Խնայբանկում կորցրած ավանդները գրեթե չեն փոխհատուցվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման գործընթացը Հայաստանում շարունակվում է: Սակայն այն չի գոհացնում քաղաքացիներին: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը գրեթե ամեն օր ահազանգ, դիմում-բողոքներ է ստանում:

Այս տարի ՀՀ Կառավարությունը հաստատեց նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց սոցիալապես խոցելի ավանդատուներին օգնության տրամադրման ծրագրերի շարունակականությունը: Այսպիսով՝ այս տարի 7000-ից ավել անձինք կստանան իրենց ավանդները: Ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումն առաջին հերթին կլինի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքներին:

Տեղեկացնենք, որ 2006 թվականից՝ ԽՍՀՄ Խնայբանկում ներդրած ավանդների փոխհատուցման ծրագրի մեկնարկից մինչ այժմ տարբեր սոցիալական խմբերից մոտ 66 հազար մարդ ավանդների փոխհատուցում է ստացել: Փոխհատուցման ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 11 միլիարդ դրամ: Ի դեպ, ավանդների փոխհատուցման առաջին մեծ ծրագիրը մեկնարկել է 2006 թվականի ապրիլի 12-ին, դրանում ընդգրկված են եղել 2005 թվականի հուլիսից մինչեւ 2006թ.-ի ապրիլ մշտական նպաստ ստացող անձինք, որոնց թիվը կազմում է շուրջ 59 հազար:

Երկրորդ մեծ ծրագիրը սկսվել է 2013 թվականի դեկտեմբերից, որում ընդգրկված են եղել մինչեւ 1924 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված, «Փարոս» համակարգում հաշվառված սոցիալապես անապահով անձինք: Ծրագրի այս փուլում ավանդների փոխհատուցում են ստացել նաեւ հաշմանդամ ազատամարտիկները:
Արդեն մի քանի տարի է, ինչ գրեթե աննկատ կերպով Հայաստանում շարունակվում է խորհրդային Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում կորած ավանդների փոխհատուցման գործընթացը: Ամեն տարի չնչին թվով մարդիկ չնչին չափով փոխհատուցում են ստանում Խնայբանկում կորցրած ավանդների դիմաց:

Գործընթացը, իհարկե, գոհացնող չէ, որովհետեւ այստեղ մեծ անհամամասնություն կա. գրեթե բոլորը Խնայբանկում ունեցել են ավանդներ, իսկ այն սոցիալական խմբերը, որոնց տրամադրվում է փոխհատուցումը, չափազանց սահմանափակ են: Բացի այս՝ այնպիսի պայմաններ են ստեղծվել, որ մարդը համարյա թե զրկվում է այդ ավանդը ստանալու հնարավորությունից եւ ոչ մի կատեգորիայի մեջ չի տեղավորվում:
Գաղտնիք չէ, որ մեր հանրապետությունը մշտապես ֆինանսների խնդիր ունի:

Գուցե՞ հենց փողի բացակայությունն է պատճառը, որն իշխանությանը ստիպում է խորհրդանշական կերպով կազմակերպել ավանդների փոխհատուցման գործընթացը: Չէ որ մինչեւ հասնում է փոխհատուցումը տալու ժամանակը, շատերը պարզապես այլեւս կենդանի չեն լինում: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ի խմբագրությունը հարյուրավոր նամակներ, ահազանգեր է ստանում: Սակայն քաղաքացիներին ավելի շատ զայրացնում են օրենքի բացերը:

Օրինակ՝ «Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացիներից մեկը՝ 80-ամյա Սերյոժա Սարդարյանը, խորհրդային տարիներին գործող Խնայբանկում ավանդ է ներդրել: Նա այժմ տառապում է սիրտ-անոթային հիվանդությամբ: Քաղաքացի Սարդարյանը հետաքրքրվում է՝ կարող է արդյո՞ք ավանդը ձեւակերպել թոռնիկի կամ կնոջ անունով: Սակայն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից «Ժողովուրդ»-ին այս խնդրի շուրջ տեղեկացրին, որ ավանդատուի փոխհատուցում ստանալու պահանջի իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, այն չի կարող անցնել այլ անձի, լինել գրավի առարկա, մտնել ժառանգության զանգվածի մեջ: Ստացվում է, որ հավանականությունը, թե քաղաքացին այնքան կապրի, որ իր հասանելիքը կարողանա ստանալ, փոքր է: Իսկ խնդրահարույց օրենքը հարցի որեւէ լուծում չի առաջարկում:

«Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացիների կարծիքով հակամարդկային մեխանիզմ է մտածված, որի արդյունքում տուժում են միայն իրենք: Եւս մեկ օրինակ՝ երբ մարդը մահանում է, ապա նրա ունեցած ավանդի ընդամենը 50 տոկոսը կարող է ստանալ միայն նրա ամուսինը կամ կինը: Սակայն ամենակարեւորն այստեղ շատ նրբորեն շրջանցվել է. այն է՝ ժառանգներն ավանդը ստանալու հնարավորություն չունեն, այսինքն՝ եթե ամուսիններից եւ ոչ ոք կենդանի չէ, ապա գումարն անվերադարձ կորչում է:

Թեեւ գործող իշխանությունը մշտապես բարձրաձայնում է ավանդների փոխհատուցմանը տրամադրվող միջոցների ծավալների մեծացման անհրաժեշտության մասին, սակայն, ինչպես միշտ, տարեվերջին Կառավարությունը կանգնում է խնդրի առաջ, եւ այդ նպատակին ուղղելու համար պետբյուջեում մշտապես գումար չի լինում:
Ի դեպ, նշենք, որ 2014 թվականի հունվար-դեկտեմբերին արձանագրվել է մահացության 27.872 դեպք: Եթե հաշվենք, որ այդ 27.872 դեպքերի մեծ մասը պոտենցիալ ավանդատուներ են, պարզ կդառնա, որ փոշիացել, կորչել է ավանդատուներին պատկանող զգալի գումար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս