ԲԱԼԵՏ` ՖՈՆՈԳՐԱՄԱՅԻ ՏԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հավատարիմ լինելով իր սկզբունքին` “Ժողովուրդ” օրաթերթը բարձրաձայնում է ցանկացած խնդիր, որը հուզում է իր ընթերցողին:  Խմբագրություն էր եկել մի կին, որը վրդովված էր օրեր առաջ իր հետ տեղի ունեցածից:
Տիկին Սվետլանան ցանկացել էր արտերկրից ժամանած իրենց հյուրերին հրավիրել Լյուդվիգ Մինկուսի “Դոն Կիխոտ” բալետին, բայց տհաճ անակնկալի էր եկել, երբ իմացել էր, որ բալետը տեղի է ունենալու ոչ թե Օպերայի ազգային ակադեմիական թատրոնի բեմում, այլ Գաբրիել Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնում, որտեղ, բնականաբար, չկա համապատասխան տարածք սիմֆոնիկ նվագախմբի համար:
“Ես շատ վիրավորվեցի, երբ ամեն տոմսի համար վճարեցի 3000 դրամ, ու հետո վաճառողուհին ասաց՝ դե կգնաք Սունդուկյան թատրոն: Հարցին, թե ինչու Սունդուկյան, բա   որտեղ է նվագելու օրկեստրը, նա շատ հագիստ պատասխանեց՝ դե հիմա վերանորոգում է, օրկեստր էլ չի լինելու:
Չհասկացա՝ ձե՞ռք են առնում, սա հո “Ուզունդարա” պա՞րը չէ, որ ձայնագրությունը միացնես ու պարես, սա բալետ է, ո՞նց կարելի է այն պարել ֆոնոգրամայի տակ: Ահավոր բարկացա ու տոմսերը միանգամից հետ տվեցի: Դա խայտառակություն է, ինչպե՞ս կարելի է մի ամբողջ հասարակության ձեռք առնել: Այն օրի ենք հասել, որ օպերան ընկել է այնպիսի մարդկանց ձեռքը, որ Մինկուսի “Դոն Կիխոտ”-ը ձայնագրության տակ են պարում: Այսօր մինուսի տակ բալետ են պարում, վաղն էլ օպերան կերգեն ֆոնոգրամայի տակ: Մենք թանկ ու կրակ տոմսերը կառնենք, իրանք էլ ձեւական բերանները կբացեն-կփակեն:
Իմ գլխի մեջ ուղղակի չի տեղավորվում այդ փաստը: Ես շատ կասկածում եմ, որ այդ ձայնագրությունը հենց մեր սիմֆոնիկինը լինի: Տոմսերը հետ տվեցի, բայց ինձ հետաքրքիր է՝ ոնց էին Սունդուկյանի բեմում պարելու”,-ներկայացրեց տիկին Սվետլանան: 
Մեր քաղաքացու ահազանգը ստիպեց մեզ կապ հաստատել Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն ԿԱՄՈ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:
Չեմ հասկանում՝ ինչու է քաղաքացին վրդովված, բալետը ձայնագրության տակ նորմալ երեւույթ է: Մենք արտասահման հյուրախաղերի ենք գնում, ֆոնոգրամա ենք տանում, հո  օրկեստրով չե՞նք տանում: 
-Ուզում եք ասել՝ մեր ընթերցողն անտեղի՞ է վիրավորվել:
-Երեւի հազարից մեկ բալետ նայող է: Այն, որ բալետային ներկայացումները գնում են ֆոնոգրամայի տակ, շատ նորմալ է: Դուք լավ գիտեք, որ հիմա Օպերայի բեմը վերանորոգվում է, Հայաստանում էլ չկա էնպիսի դահլիճ, որ օրկեստրի համար փոս ունենա, մենք փորձում ենք ամեն կերպ չդադարեցնել բալետային ներկայացումները, դրա համար էլ ձայնագրության տակ են պարում:
Այդ ձայնագրությունը հենց մեր սիմֆոնիկ նվագախմբի՞նն է:
-Այո՛, այո՛, հենց մեր:
Իսկ որքանո՞վ է Սունդուկյանի դահլիճն իր չափերով համապատասխանում բալետ պարելու համար:
-Համապատասխանում է, այն աննշան փոքր է, մի-մի մետր կողքերից նեղ է, բայց համաշխարհային ստանդարտը թույլ է տալիս, որ բեմը 12-16 մետր լայնք` բացվածք ունենա: Բեմեր կան՝ 10 մետր լայնք ունեն: Եթե ինչ-որ այլ երկիր մեզ հրավիրում է, ու մենք էլ ցանկություն ունենք գնալու, հարմարվում ենք տվյալ բեմին: 
-Ստացվում է այնպես, որ մինչ դահլիճի վերանորոգումը հանդիսատեսը կդիտի բալետը Սունդուկյան թատրոնի բեմում ու ֆոնոգրամայի տա՞կ:
-Այո՛, որովհետեւ Հայաստանում մենք ուրիշ համապատասխան դահլիճ չունենք: Հիմա էլ բանակցություններ ենք վարում մի երկու երկրի հետ, որոնք ցանկանում են մեզ հրավիրել, դա հենց իրենց պահանջն է, որ առանց օրկեստրի գնանք: 

Այս խնդրի շուրջ լսեցինք նաեւ բալետմեյստեր ՌՈՒԴՈԼՖ ԽԱՌԱՏՅԱՆԻ կարծիքը:

-Սունդուկյանի բեմի չափը շատ նորմալ է, խանգարող հանգամանքն էլ այն է, որ օրկեստրի համար փոս չկա:
-Արդյոք ճիշտ է այդպես՝ առանց օրկեստրի:
Շատ թատրոններ դրսում, երբ չունեն համապատասխան միջոցներ ու պայմաններ, ստիպված են լինում առանց օրկեստրի ներկայացում խաղալ:
-Չե՞ք կարծում, որ հանդիսատեսի համար վիրավորական է դիտել բալետը ֆոնոգրամայի տակ:
-Բայց չէ՞ որ իրենք գալիս են առաջնային բալետ նայելու, ոչ թե համերգ լսելու: Ճիշտ է, երաժշտությունը շատ կարեւոր է, բայց ինքը ֆոն է մնում, կողքից օգնողն է: Չեմ կարծում, որ դա վիրավորական է: 
-Հանդիսատեսը 3000 դրամ վճարում է մի տոմսի համար, որ ֆոնոգրամա՞ լսի:
-Եթե ինքն ուզում է սիմֆոնիկ նվագախմբին լսել, ուրեմն պետք է գնա ֆիլհարմոնիայի համերգային դահլիճ: Սա Օպերայի եւ բալետի թատրոն է:
 -Դուք երկար տարիներ աշխատել եք դրսում, ձայնագրության տակ բալետ պարելը ընդունվա՞ծ ձեւ է:
-Այո՛, լրիվ հնարավոր է, ու շատ ավելի լավ կատարումներ են լինում ակուստիկայի մասով: Հետո ի՞նչ, որ առանց օրկեստրի է, չէ՞ որ եկել ենք բալետ նայելու: Երկար տարիներ աշխատել եմ Վաշինգտոնի բալետի հետ, այնտեղ նույնիսկ օրկեստրը չի էլ երեւում, հազիվ դիրիժորի գլուխը երեւա: Կարեւորը խորեոգրաֆիան է, բեմադրությունը, ոչ թե օրկեստրի առկայությունը: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս