Երեխաների անվտանգության ապահովումը մշտապես ՀՀ ոստիկանության ուշադրության կենտրոնում է և իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը: Առանձնակի կարևորվում է երթևեկության անվտանգությունը, որի հիմքում դրված է երեխաների շրջանում այդ կանոններին անվերապահորեն հետևելու գիտակցության սերմանումը, օրինապաշտ քաղաքացու դաստիարակությունը: Այդ խնդրի լուծմանն են ուղղված դպրոցներում պարբերաբար իրականացվող հանդիպում-զրույցները, դեռահասների այցելությունները ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներ, սերտ համագործակցությունը կրթական ոլորտի պատասխանատուների և ծնողների հետ:
Ոստիկանությունը համոզված է, որ երեխայի հետ աշխատանքը պետք է սկսել վաղ՝ տարրական դասարանների և նույնիսկ նախադպրոցական տարիքից: Այս ռազմավարության իրականացման առաջին քայլերից է «Փոքրիկ ոստիկան» ուսուցողական խաղ-ձեռնարկի ստեղծումը, որի հասցեատերն առաջին դասարանցիներն են: Ձեռնարկը երեխաներին կօգնի ինքնուրույն յուրացնել երթևեկության կանոնները, ճանաչել ճանապարհային նշանները և կնախազգուշացնի արտակարգ իրավիճակների մասին:
Հաշվի առնելով, որ խոշոր քաղաքներում երթևեկությունը բավականին լարված է՝ մարտի 31-ին խաղ-ձեռնարկն առաջինը տրամադրվել է մայրաքաղաքի 426 առաջին դասարաններին:
Որպես երեխաների շրջանում կրթական և իրազեկման բազմաթիվ ծրագրեր իրականացնող սոցիալապես պատասխանատու ընկերություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է ՀՀ ոստիկանության նախագծին՝ 14 միլիոն դրամ հատկացնելով «Փոքրիկ ոստիկան» ուսուցողական խաղ-ձեռնարկի 1000 օրինակ հրատարակելու նպատակով:
Նախագծի մեկնարկի ժամկետը պայմանավորված է նաև դպրոցական առաջիկա ամառային արձակուրդներով. դրսում ավելի շատ ժամանակ անցկացնող երեխաները պետք է տիրապետեն երթևեկության կանոնների վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքների: