Արտառոց դեպք` Մալաթիայում. տղամարդը քնից արթնացել և իրեն արյամբ պատված է հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին տեղեկություններ են հասել, որ մարտի 18-ին Երևանի Անդրանիկի արձանի հարակից այգիներից մեկում արտառոց դեպք է տեղի ունեցել: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Գրիգոր Մելիքսեթյանն այգում քնել է, ապա արթնացել ու տեսել, որ աչքերից արյուն է հոսում, երեսն էլ ամբողջությամբ արյամբ է պատված:

Ոստիկանության լրատվական բաժնից հաստատեցին, որ նման դեպք գրանցվել է, սակայն քաղաքացին հրաժարվել է հաղորդում տալ: Այդուհանդերձ, նշված դեպքով հետաքննություն է ընթանում:

Armlur.am-ին հաջողվեց կապ հաստատել «տուժած» Գրիգոր Մելիքսեթյանի հետ` իմանալու համար` ինչ է իրականում տեղի ունեցել իր հետ երկու օր առաջ: Մեր զրուցակիցը ներկայացրեց դրվագներ, որոնց համաձայն` ինքը մեծ քանակությամբ ալկոհոլ է օգտագործած եղել, տանից դուրս գալիս աստիճաններից վայր է ընկել, հետո մի կերպ այգի հասել ու քնել: Իսկ երբ արթնացել է, իրեն արյան մեջ պատված է հայտնաբերել: Հարցին` աստիճաններից ընկնելուց հետո արյան հետքեր նկատե՞լ է արդյոք իր վրա, Գ. Մելիքսեթյանը բացասական պատասխան տվեց:

«Դե, երևի այգում եմ վնասվել, բայց հասել ու քնել եմ: Աչքս երկու տեղից վնասվել է և վերջ: Գլուխս է մի քիչ ցավում, որոշ ժամանակ առաջ գլխի վիրահատություն եմ տարել: Երեսիս կապտուկներ կան, բայց դրանք ծեծի հետքեր չեն: Որևէ լուրջ բան տեղի չի ունեցել, ես իրավապահներին չեմ բողոքել»,- ասաց Գ. Մելիքսեթյանը:

Armlur.am-ը զրուցեց նաև նրա կնոջ` Հռիփսիմեի հետ, ով սկզբում վստահ ասաց, թե ամուսնուն ծեծել են, ապա կտրուկ փոխեց խոսքերը. «Կռիվ է արել, ծեծել են… Բայց սա ինչ-որ ծեծելու բան չի: Ասում է` ընկել եմ, ես էլ ամուսնուս հավատում եմ»:

Հռիփսիմեն ասաց նաև, որ իր և ամուսնու հետ բնակվող ազգականին` Հերմինեին և իրենց ծանոթներից Ստյոպային ևս բաժին են տարել: Իսկ իրեն իրավապահներն ասել են, թե Հերմինեն սուտ ցուցմունք է տվել: «Չգիտեմ` Հերմինեն ինչ է ասել ոստիկանությունում: Բայց նրան նորից են կանչելու բաժին»,- եզրափակեց Հռիփսիմեն:

Թե ինչ է իրականում տեղի ունեցել այդ տղամարդու հետ` նրան ծեծել են, թե իսկապես վայր է ընկել, քննությունը կպարզի, սակայն Գ. Մելիքսեթյանը մեկ այլ քրեական գործով տուժող է ճանաչվել, որի շրջանակներում կալանավորվել է ոմն Հովնան Խաչատրյան: Վերջինս գտնվում է հոգեբուժարանում: Armlur.am-ը տեղեկացավ, որ մոտ մեկ տարի առաջ Հովնան Խաչատրյանի և Գրիգոր Մելիքսեթյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով վերջինս մարմնական ծանր վնասվածքներ է ստացել: Գրիգորը բողոքել է իրավապահներին, հետո ցուցմունքը հետ է վերցրել: Այդուհանդերձ, Հովնան Խաչատրյանը դեռևս կալանավորված է: Ի դեպ, Armlur.am-ին Գրիգորի կինը հայտնեց նաև, որ ամուսնուն իրավապահները հարցրել են` հնարավո՞ր է արդյոք Հովնանի ընկերները ծեծած լինեն նրան վրեժ լուծելու համար, ինչը «տուժողը» բացառել է:




Լրահոս