ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի եւ Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) միջեւ լուրջ հակամարտություն է սկսվել: Բանն այն է, որ ՀԲՃ-ն գրավոր հարցում է ուղարկել նախարարություն՝ ուղղված Ե. Զախարյանին, որով պահանջել է կա՛մ նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրել ընդերքօգտագործման ոլորտին առնչվող որոշ տեղեկություններ, կա՛մ այն իրենց տրամադրել: Սակայն Զախարյանը նախարարության աշխատակիցներին թույլ չի տվել այս թեմային վերաբերող տեղեկատվությունը ո՛չ հաղորդել եւ ո՛չ էլ պաշտոնական կայքէջում տեղադրել, ինչն էլ ՀԲՃ-ն անօրինական է համարում:
Այս առիթով Համահայկական բնապահպանական ճակատը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Մասնավորապես մեզ հետաքրքրում էր Հայաստանի հիմնական մետաղական հանքավայրերից 2002-2014 թվականների ընթացքում արդյունահանված հանքաքարի, մետաղների եւ ուղեկից բաղադրիչների մարված պաշարների ծավալները տարեկան կտրվածքով, ինչպես նաեւ՝ նույն ժամանակահատվածում նախարարության կողմից այդ հանքավայրերը շահագործող ընկերություններում անցկացված ստուգումների արդյունքները:
Սակայն, մեր համոզմամբ, նախարարությունն անհիմն մերժել է տեղադրել կայքում կամ տրամադրել այդ տեղեկությունները: Պաշտոնական պատասխանում բերված փաստարկներն առ այն, որ դրանք ՀՀ «Ընդերքի մասին օրենսգրքի» տարբեր հոդվածների համաձայն՝ համարվում են երկրաբանական տեղեկություն եւ չեն կարող բացահայտվել առանց ընդերքօգտագործողի համաձայնության, ոչ մի աղերս չունեն օրենսդրության հետ եւ խախտում են հանրության շրջակա միջավայրին առնչվող տեղեկատվություն ստանալու իրավունքը: Այդ տեղեկությունները վերաբերում են մեզ պատկանող ընդերքից արդեն իսկ արդյունահանած պաշարներին, եւ, բնականաբար, դրանց մեջ չի կարող լինել ոչ մի գաղտնի երկրաբանական տեղեկություն»:
Բացի բնապահպանների այս դժգոհությունից՝ «Ժողովուրդ»-ը նախարարության աշխատակիցներից եւս տեղեկացավ, որ իրենց արգելված է նման թեմաների շուրջ նախարարությունից տեղեկատվություն «դուրս հանել»:
«Ժողովուրդ»-ը այս թեմայի շուրջ զրուցեց անձամբ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ, ով կարճ պատասխանեց. «Մենք բոլոր տեսակի տեղեկատվությունները տալիս ենք: Այն, ինչ որ հասանելի է, մենք պարտավոր ենք տրամադրել»:
Մինչդեռ ՀԲՃ անդամ Լեւոն Գալստյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված նկատեց. «Տվյալ նախարարությունը կարծում է, որ մեր պահանջածը երկրաբանական տեղեկություն է, եւ օրենքի համաձայն՝ կարող են չտրամադրել: Եթե ինքը գտնում է, որ մեր պահանջածը երկրաբանական տեղեկություն է, ապա մենք հակառակն ենք պնդում: Մենք իրենցից պահանջել ենք մեզ տրամադրել, օրինակ, թե հանքավայրից որքան հանքաքար է շահագործողը հանել, վերամշակել: Այստեղ ոչ մի երկրաբանական տեղեկություն չկա: Շահագործման մասին տեղեկությունը բաց պետք է լինի հանրության համար: Ենթադրենք՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը 2012 թվականին քանի մլն տոննա հանքաքար է մշակել: Բայց մեզ մերժել են տրամադրել այդ տեղեկությունը»:
Բացի այս՝ ՀԲՃ-ն նախարարության կողմից իրականացված ստուգումների արձանագրությունների տրամադրման մերժումը նույնպես ահիմն է համարում եւ ընդգծում, որ 2013 թվականին դրանք առանց ոչ մի խնդրի տրամադրվել են նույն նախարարության կողմից:
Ըստ ՀԲՃ-ի՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը կոպտորեն խախտել է հանրության՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը: Խնդրի առնչությամբ ՀԲՃ-ն դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ եւ պահանջել ձեռնարկել համապատասխան քայլեր՝ իրենց խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Կարեն Անդրեասյանը ՀԲՃ-ի այս բողոքն ընդունել է քննարկման եւ ուսումնասիրում է այն: Եթե պաշտպանը չարձագանքի բնապահպանների բողոքին, ապա նրանք պատրաստ են դիմել դատարան՝ Զախարյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով:
«Թող բոլոր պաշտոնյաները հիշեն, որ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի համաձայն՝ մեր երկրի ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային եւ այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները ժողովրդի սեփականությունն է: Բնականաբար, այդ ժողովուրդն էլ հենց իրավունք ունի իմանալու, թե ո՞վ եւ ինչպե՞ս է տնօրինում այդ հարստությունները»,- լրացրեց բնապահպան Գալստյանը:
Տեղեկացնենք, որ ՀՀ Սահմանադրության 33.2 հոդվածում հստակ նշված է, որ պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար: Բացի այդ` ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածում նշված է, որ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը տեղեկատվության ցանկացած միջոցով, անկախ պետական սահմաններից:
Իսկ թե ինչ ավարտ կունենա այս պատմությունը, «Ժողովուրդ»-ը կտեղեկացնի առաջիկայում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ