Երկու օր է` Հայաստանը քննարկում է հանրահայտ հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի այցը Հայաստան: «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց վաղ առավոտից հավաքվում են մեծ թվով մարդիկ` Քիմ Քարդաշյանին գոնե մեկ անգամ տեսնելու և նրա հետ լուսանկարվելու համար:
Այդ ամբողջ ընթացքում Քիմին ուղեկցում են նրա քույրը` Քլոե Քարդաշյանը և Քիմի ամուսինը` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը: Վերջինս համարվում է ամենաբարձր վարձատրվող ռեփերներից մեկը, սակայն գտնվելով Հայաստանում կարծես թե այնքան էլ ուշադրության չի արժանանում հայ հասարակության կողմից: Այս քանի օրերին նա երեխային գրկած «սուսուփուս» հետևում է կնոջը, սակայն նրա հետ լուսանկարվել ցանկացող կամ ինքնագրեր խնդրող գրեթե չի հանդիպել:
Եվ այսպես, ով է Քանյե Ուեսթը: Հայտնի սևամորթ երգիչը 2004թ. մինչ օրս վեց ձայնասկավառակ է թողարկել, իսկ ամենահաջողված աշխատանքներից մեկն էլ համարվում է 2011թ. ռեփեր Jay-Z-ի հետ թողարկած համատեղ ալբոմը: Ուեսթը բազմաթիվ մրցանակներ է ստացել, այդ թվում 21 «Գրեմմի»: Ոչ մեկ անգամ տարբեր ամսագրերի կողմից ճանաչվել է աշխարհի ամենաոճային տղամարդ: Կատարողի հինգերորդ ալբոմը, որը կրում է My Beautiful Dark Twisted Fantasy անվանումը GQ ամսագրի ընթերցողների քվեարկությամբ ճանաչվել է 21-րդ դարի լավագույն ալբոմ:
Քանյե Ուեսթն այն երաժիշտներից է, ով մեկ կատարման համար ահռելի գումարներ է վաստակում: Օրինակ, 2013թ. օգոստոսին Ուեսթը հյուրի կարգավիճակով մասնակցել է Ղազախստանի նախագահի թոռնուհու` Այսուլթան Նազարբաևի հարսանեկան արարողությանը, որտեղ մի քանի երգ կատարելու համար վաստակել է 3 մլն դոլար: Քանիեն ունի անձնական բարեգործական ընկերություն, որով օգնում է այն կարիքավոր երեխաներին, ովքեր ցանկանում են երաժշտական աշխարհում առաջ շարժվել:
Հայազգի հեռուստաաստղի հետ սկսել են հանդիպել 2012թ. սկզբին, իսկ դեկտեմբերի 31-ին հայտարարեցին, որ երեխայի են սպասում: 2013թ. հունիսի 15-ին Լոս – Անջելոսում ծնվեց նրանց դուստրը, ում անվանեց Նորթ: Քիմի 33-ամյակի օրը ` հոկտեմբերի 21-ին, Քանյեն հեռուստաաստղի ընկերների և ընտանիքի անդամների ներկայությամբ ամուսնության առաջարկ արեց վերջինիս, իսկ մայիսի 24-ին զույգն ամուսնացավ Ֆլորենցիայում:
Քանյե Ուեսթը Չիկագոյի արտիստների համար սկսել էր երգել գրել դեռ դպրոցական տարիներից: Սկսել է ճանաչում ձեռք բերել հիփ-հոփ ոճի մի քանի երգիչների համար երգեր գրելուց հետո: Նա երգեր է գրել այնպիսի կատարողների համար, ինչպիսիք են` Jay-Z-ն, Talib Kweli-ն, Cam’ron-ը, Common-ը, Mobb Deep-ը և այլք:
Youtube վիդեոհոսթինգում Քանյե Ուեսթի տեսահոլովակները մեծ թվով դիտումներ ունեն: Օրինակ, նրա «Heartless» կատարումն ունի 99 մլն դիտում, իսկ «Stronger» կատարումն էլ` 143 մլն-ից ավել դիտում: Նա զուգերգներ է կատարել այնպիսի երգիչների հետ, ինչպիսիք են` Ռիհաննան, Փոլ Մաքքարթնին, Թեյլոր Սվիֆթը և այլք: Ռիհաննայի և Մաքքարթնիի հետ համատեղ տեսահոլովակում երգչուհին և ռեփերը կատարում են վոկալային հատվածը, իսկ Փոլ Մաքքարթնին նվագակցում է։ Այս տեսահոլովակը 140 մլն դիտում ունի:
Այսպիսով, 21 «Գրեմմի»-ի, բազմաթիվ այլ մրցանակներ ունեցող և ամենաբարձր վարձատրվողներ ռեփերներից մեկն այսօր Հայաստանում համարժեք ընդունելության չի արժանանում: Իհարկե, կարելի է ասել, որ մեր հայրենակցուհին Քիմն է և հենց այդ պատճառով է ամբողջ ուշադրությունը նրա վրա, սակայն որտեղ էր Քիմ Քարդաշյանը, երբ Քանյե Ուեսթն արդեն պրոֆեսիոնալ և հայտնի երաժիշտ էր: