Ինչպես հայտնի է՝ նախորդ տարի Ռուսաստանի իշխանությունները խստացրեցին իրենց միգրացիոն օրենսդրությունը, ինչի արդյունքում ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ հազարավոր քաղաքացիներ կանգնեցին լրջագույն խնդրի առջեւ: ՌԴ-ի միգրացիոն ծառայության տվյալներով՝ 30 հազարից ավել ՀՀ քաղաքացի այլեւս չի կարող մեկնել արտագնա աշխատանքի: Այս փաստը Հայաստանի համար երկու լուրջ վտանգ է առաջացնում՝ նախ՝ պակասում է արտագնա աշխատանքի արդյունքում ՌԴ-ից ՀՀ եկող գումարային փոխանցումների չափը: Եւ երկրոդ՝ Հայաստանում է՛լ ավելի է սրվում գործազրկության խնդիրը, ինչը հանգեցնում է լրացուցիչ սոցիալական լարվածության:
Տեղեկացնենք, որ մարզերի բնակիչներին Երեւանում գտնվող միգրացիոն պետական ծառայությունում հրաժարվում են սպասարկել եւ յուրաքանչյուրին ուղարկում են իր գրանցման վայր` տեղի մարզպետարան դիմելու համար: Այդ հարցերով զբաղվելու պարտավորությունները դեռ նախորդ տարվա հոկտեմբերից դրվել են մարզպետարանների վրա: Իսկ մինչ այդ դրանով զբաղվել են տարածքային զբաղվածության գործակալությունները: Պարզելու համար, թե մարզերում որքան է կազմում ՌԴ մուտքի արգելք ստացած քաղաքացիների թիվը, «Ժողովուրդը» կապ հաստատեց մարզպետարանների պատասխանատուների հետ: Պարզվեց, որ ՌԴ մուտքի արգելք ստացած ամենամեծ թվով քաղաքացիները Շիրակի մարզում են:
ՀՀ Շիրակի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության բաժնի պետ Սամվել Գրիգորյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ վերջին 8-9 ամիսների ընթացքում այս հարցով մարզպետարան է դիմել 2500 քաղաքացի:
«Նշեմ, որ 500 դիմումը կրկնվել է, քանի որ քաղաքացիները պատասխան չստանալու դեպքում կրկին դիմել են: Դրանցից 90-ին դրական պատասխան է եկել, 636 քաղաքացու բացասական պատասխան է եկել, իսկ 51 քաղաքացու էլ բացասական պատասխան են տվել՝ մեկնաբանությամբ, թե իրենց ճանապարհը կբացվի միայն դատարանի վճռով: Նաեւ 93 քաղաքացու վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության միգրացիոն պետական ծառայությունում տվյալներ չեն գտնվել: Ընդհանուր հաշվարկով մենք ունենք 880 դիմումի պատասխան»,- ներկայացրեց Գրիգորյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ Շիրակի մարզի արգելք ստացած բնակիչները հիմնականում խախտել են ՌԴ-ում կեցության ժամկետը: «Գալիս են ու հայտարարում, որ տեղյակ չեն, թե ինչու են արգելք ստացել, բայց տասը րոպե անց՝ իրենց հետ խոսելուց հետո, արդեն պարզ է դառնում, որ արգելք ստանալու պատճառները բազմաթիվ են: Բոլորը՝ դիմողների մոտ 90 տոկոսը, ունեն կեցության ժամկետի խախտում: Դա որեւէ մեկը չի կարող ժխտել: Իսկ մնացած տասը տոկոսի մասով կարող եմ ասել, որ, իրոք, եղել են դեպքեր, երբ մենք էլ ենք զարմացել, թե այս մարդկանց սխալն ինչում է: Որեւէ վատ բան չեն արել, միայն գնացել են մարդիկ ու աշխատել են: Իրենց միակ խախտումը կարելի է համարել կեցության ժամկետի խախտումը»,- լրացրեց Գրիգորյանը:
Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արսեն Ղուկասյանը նույնպես տեղեկացրեց, որ վեց ամիսների ընթացքում իրենց այս հարցով դիմել է մարզի 821 բնակիչ: «89 քաղաքացի դրական պատասխան է ստացել, 76-ը՝ մերժվել: Իսկ մյուսների պատասխաններին դեռ սպասում ենք»,- փոխանցեց նա:
Գեղարքունիքի մարզում արգելք ստացած, դիմում գրած քաղաքացիների թիվը հունվարի 30-ից մինչ օրս 300-ից ավել է կազմում, որից 11 քաղաքացի մերժման պատասխան է ստացել, իսկ 4-ը՝ դրական:
Արագածոտնի մարզում ավելի փոքր է արգելք ստացած, դիմում գրած քաղաքացիների թիվը. նրանք 277-ն են: Արագածոտնի մարզպետարանի աշխատակից Արայիկ Դարբինյանը, ով զբաղվում է այս հարցերով, «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իրենց մարզի բնակիչները նույնպես հիմնականում խախտել են կեցության ժամկետը: «Կան նաեւ խախտումներ, որոնք կապված են շինարարական աշխատանքների հետ. ենթադրենք՝ իրենք պայմանագիր են կնքել, որ պետք է պետական շինարարության վրա աշխատեն, բայց մասնավոր տեղում են աշխատել, եւ հակառակը: Կան նաեւ տրանսպորտային, հեռախոսի վարձերի ուշացման հետ կապված խախտումներ»,- փոխանցեց Դարբինյանը:
Իսկ, ահա, Տավուշի մարզում նախորդ տարվա հոկտեմբերից մինչ օրս արգելք ստացած, դիմում գրած քաղաքացիների թիվը կազմում է 215, որից 13-ի դեպքում բացասական պատասխան է ստացվել: Տավուշի մարզի բնակիչների խախտումները հիմնականում վերաբերել են աշխատելու թույլտվություն չունենալուն:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ շատ են նաեւ այն դեպքերը, երբ քաղաքացին պատկան կառույցից տեղեկացել է, որ այլեւս արգելք չունի, սակայն ցամաքային ճանապարհով սահմանը հատելիս պարզել է, որ իր տվյալները համակարգում պահպանվում են, եւ նրան նորից հետ են ուղարկել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՈՉ ԲԱՎԱՐԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Այս տարվա ԲԳՎ ծրագրով գյումրեցի 444 ընտանիքի Կառավարությունը հատկացրել էր 1,5 միլիարդ ՀՀ դրամ: Հաշվառման ու փաստաթղթավորման հետ կապված հստակեցումներից հետո այս փուլում այդ ընտանիքների թիվն իջավ 264-ի, ապա արդեն վերջնական հաստատվեցին 215-ի լրակազմերը, իսկ 10 ընտանիքներ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի կողմից օրերս ստացան իրենց վկայագրերը: Առաջիկայում մյուսները եւս կստանան այդքան սպասված վկայագրերը եւ մինչ օգոստոս պետք է կարողանան բնակարան ձեռք բերել Գյումրիում կամ այլ բնակավայրերում: Իսկ եթե չկարողանան ձեռք բերել բնակարան, ապա վկայագիրը պետք է հետ հանձնեն Կառավարությանն ու սպասեն մինչ Կառավարությունն էլի կհիշի իրենց:
Նշենք, սակայն, որ բնակարան ձեռք բերելու համար ծրագրի շահառուները կարիք են ունենալու զգալի հավելյալ գումարի, քանի որ պետությունը սահմանել է հետեւյալ փոխարժեքները՝ 1 սենյակի դիմաց 4 մլն. 918 հազ. ՀՀ դրամ, 2 սենյակի համար՝ 6 մլն. 11,500 ՀՀ դրամ, 3 սենյակի համար՝ 7 մլն. 104 հազ. ՀՀ դրամ եւ, վերջապես, 4 սենյակի համար՝ 8 մլն. 197 հազ. ՀՀ դրամ, մինչդեռ Գյումրիում 2 սենյականոց բնակարանի արժեքը սկսվում է 20 հազար ԱՄՆ դոլարից, այսինքն` 8,5 միլիոն դրամից:
Գումարային հատկացումն ու անշարժ գույքի շուկայում իրական գների անհամապատասխանությունը ԲԳՎ ծրագրի այս փուլում առկա միակ թերությունը չէ: Հաջորդ խնդիրը, որին կբախվի վկայական ստացած երջանիկ բնակիչը, կապված է արդեն ձեռքբերված բնակարանի սեփականաշնորհման գործընթացի հետ: ԲԳՎ ծրագրի առաջին փուլում, որը տեղի ունեցավ 2000-ականների կեսերին, պետությունն իր վրա էր վերցրել ձեռքբերված բնակարանի սեփականաշնորհման գործընթացը:
Երկրորդ փուլից սկսած` 2012-ից հետո, այս գործընթացը դրվեց բնակչի վրա: 2012-ին Գլենդեյլ Հիլզի կառուցած անորակ շենքերը քաղշին նախարարությունը չընդունեց, ու մինչ օրս այդ բնակարանները մնում են անորոշ ճակատագրով՝ ո՛չ բնակչինն են, ո՛չ պետությանը, իսկ ներկա փուլում էլ արդեն սեփականաշնորհումը իրականացնելու է քաղաքացին իր գրպանի հաշվին:
Ինչեւէ, լավ կամ վատ ծրագրի հերթական փուլն ամփոփվել է, ու նոր փուլը, հավանաբար, կմեկնարկի արդեն աշնանը:
Իհարկե, լավ կլիներ, որ ՀՀ Կառավարությունն ուսումնասիրեր այս փուլում արձանագրված բազմաթիվ բացերն ու թերությունները եւ արդեն հաջորդ փուլում փորձեր բացառել դրանք:
ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գյումրի