Ի՞նչ չի կարելի կրել և համադրել գարնանը՝ ըստ ոճաբանի. սեզոնի հակաթրենդները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գարնան առաջին օրերն իրենց հետ հասցրին բերել վառ տրամադրություն եւ ներքին ջերմություն, որն արտացոլվում է նաեւ մարդկանց արտաքինում: «Ժողովուրդ»-ն արդեն գրել է գարնանային նորաձեւության այս տարվա միտումների մասին, այժմ էլ ներկայացնում ենք, թե սեփական ոճի կերտման եւ համադրությունների դիմելու հարցերում սեզոնին ինչ տարածված սխալներ կան, որոնցից անհրաժեշտ է խուսափել: Ոճաբան Դիանա Շատվերյանը մեզ հետ զրույցում անդրադարձել է այն հակաթրենդներին, որոնք կարող են «փչացնել» գարնանային լուքերը:

Նրա խոսքով՝ հիմա տարբեր ոճերի միքսման միտումը բավական լայն տարածում ունի, եւ այս պարագայում, բարեբախտաբար, սխալվելն այնքան էլ հեշտ չէ: Աղջիկները հնարավորություն ունեն սպորտային հագուստը համադրել բարձրակրունկների հետ, տղաները՝ դասական կոստյումը կեդերի հետ: «Պարզապես տղաները հաճախ սպորտային հագուստը կրում են դասական կոշիկի հետ. դա սխալ է. այդ պարագայում անհրաժեշտ է սպորտային ոճի կոշիկ կրել»,- նկատեց նա:

12026625_1073110729412493_1877775907_n

Ոճաբանի խոսքով՝ լավ կլինի՝ աղջիկներն էլ իրենց հերթին իմանալով միայն, որ գիպյուրից երկարաճիթ կոշիկները մոդայիկ են, չանտեսեն որակի եւ գույնի գործոնը:
Նա անդրադարձավ նաեւ մուշտակի եւ կոշիկի համադրության հարցին. «Որեւէ փակ միջոցառման շրջանակում դա ընկալելի է, սակայն առօրյայում խորհուրդ չէի տա: Մենք հաճախ ճիշտ ենք ընտրում զգեստը կամ կոշիկը, պարզապես այն ճիշտ պահին եւ ճիշտ տեղում չենք ներկայացնում»,-շեշտեց Դիանան:

Հիմա, երբ բոլորս շտապում ենք ազատվել տաք եւ ծանր հագուստներից եւ մեր պահարանը թարմացնում ենք՝ լցնելով այն գարնանային զգեստներով, մեծ է շտապելու եւ ժամանակից շուտ «թեթեւանալու» հավանականությունը: «Հաճախ կարելի է հանդիպել, օրինակ, երկարաճիթ կոշիկներով եւ կարճաթեւ վերնաշապիկներով աղջիկների. դա սխալ համադրություն է, ճիշտ կլինի դիմել կոշիկի համադրությանը կամ չշտապել կարճաթեւ հագուստի ընտրության հարցում, նույնիսկ երբ նոր շոր կամ կոշիկ ես գնել ու չես համբերում, թե երբ ես այն հագնելու: Հակառակ դեպքում կարող ես հայտնվել ծիծաղելի իրավիճակում»,- բացատրեց ոճաբանը:

12498483_1073110732745826_1771410550_n

Նույն տրամաբանությամբ պետք չէ շտապել նաեւ երեկոյան կամ կոկտելային զգեստների ընտրության հարցում. կարճաթեւ զգեստներ փակ միջոցառումներին, իհարկե, կարելի է հագնել, բայց, ահա, դրսում կրելու համար կա՛մ անհրաժեշտ է սպասել ամռանը, կա՛մ համադրել այն պիջակի հետ:

Ինչ վերաբերում է գարնանային գույներին, ապա դրանց հարցում սեզոնն առատաձեռն է, եւ մենք ընտրության լայն հնարավորություն ունենք, պարզապես այս պարագայում եւս պետք է դիմել գրագետ համադրության, հատկապես, երբ միքսում եք երեք կամ ավելի գույներ:
Այս գարնանը մոդայիկ է կրել շատ մատանիներ, բազկակալներ, մազերի մեջ դնել փետուրներ, ճակատի վրա աբադոկներ եւ այլն՝ դրանք համադրելով շրջազգեստների եւ կիսաշրջազգեստների հետ, սակայն այս դեպքում չարաշահումների դիմելու վտանգը մեծ է, ուստի հարկավոր է ուշադիր լինել:

Աքսեսուարներից վաղուց արդեն նորաձեւ են նաեւ խոշոր ակնոցները, որոնք ընտրելիս, սակայն, անհրաժեշտ է հաշվի առնել դեմքի կառուցվածքը եւ չընկնել նորաձեւության հետեւից այն պարագայում, երբ դրանք ձեզ ոչ մի կերպ չեն սազում: Նույնը կարելի է ասել լայնեզր գլխարկների մասին, որոնք, ի դեպ, ըստ ոճաբանի, ավելի շատ կարելի է կրել աշնանը. «Իմ սուբյեկտիվ կարծիքով, գարնանը գլուխն, այնուամենայնիվ, հաճախ պետք է բաց լինի, առանց գլխարկի, զարդարված գարնանային աքսեսուարներով»,-կարծիք հայտնեց նա:

Ոճաբանը խոսեց նաեւ մի հակաթրենդի մասին, որը մեզանում առկա է բոլոր սեզոններին. «Դրեսկոդին հետեւելու կուլտուրան մեզ մոտ զարգացած չէ: Այնպես, ինչպես շատերը երեկոյան կամ կոկտելային զգեստները կրում են առօրյայում, նույն տրամաբանությամբ էլ կարող են գնալ օպերա սպորտային հագուստով, անգամ եթե կազմակերպիչների կողմից հրավիրվածներին խնդրվել է հետեւել դրեսկոդին: Իսկ ամենավատն այն է, որ արդյունքում հիմար վիճակում են հայտնվում նրանք, ովքեր կատարել են այդ պայմանը՝ համալրելով փոքրամասնության շարքերը»,-եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս