Որտեղ է Դավիթ Հարությունյանի մայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ էլեկտրոնային մամուլը հետեւողականորեն գրում է, որ ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի մայրը՝ Լուարա Դավթյանը, ծերանոցում է ապրում: Ավելի ուշ գրվեց, թե ապրել է, բայց այժմ դուրս է գրվել: Հրապարակումներին ի պատասխան՝ Հարությունյանն ընդամենն ասել էր, թե իր մայրը չի ապրել ծերանոցում, սուտ է:

Այդ հերքումից հետո, սակայն, թեման չփակվեց: Ավելի ուժգնացան քննադատություններն առ այն, որ եթե իսկապես Հարությունյանի մայրը ծերանոցում չէ, ապա ինչու նա չի հրապարակում իր մոր անունը եւ չի հերքում լուրը առավել առարկայական, անհերքելի փաստերով:

Ինչպե՞ս կարող է նախարարը թույլ տալ, որ իր ծնողը կյանքի ծերության օրերն անցկացնի ծերանոցում, եւ եթե այդպես չէ՞, ինչո՞ւ Հարությունյանը չի հրապարակում իր մոր անձնական տվյալները, որպեսզի լրագրողները հնարավորություն ունենան ճշտելու այն:

Armlur.am-ն այս թեմայով զրուցեց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ՝ նրանից նախ խնդրելով օգնել մեզ՝ զրուցելու իր մոր՝ Լաուրա Դավթյանի հետ:

-Այս պահին իմ մայրը գտնվում է տանը եւ վատառողջ է այնքան, որ չի կարող հեռախոսով խոսել: Բայց ես Ձեզ վստահեցնում եմ, որ իմ մայրը երբեք չի եղել ծերանոցում:

-Պարո՛ն Հարությունյան, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ հենց հիմա Ձեր մոր վերաբերյալ նման թեմա շահարկվեց:

-Կներեք, բայց այդպիսի թեմաներն այլեւս չեն հետաքրքրում, ինձ համար ամեն ինչ պարզ է, եթե ցանկություն ունեք, գնացեք ծերանոցներ, ստուգեք:

– Ո՞ւմ եք խանգարում Դուք:

– Դա Ձեր հետաքրքրության շրջանակն է, իմը չէ:

– Բայց այդ հետաքրքրության շրջանակն անմիջական կապ ունի Ձեզ հետ:

– Հիմա ինչ եք…. Ձեր հարցն այնպիսի հարց է, որին ես բացարձակապես չգիտեմ` ում հետ կապեք, ինչի համար է նման կեղծ լուրը շրջանառվում:

– Ոչ մեկի հետ չե՞ք կապում:

– Ես ոչ մի բանի հետ չեմ կապում:

– Այդ դեպքում ինչո՞ւ հենց Ձեր մոր անունը շահարկվեց:

– Դուք Ձեր հարցի պատասխանը լսեցիք:

– Վերը նշվածինը չլսեցի:

-Եթե Դուք մի հարցը տաք տարբեր ձեւերով, Դուք ստանալու եք նույն պատասխանը: Եթե ուզում եք ինչ-որ բան պարզել, ապա կարող եք գնալ եւ ցանկացած ծերանոցում ստուգել: Ես Ձեզ էլ ասելու բան չունեմ:

Հավելենք, որ Armlur.am-ը կապ հաստատեց Նորքի եւ Հաղթանակ գյուղում գտնվող Երեւանի առաջին տուն-ինտերնատների հետ, որտեղից մեզ փոխանցեցին, որ 1937 թվականին ծնված Լուարա Դավթյան անուն-ազգանունով կին իրենց մոտ չի եղել եւ չկա:

Քրիստինե Աղալարյան




Լրահոս