«ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼ»-Ի ՏԵՐՆ ՈՒԶՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 4 տարի Գյումրի քաղաքի բնակիչ, «Սինան» ՍՊԸ-ի ղեկավար Մկրտիչ Սինանյանը բողոքում ու պայքարում է, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մտերիմների սեփականությունը համարվող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող իր «Մոսկվա» խանութի դիմացի հողակտորը վերադարձնեն «Սինան» ՍՊԸ-ին:
Մկրտիչ Սինանյանը մտավախություն ունի, որ այդ տարածքում «Ալեքսանդրապոլ»-ի տերերը նոր շինարարություն են սկսելու եւ փակելու են խանութի դիմացը: Տարածքը փաստաթղթերով, օրինական կարգով Մ. Սինանյանին է պատկանում, իսկ խանութի դիմացի հատվածն «Ալեքսանդրապոլ»-ի տերերը սեփականաշնորհել են` Մկրտիչին անհայտ աճուրդի արդյունքում: «Ես առաջին անգամ 2007թ.  դիմում տվեցի Վարդան Ղուկասյանին, որ  խնդրում եմ, դիմացի տարածքը տվե՛ք ինձ, քանի որ իմ խանութի դիմացն է, դուռը բացում ես ու շեմից սկսած՝ իմն է, որ վերակառուցեմ, ճարտարապետական տեսքի բերեմ: Բայց դիմումս մնաց անպատասխան»,-պատմում է Մկրտիչ Սինանյանը: Նույնաբովանդակ եւս մեկ  դիմում էլ նա հասցեագրում է Վ. Ղուկասյանին արդեն 2008թ., որի հետ կապված պատասխան է ստանում, թե հիշյալ տարածքն արդեն աճուրդով վաճառված է:
«Սինան» ՍՊԸ-ի ղեկավարությունն այս ընթացքում փորձել է ուսումնասիրել, թե ինչ որոշմամբ ու ինչ տրամաբանությամբ է սեփական խանութի դիմացի հողը վաճառվել կողքի հյուրանոցի տերերին: «Ուսումնասիրվել է գործը, եթե նման բան եղել է, ավագանու որոշում եղած պիտի լինի: 2007թ. եւ 2008թ. ավագանու բոլոր նիստերի արձանագրություններն ու որոշումները նայել ենք, նման բան չկար, հետո 2008-ին դիմեցինք դատարան»,-ասաց Մ. Սինանյանը: Դիմել են ընդհանուր իրավասության դատարան, սակայն գործը մինչեւ այսօր ձգձգվում է: Այդ ժամանակաշրջանում ընկերությունը ձեռք է բերել փորձագիտական եզրակացություն, համաձայն որի՝ քաղաքապետարանը նման աճուրդ-վաճառք կայացնելու իրավունք չի ունեցել: «Աճուրդի տեքստին ծանոթացել ենք, այնտեղ չկա նշված ոչ մի անուն, նշվում է միայն, որ Մայակովսկուն հարող տարածքում հող է վաճառվում: Այնպես են գրել հայտարարությունը, որ միայն իրենք կհասկանան` ինչ տարածքի մասին է խոսքը»,-ասաց Սինանյանը:
Ընդ որում, քաղաքապետարանի փաստաթղթերից երեւում է, որ աճուրդ-վաճառք կայացել է 2 անգամ՝ 2007-ին եւ 2008-ին,  2 դեպքում էլ գնորդը նույն մարդն է՝ Ռոբերտ Պետրոսյանը, որը Վ. Ղուկասյանի հորաքրոջ տղան է:
2008թ-ից մինչ օրս ընդամենը դատական մի քանի նիստ է կայացել: Ըստ Սինանյանի՝ ամեն անգամ մի պատճառ բերվում է դատական նիստերը ձգձգելու եւ ուշացնելու համար: Ըստ բողոքող կողմի՝ դատարանում ոչ մի անգամ չի ներկայանում հողատարածք գնող կողմը, եւ դատարանն էլ չի պահանջում մյուս կողմի ներկայությունը, փոխարենը որպես տարածքն օտարող մարմնի եւ գնորդի ներկայացուցիչներ քաղաքապետարանի իրավաբանն ու քաղաքի գլխավոր ճարտարապետն են ներկայանում: Քաղաքապետարանի պահանջով դատարանը որոշում է կայացրել երկրորդ անգամ փորձաքննություն իրականացնել, ինչն արվել է փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից: Արդյունքում պարզվել է, որ քաղաքապետարանն ապօրինություններ է թույլ տվել:
«Ես դատերից ձայներիզներ ունեմ, դուք պիտի տեսնեիք միայն, թե ինչ էր կատարվում, դրա համար պահանջում են, որ դատական նիստերը դռնփակ լինեն, լրագրողներ չներկայանան: Քաշել էին էդ փորձաքննություն կատարողներին, ուզում էին ծեծել, ասում էին՝ սխալ եզրակացություն եք ներկայացրել: Ես այդ ձայներիզը վերցրել եմ, ներկայացնելու եմ դատախազություն»,-ասաց Մկրտիչ Սինանյանը: Ըստ նրա՝ նպատակն այն է, որ անպայման տարածքն իր ձեռքից տանեն. «Հիմա կանաչապատման պատրվակ են բերում, վաղը կպատնեշեն ու խանութիս դեմը կփակեն, ինչ ուզեն՝ կանեն, ինձ ուզում են զրկեն բիզնեսից»:

ԱՆՈՒՇԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Գյումրի




Լրահոս