Պետք է արդեն լուրջ ճնշում բանեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների վրա. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանային չդադարող լարվածությունը եւ արդեն գրեթե ամենօրյա ռեժիմով գրանցվող միջադեպերը, որոնց արդյունքում անթույլատրելի հաճախակիությամբ զոհեր ենք տալիս, կարծես թե արդեն սովորական կենսաձեւ են դառնում: Եթե ընդամենը մեկ տարի առաջ իշխանական ռազմական փորձագետները հավաստիացնում էին, թե նախկինում էլ է Ադրբեջանը նման պարբերականությամբ խախտել հրադադարի ռեժիմն ու դիվերսիաներ իրականացրել, պարզապես այդ մասին տեղեկատվությունն այնքան հասանելի չի եղել, որքան հիմա, ապա անցած օգոստոսից սկսած արդեն իրենք են բարձրաձայնում, որ Ադրբեջանի այս պահվածքն աննախադեպ է:

Սակայն հիմա, ի տարբերություն նախորդ տարիների, ո՛չ միջազգային կազմակերպությունները, ո՛չ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները այլեւս չեն արձագանքում սահմանային բոլոր միջադեպերին, եթե դրանց արդյունքում չեն գրանցվում մի քանի զոհեր: Մինչդեռ նախկինում անգամ մեկ զոհը կամ վիրավորն արդեն իսկ լուրջ առիթ էր, որպեսզի կողմերին զսպող հայտարարություն արվեր:
Օրեր առաջ ՀՀ Պն նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, թե հայ-ադրբեջանական սահմանին «դանդաղ պատերազմ» է, նախօրեին էլ նշել էր, թե Ադրբեջանը Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմ» է վարում, որի նպատակը Հայաստանը հյուծելն է:

Այն փաստը, որ ՀՀ ՊՆ խոսնակը հրապարակավ օգտագործում է «պատերազմ» բառը, ինքնին արդեն բավականին մտահոգիչ է, սակայն այնպիսի տպավորություն է, որ այդ մտահոգությունը հասու չէ մեր իշխանություններին` ի դեմս երկրի նախագահի եւ ԱԳՆ-ի, որոնք կարծես թե որեւէ տեսանելի քայլ չեն կատարում` հակամարտության խաղաղ կարգավորման երաշխիքներ խոստացող գերտերություններին ահազանգելու ուղղությամբ: Կամ գուցե եւ անում են, սակայն գրանցված արդյունքն այնպիսին է, որ նրանք գերադասում են իրենց այդ քայլերի մասին հանրությանը չտեղեկացնել:
Ամեն դեպքում ակնհայտ է, որ Ադրբեջանը որդեգրել է հակամարտությունը զենքով լուծելու ռազմավարություն, եւ այդ ուղղությամբ թեկուզ դանդաղ, սակայն հետեւողական քայլեր է իրականացնում: Այս իրավիճակում մեր քաղաքական գործիչների այն հայտարարությունները, թե Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի, նմանվում են ինքնախաբեության: Քանզի պատրաստ չլինող պետությունն այդպիսի հետեւողականությամբ չի շարունակում «դանդաղ պատերազմը»` այդ ընթացքում նաեւ ստուգելով միջազգային հանրության արձագանքը, որը, ցավալիորեն, այնքան անհամարժեք է եւ իներտ:

Ուստի այսօր ոչ թե պետք է ամպագոռգոռ հայտարարություններ անել Բաքուն գրավելու մասին, այլ բոլոր հնարավոր ռեսուրսներն օգտագործել, որպեսզի միջազգային հանրությունն ի վերջո զսպի Ադրբեջանին: Այս իմաստով նաեւ պետք է լուրջ ճնշում բանեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների վրա, որոնք առանձնապես մեծ ջանքեր չեն գործադրում ազերիներին սաստելու ուղղությամբ:




Լրահոս