«Հայ կնոջը պակասում է ինքնավստահությունը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանանց նվիրված միամսյակում «Ժողովուրդը»-ը շարունակում է կանացի թեմաների քննարկումը: Հայտնի է, որ կնոջ գեղեցկության գաղտնիքներից մեկը ինքնատիպ ոճ ձեւավորելու կարողությունն է: Այս առումով ի՞նչն է հայ կնոջն առանձնացնում աշխարհի մյուս ազգերի կանանցից, որքանո՞վ է նա հետեւում նորաձեւության միտումներին, եւ ի՞նչն է նրան պակասում:

Ոճաբան Արայիկ Գաբաջյանը մեզ հետ զրույցում նախ նկատեց, որ այսօր հայ կինն արդեն կարողանում է ձեւավորել յուրահատուկ ոճ, շատ հայ կանայք ակտիվորեն հետեւում են նորաձեւության զարգացումներին, սակայն առայժմ նրանց պակասում է ինքնավստահությունը: «Բայց սա ժամանակի ընթացքում լուծվելիք խնդիր է: Հայ կինը, սրանով հանդերձ, ինձ համար մնում է որպես ոգեշնչման աղբյուր»,-նշեց ոճաբանը:
Նրա կարծիքով հայ կնոջ ինքնավստահությունը մեծապես կախված է հայ տղամարդուց, որի կողմից իր կնոջ խրախուսման դեպքում այն, միանշանակ, արտահայտվում է:
Անդրադառնալով որոշ հայ կանանց այն պնդումներին, թե նորաձեւության միտումներին հետեւելու համար ֆինանսական ապահովվածությունը պարտադիր պայման է, ոճաբանը հակադարձեց.

«Նորաձեւ լինելու համար ամենեւին էլ մեծ գումարներ անհրաժեշտ չեն: Մեր երկրում արդեն կան շատ խանութներ, որտեղից կարելի է մատչելի գնով հագուստ ձեռք բերել: Կարելի է նաեւ ոչ նորաձեւ հագուստը ձեւափոխել` ստանալով նոր ու հետաքրքիր մի բան, ինչը ֆինանսների հետ կապ չունի, պետք է պարզապես ճաշակի զգացողությունը զարգացնել»:

Խոսելով հայ կնոջ կերպարի մասին` Արայիկ Գաբաջյանն ընդգծեց, որ այն աշխարհի մյուս բոլոր ազգերի կանանցից տարբերվում է իր բնական գեղեցկությամբ, համեստությամբ ու նրբաճաշակությամբ. «Հայ կինն աչքի է ընկնում նուրբ գույների ընտրությամբ, չի սիրում վուլգար ու աչքի զարնող բացվածքներ ու ձեւվածքներ: Թեպետ վերջին տարիների կտրվածքով ինչ-որ բաներ փոխվել են, սակայն հայ կինը շարունակում է պահպանել կնոջ իր տեսակը»,-ընդգծեց ոճաբանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս