Հայաստանը քաջ գիտակցում է Ադրբեջանի արկածախնդիր քաղաքականության ծանր հետևանքները. Սերժ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովում իր ելույթի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը.

«Ակնհայտ է մի բան. այսօրվա աշխարհի կայունության ու բնականոն զարգացման գրավականը խաղաղ գոյակցությունն ու հանդուրժողականությունն են: Հենց այս սկզբունքով ենք առաջնորդվում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում՝ թույլ չտալով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և սադրիչ գործողությունների պատճառով խաղաղ բանակցությունների ձախողումը: Ի տարբերություն Ադրբեջանի իշխանությունների, որոնք իրենց սադրիչ գործողություններով վտանգում են ոչ միայն սեփական պետության, այլև տարածաշրջանի անվտանգությունը, Հայաստանը քաջ գիտակցում է այդ արկածախնդիր քաղաքականության ծանր հետևանքները: Հետևաբար, զսպելով ադրբեջանական ռազմական սադրանքները, մենք փորձում ենք կանխել նոր հակամարտության բռնկումը, ինչը լրջորեն կխաթարի առանց այն էլ անկայուն իրավիճակը մեր ողջ տարածաշրջանում:

Մենք թշնամություն և ատելություն չենք սերմանում մեր ժողովրդի մեջ, ինչը Ադրբեջանի իշխանությունների՝ տարիներ շարունակ տարվող քաղաքականության անքակտելի բաղկացուցիչն է: Ի տարբերություն Ադրբեջանի նախագահի, ով հայտարարում է, որ հայ ժողովուրդը Ադրբեջանի թիվ մեկ թշնամին է, ես կրկին բարձրաձայնում եմ, որ հայ ժողովուրդը թշնամի ժողովուրդ չունի:

Ադրբեջանի կողմից տասնյակ տարիներ շարունակ տարվող հակահայ քաղաքականությունն ու պատմական արդարությունը վերականգնելու վճռականությունն էին, որ վերջնականապես մղեցին ԼՂ ժողովրդին իրացնելու ինքնորոշման իրենց անքակտելի իրավունքը՝ սեփական հողի վրա սեփական հայրենիք կառուցելու իրավունքը: Ադրբեջանի սպառնալիքներից և սադրանքներից անկախ՝ պատմության անիվն այսօր անհնարին է հետ շրջել. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այլևս կայացած իրողություն է, իսկ նրա ժողովրդի ազատատենչ ոգին անհնարին է կոտրել: Դրանում համոզվելու համար կոչ եմ անում ձեզ այցելել Լեռնային Ղարաբաղ՝ տեղում ծանոթանալու Արցախի պետականաշինությանը և օբյեկտիվ իրականությունը ներկայացնելու ձեր հասարակություններին:

Խնդրի կարգավորման ՀՀ մոտեցումը մնում է անփոփոխ. այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, խաղաղ բանակցությունների միջոցով՝ Հելսինկիի եզրափակիչ ակտի՝ համանախագահների առաջարկած հայտնի երեք սկզբունքների հիման վրա: Ադրբեջանի ջանքերը՝ փոխել Մինսկի խմբի ձևաչափը, փորձել ՀՀ և ԼՂ հետ խոսել ուժի, սադրանքների կամ շանտաժի դիրքերից, չեն հանգեցնի խնդրի լուծմանը: Սա միանշանակ է:

Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2015 թվականի հունվարի 27-ին Կրակովում հայտարարություն արեցին, որում կոչ էր արվում Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իր հանձնառություններին: Վստահ եմ, որ զսպվածության պահպանմանն ուղղված թիրախային ուղերձների շարունակականությունը որոշակի զգոնություն կառաջացնի դրանց իրական հասցեատիրոջ մոտ:

Հարգելի՛ ներկաներ,

Թեև ցեղասպանության ճանաչումն ու ԼՂ հիմնահարցի հանգուցալուծումը կենսական խնդիրներ են մեզ համար, մեր օրակարգը, բնականաբար, շատ ավելի լայն է»:




Լրահոս