Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ:

Այցի սկզբում նախարարը մասնակցել է Ապարան համայնքի արոտօգտագործողների սպառողական գյուղատնտեսական կոոպերատիվի հիմնադիր ժողովին, որի կազմում ընդգրկված են ավելի քան 150 ֆերմերային տնտեսություններ: Ժողովին մասնակցում էին նաև Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, կոոպերատիվի անդամներ, ֆերմերներ:

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի (CARMAC) շնորհիվ կոոպերատիվների ստեղծման գործընթացի խթանումը նպատակ ունի նպաստել փոքր գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը, ինչպես նաև արտադրողականության և արտահանման ծավալների ավելացմանը, որի դրական արդյունքներն արդեն իսկ տեսանելի են», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարի խոսքով` ծրագրի երկրորդ փուլի համար Արագածոտնի մարզում այս պահին շուրջ 10 համայնքներ նախնական ընտրություն են անցել, գործընթացը մեկնարկել է, և ծրագրի նկատմամբ մարզի բնակիչների հետաքրքվածությունն ակներև է:

Ներկայացնելով ծրագրի արդյունքները` նախարարը գոհունակությամբ նշել է, որ նախատեսված 55 համայնքների փոխարեն հանրապետության վեց մարզերի ավելի քան 90 համայնքներում հիմնադրվել են արոտօգտագործողների կոոպերատիվներ, իսկ համայնքների գերակշիռ մասում ավարտվել են արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինարարական աշխատանքները:

Անդրադառնալով ծրագրի իրականացման ընթացքին Արագածոտնի մարզում` նախարարը տեղեկացրել է, որ մարզի 12 համայնքներում ստեղծվել են արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվներ, որոնց տրամադրվել է 89 միավոր գյուղտեխնիկա: Ծրագիրը ֆինանսավորում է ձեռքբերվող գյուղտեխնիկայի արժեքի 80%-ը, իսկ 20% տրամադրում է կոոպերատիվը:

Խոսելով Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի (CARMAC 2) մասին, նախարարը նշել է, որ այս ծրագրի թիրախային հիմնական նպատակներն են գյուղատնտեսական կոոպերատիվների հզորացումը և ագրոպարենային արժեշղթաներում արտադրվող և շուկայահանվող արտադրանքի ծավալների աճը: Նախարարը հավելել է նաև, որ ծրագրի երկրորդ փուլը կիրականացվի հանրապետության թվով 8 մարզում. ընդգրկվել են նաև Կոտայքի և Վայոց ձորի մարզերը:

Այնուհետև նախարարն այցելել է Ապարանի պանրի գործարան, ծանոթացել աշխատանքային պայմաններին: Գործարանի տնօրեն Տիգրան Հովհաննիսյանը հայտնել է նախարարին, որ ընկերության արտադրական հզորությունը կազմում է օրական 2 տոննա: Համոզմունք հայտնելով, որ կոոպերատիվների ստեղծումը կնպաստի կաթի արտադրության ծավալների ավելացմանն ու մթերվող կաթի որակի բարելավմանը` ընկերության տնօրենն իր կողմից պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում ավելացնել մթերման ծավալները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս