Ինչ ունեք` միքսե´ք. ամառային նորաձեւության տարօրինակ միտումները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրեթե կես ամսից արդեն ամառ է, ուստի ժամանակն է մտածել զգեստապահարանները թարմացնելու եւ այն թեթեւ, գունագեղ հագուստով, ինքնատիպ աքսեսուարներով հագեցնելու մասին: Ջերմաստիճանի բարձրանալուն զուգահեռ վերելք է ապրում նաեւ մեր տրամադրությունը, այնպես որ բոլորս շտապում ենք մեզ հարմար հագուստ ընտրել: Այդ հարցում, իհարկե, կարող ենք հույսը դնել միայն մեզ վրա, բայց, թերեւս նոր սեզոնի պահանջներին եւ նորաձեւության վերջին միտումներին ծանոթանալու համար արժի դիմել մասնագետի օգնությանը: «Ժողովուրդ»-ը ամառային նորաձեւության այս տարվա միտումների մասին զրուցել է ոճաբան Արփինե Կոշտոյանի հետ:
Նա նախ անդրադարձավ սեզոնի գունային գամմային` նկատելով, որ նորաձեւ են ջերմ, բայց եւ բնական երանգները: Ոճաբանի խոսքով` մոդայիկ են առաջին հայացքից անհամատեղելի լուքեր, օրինակ` լայն, անձեւ սվիտերները, որոնք կարելի է կրել ե՛ւ որպես բլուզ` միդի կիսաշրջազգեստով, ե՛ւ որպես զգեստ` բարձրակրունկներով:

Նոր եւ հետաքրքիր թրենդներից են համարվում նաեւ լայն տաբատները. «Դրանք այնքան սիրվեցին եւ լայն տարածում գտան, որ ամբողջ աշխարհում նորաձեւ համարվող աղջիկներն այդ տաբատները դարձրին իրենց զգեստապահարանների անբաժանելի մասը: Նորաձեւության գագաթնակետին գտնվող այս թրենդը կիրառելի է ե՛ւ աշխատանքային առօրյայում, ե՛ւ տոնական առիթների ժամանակ: Նույնիսկ լուրջ երեկույթների գնալիս աղջիկների եւ կանանց զգալի մասը կրում են նման տաբատներ կամ կամբինիզոններ»,- նշեց Ա. Կոշտոյանը:

4

Նա, շարունակելով սեզոնի թրենդների թեման, տեղեկացրեց, որ մեծ տարածում ունի նաեւ կոմիքսային պրինտը, որը հետաքրքիր տեսք է հաղորդում թե՛ մեծերին, թե՛ փոքրերին. «Շատ ակտուալ է նաեւ fashion pin թրենդը: Ցանկացած մեկը կարող է ընտրել տարբեր մատերիալներից պատրաստված իրեն հոգեհարազատ պատկերներ եւ փակցնել առօրյա զգեստին, օրինակ` ջինսե կամ կաշվե հագուստին: Պարզապես այս հարցում չպետք է կորցնել չափի զգացումը եւ դիմել չարաշահումների»,- հավելեց ոճաբանը:

2

Այս սեզոնին մոդայիկ են ջինսե պարզ, հասարակ զգեստները, որոնք հետաքրքիր միքսերի արդյունքում կարելի է համադրել բոթասների հետ: Ամռանը նորաձեւ կհամարվեն նաեւ վանդակավոր, ինչպես նաեւ` կիսաթափանցիկ գործվածքները:
Ա. Կոշտոյանը խորհուրդ տվեց սեզոնին կրել ուսապարկեր եւ բախրամաներով պայուսակներ:

3

Իսկ, առհասարակ, նրա համոզմամբ, այս ամռանը որքան տարօրինակ հագնված լինեք, այնքան նորաձեւ անձնավորության տպավորություն կթողնեք. «Խառը ոճերի ինչ ունեք տանը, միքսեք` դասական զգեստը` սպորտային կոշիկի հետ, բարձրակրունկ դասական կոշիկը` ջինսե ճղված տաբատի ու պիջակի հետ, համադրեք ոչ համատեղելին»,-եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս