ինչո՞ւ են վերջին մեկ տարվա ընթացքում թանկացել այս դեղերը:

Ա. Ավագյան (77 տարեկան, թոշակառու եւ մի շարք թոշակառուներ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ Կառավարության՝ 2006թ. նոյեմբերի 23-ի «անվճար կամ արտոնյալ պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների միջոցով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի եւ հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» N 1717-Ն որոշման 2-րդ կետի համաձայն՝ անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերը հատկացվում են ՀՀ առողջապահության նախարարի 2005թ. հունվարի 27-ի N 74-Ն հրամանի N 1 հավելվածով հաստատված կարգով: Ըստ կարգի 2-րդ կետի՝ անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերին եւ հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդներին դեղերով ապահովումն իրականացվում է դեղերի ձեռք բերման բոլոր աղբյուրների հաշվին, ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների, մասնագիտացված հիվանդանոցների եւ դիսպանսերների միջոցով՝ համապատասխան մասնագետի նշանակմամբ: Սոցիալական կարգավիճակ ունենալու դեպքում, ելնելով հիվանդությունից, եթե հիվանդին բժշկի ցուցումով նշանակվել է «Հիմնական դեղերի ցանկ»-ում չընդգրկված դեղ, ապա ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության տնօրենի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, որի եզրակացության հիման վրա հիվանդի համար դուրս է գրվում դեղ ՀՀ առողջապահության նախարարի՝ 2014թ. ապրիլի 4-ի N 10 Ն հրամանով հաստատված «ՀՀ-ում գրանցված դեղերի գրանցամատյանի ցանկից»:
շարունակելի…

ՀՀ առողջապահության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տարվա սկզբին դեղորայքի շուկայում, ըստ պաշտոնական տեղեկատվության, արձանագրվել է 8-9% գնաճ: Հայաստանում սպառվող դեղորայքի 90 տոկոսը ներմուծվում է արտերկրից: Սակայն դրոշմապիտակավորման պահանջով հարուցված անհիմն խոչընդոտների պատճառով շատ արտասահմանյան կազմակերպություններ կարող են ուղղակիորեն լքել հայաստանյան շուկան, իսկ տեղական ընկերություններն էլ կարող են դադարեցնել իրենց գործունեությունը, բիզնեսը պատշաճ կերպով վարելու անհնարինության պատճառով: Դա էլ կարող է պատճառ հանդիսանալ անորակ դեղերի ավելացման եւ թանկացման համար:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Հոծ գիծը խախտելու պատճառով 5.000 դրամ տուգանք է սահմանվել: Սակայն ծանուցումը ստանալուց հետո տուգանքը չեմ վճարել, եւ նամակն էլ կորցրել եմ: Կցանկանայի տեղեկանալ՝ այս դեպքում ի՞նչ է սպասվում ինձ, եւ ո՞ւմ կարող եմ դիմել:

Մանվել Գեղամյան (29 տարեկան, վիրաբույժ )

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան քաղաքացու կողմից ուղղված հարցման՝ տեղեկացնում ենք, որ պետք է դիմել ՀՀ ճանապարհային ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել իրավախախտումների որոշումները եւ դրանց ստանալու ամսաթվերը: Հետագա գործողությունները՝ ըստ պատասխանի:

«Աքիլես» վարորդների իրավունքների պաշտպանության գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2015թ. հունվարի 9-ից ուժի մեջ է մտել «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով առաջարկվում է 2012 թ. հունվարի 1-ից մինչեւ 2015 թ. հունվարի 9-ը վերոնշյալ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետում նշված հոդվածներով նախատեսված իրավախախտում կատարած պարտապաններին մինչեւ 2015 թ. հուլիսի 9-ը վճարել վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը կամ ներկայացնել այն վճարված լինելու ապացույց՝ ազատվելով տուգանքի չափի ավելացած մասը եւ կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից: Իհարկե, տուգանքների մասին այս նոր օրենքը որոշ չափով նվազեցնում է, սակայն չի ազատում քաղաքացիներին ավելորդ գլխացավանքներից:




Լրահոս