Օրեր առաջ ավարտվել են Համազգային պետական թատրոնի պատմության մեջ ամենամեծ հյուրախաղերը ԱՄՆ-ում եւ Կանադայում: Համազգայինի ներկայացրած «Շխոնց Միհրան», «44 աստիճանի վրա», «Փրկության կղզի» եւ «Ամենալավ տունը» ներկայացումներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում: Թատրոնի այս տարվա հյուրախաղերի առանցքում, սակայն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Շխոնց Միհրան» ներկայացումն է եղել` Մեծ Եղեռնը վերապրած ընտանիքի մասին հուզիչ պատմությամբ: Համազգային պետական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ սփյուռքի հանդիսատեսի առջեւ հանդես գալը յուրահատուկ քննությունն է եղել թատրոնի համար, քանի որ դերասանները հիմնականում սովոր են ներկայանալ հայաստանյան, երեւանյան հանդիսատեսին: Սրանք սփյուռքի հանդիսատեսի համար անցկացվող արդեն երկրորդ հյուրախաղերն էին, եւ այս անգամ հնարավոր է եղել «մինչեւ վերջ շահել հայրենակիցների սրտերը», որոնց շրջանում եղել են ԱՄՆ-ում եւ Կանադայում գործող բարձրաստիճան անձինք:
Տնօրենը նաեւ տեղեկացրեց, որ թատերախումբը այցելություններ է ունեցել հայկական դպրոցներ, մշակութային կենտրոններ, ծանոթացել է սփյուռքի հայկական մարմինների հետ: Մեր այն հարցին, թե որքանով էին սփյուռքահայ դպրոցականները ծանոթ Հայոց ցեղասպանության թեմային, Վարդան Մկրտչյանը պատասխանեց. «Սփյուռքում հայապահպանությունը սկսվում է հենց դպրոցներից: Դպրոցականները շատ լավ գիտեին հայոց պատմությունը: Մենք Տորոնտոյում այցելեցինք հայկական մի վարժարան, եւ մեզ համար երրորդ դասարանի աշակերտները պատրաստել էին ներկայացում` Վարդանանց եւ Բարեկենդանի տոների վերաբերյալ: Մի ուրախացուցիչ հանգամանք եւս. երբ Մոնրեալում էինք, նկատեցինք, որ տարբեր տարիքային խմբերին պատկանող հայ դպրոցականներ միմյանց հետ խոսում էին հայերեն»-պատմեց Վ. Մկրտչյանը:
Նշենք, որ հյուրախաղերն իրականացվել են Համազգային հայ կրթական եւ մշակութային միության նախաձեռնությամբ:
Աննա Բաբաջանյան