ՎՏԲ բանկի հայտարարությունը` մասնաճյուղի դեմ իրականցված հարձակման մասին. ատրճանակը եղել է խաղալիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ցերեկը ՎՏԲ-Հայաստան Բանկի «Էջմիածին» մասնաճյուղի վրա տեղի է ունեցել հարձակում:

Բանկը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է. «Տղամարդը ներխուժել է բանկ ու գումար պահանջել աշխատակիցներից: Նրան հաջողվել է վնասազերծել: Տուժածներ չկան: Նախաքննությունը վարում է ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժինը: Բանկի մասնաճյուղի աշխատանքը վերականգնված է»:

Նշենք, որ ոստիկանությունը կատարվածի վերաբերյալ հայտնում է, որ ժամը 12.05–ին, Էջմիածին քաղաքում գտնվող բանկերից մեկի մասնաճյուղի պահպանություն իրականացնող ոստիկանից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ վայրկյաններ առաջ ատրճանակով զինված մի քաղաքացի զենքի սպառնալիքով փորձել է բանկի աշխատակցուհիներից մեկից գումար հափշտակել:
Հաշված րոպեներ անց ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խմբերն արդեն դեպքի վայրում էին:

Զինված քաղաքացին ոստիկանության ՊՊԳ վարչության ծառայողի և բանկի աշխատակիցների համատեղ ջանքերով արդեն վնասազերծված էր:

Տեղում անմիջապես առգրավվեց արդեն իսկ ջարդված ատրճանակը, որն ընդամենը խաղալիք էր: Իսկ կասկածյալ` Էջմիածին քաղաքի բնակիչ, 1977 թվականին ծնված Աշոտ Հ.-ն ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ խոստովանեց մեղքը:

Աշոտ Հ.-ն ձերբակալված է:
Քննությունը շարունակվում է:




Լրահոս