Քրեական խմբավորումների պատերազմից ամենաշատը կտուժի Սերժ Սարգսյանը. Երրորդմասցի Լյովիկի սպանության արյունալի հետևանքներն անխուսափելի են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտակայքում մարտի 4-ին հնչած կրակոցների գործը որևէ կերպ ազգային անվտանգությունը չի կարող վտանգել: Այս համոզմանն է Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը: Վերջինս Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ գործի քննությունն ԱԱԾ-ին հանձնելը նպատակ է ունեցել կանխել ավելորդ միջնորդությունները գործի քննությանը:

«Չեմ կարծում, որ դա կապ ունի ազգային անվտանգության հետ: Պարզապես ԱԱԾ-ն ավելի փակ կառույց է: Այնտեղ ավելի քան խստագույնս հսկվում է, որպեսզի դրսից միջնորդություններ չլինեն: Հետագայում էլ ինչ-որ հրամայվեց, դա էլ կարվի: Իսկ մեր հանրապետությունում միայն մի հոգի է հրամայում, հրամայող երկրորդը չկա»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ գործն ԱԱԾ-ում շատ ավելի հանգամանալից կքննվի:

Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ դեպքից հետո արյունահեղությունն անխուսափելի է: «Վենդետա, կարծում եմ, կլինի: Մյուս կողմը չի կարող կատարվածը մոռանալ: Արյունահեղությունն անխուսափելի է»,- ասաց ԱԱԾ նախկին աշխատակից Գ. Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում նկատել էր, որ բնական հարց է ծագում՝ ինչպես կարող է քրեական հեղինակության սպանությունը սպառնալ Հայաստանի անվտանգությանը, որ այդ գործի նախաքննությունը հանձնարարվել է ԱԱԾ-ին: Իրականում այդ դեպքը պետության անվտանգությանը ոչ մի կերպ չի սպառնում, բայց Սերժ Սարգսյանի և նրա ղեկավարած ՀՀԿ-ի իշխանությանը կարող է սպառնալ:

Եթե իշխանությունները չկարողանան հայտնաբերել իրենց հովանավորյալ քրեական հեղինակության սպանողին և իրավիճակը թողնեն ինքնահոսի, ապա քրեական Երրորդմասցի Լյովիկի կողմնակիցներն էլ իրենց հերթին կարող են հակահարված հասցնել տեղի ունեցածի, իրենց կարծիքով, մեղավորներին:

Արդյունքում կարող է սկսվել քրեական խմբավորումների պատերազմ, ինչի հետևանքով էապես կարող է թուլանալ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշխանության հենարանը: Այսինքն՝ ՀՀ իշխանություններն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի բացահայտեն Երրորդմասցի Լյովիկի սպանությունը և այսքանով կանգնեցնեն քրեական աշխարհի ներկայացուցիչների միջեւ սկսված պատերազմը: Հակառակ դեպքում հետևանքները կարող են անկանխատեսելի լինել:




Լրահոս