ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ԴԱՏԻ ԿՏԱՆ ԶԱԽԱՐՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի եւ Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) միջեւ լուրջ հակամարտություն է սկսվել: Բանն այն է, որ ՀԲՃ-ն գրավոր հարցում է ուղարկել նախարարություն՝ ուղղված Ե. Զախարյանին, որով պահանջել է կա՛մ նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրել ընդերքօգտագործման ոլորտին առնչվող որոշ տեղեկություններ, կա՛մ այն իրենց տրամադրել: Սակայն Զախարյանը նախարարության աշխատակիցներին թույլ չի տվել այս թեմային վերաբերող տեղեկատվությունը ո՛չ հաղորդել եւ ո՛չ էլ պաշտոնական կայքէջում տեղադրել, ինչն էլ ՀԲՃ-ն անօրինական է համարում:

Այս առիթով Համահայկական բնապահպանական ճակատը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Մասնավորապես մեզ հետաքրքրում էր Հայաստանի հիմնական մետաղական հանքավայրերից 2002-2014 թվականների ընթացքում արդյունահանված հանքաքարի, մետաղների եւ ուղեկից բաղադրիչների մարված պաշարների ծավալները տարեկան կտրվածքով, ինչպես նաեւ՝ նույն ժամանակահատվածում նախարարության կողմից այդ հանքավայրերը շահագործող ընկերություններում անցկացված ստուգումների արդյունքները: Սակայն, մեր համոզմամբ, նախարարությունն անհիմն մերժել է տեղադրել կայքում կամ տրամադրել այդ տեղեկությունները: Պաշտոնական պատասխանում բերված փաստարկներն առ այն, որ դրանք ՀՀ «Ընդերքի մասին օրենսգրքի» տարբեր հոդվածների համաձայն՝ համարվում են երկրաբանական տեղեկություն եւ չեն կարող բացահայտվել առանց ընդերքօգտագործողի համաձայնության, ոչ մի աղերս չունեն օրենսդրության հետ եւ խախտում են հանրության շրջակա միջավայրին առնչվող տեղեկատվություն ստանալու իրավունքը: Այդ տեղեկությունները վերաբերում են մեզ պատկանող ընդերքից արդեն իսկ արդյունահանած պաշարներին, եւ, բնականաբար, դրանց մեջ չի կարող լինել ոչ մի գաղտնի երկրաբանական տեղեկություն»:
Բացի բնապահպանների այս դժգոհությունից՝ «Ժողովուրդ»-ը նախարարության աշխատակիցներից եւս տեղեկացավ, որ իրենց արգելված է նման թեմաների շուրջ նախարարությունից տեղեկատվություն «դուրս հանել»:
«Ժողովուրդ»-ը այս թեմայի շուրջ զրուցեց անձամբ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ, ով կարճ պատասխանեց. «Մենք բոլոր տեսակի տեղեկատվությունները տալիս ենք: Այն, ինչ որ հասանելի է, մենք պարտավոր ենք տրամադրել»:
Մինչդեռ ՀԲՃ անդամ Լեւոն Գալստյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված նկատեց. «Տվյալ նախարարությունը կարծում է, որ մեր պահանջածը երկրաբանական տեղեկություն է, եւ օրենքի համաձայն՝ կարող են չտրամադրել: Եթե ինքը գտնում է, որ մեր պահանջածը երկրաբանական տեղեկություն է, ապա մենք հակառակն ենք պնդում: Մենք իրենցից պահանջել ենք մեզ տրամադրել, օրինակ, թե հանքավայրից որքան հանքաքար է շահագործողը հանել, վերամշակել: Այստեղ ոչ մի երկրաբանական տեղեկություն չկա: Շահագործման մասին տեղեկությունը բաց պետք է լինի հանրության համար: Ենթադրենք՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը 2012 թվականին քանի մլն տոննա հանքաքար է մշակել: Բայց մեզ մերժել են տրամադրել այդ տեղեկությունը»:
Բացի այս՝ ՀԲՃ-ն նախարարության կողմից իրականացված ստուգումների արձանագրությունների տրամադրման մերժումը նույնպես անհիմն է համարում եւ ընդգծում, որ 2013 թվականին դրանք առանց ոչ մի խնդրի տրամադրվել են նույն նախարարության կողմից:
Ըստ ՀԲՃ-ի՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը կոպտորեն խախտել է հանրության՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը: Խնդրի առնչությամբ ՀԲՃ-ն դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ եւ պահանջել ձեռնարկել համապատասխան քայլեր՝ իրենց խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Կարեն Անդրեասյանը ՀԲՃ-ի այս բողոքն ընդունել է քննարկման եւ ուսումնասիրում է այն: Եթե պաշտպանը չարձագանքի բնապահպանների բողոքին, ապա նրանք պատրաստ են դիմել դատարան՝ Զախարյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով:
«Թող բոլոր պաշտոնյաները հիշեն, որ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի համաձայն՝ մեր երկրի ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային եւ այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները ժողովրդի սեփականությունն է: Բնականաբար, այդ ժողովուրդն էլ հենց իրավունք ունի իմանալու, թե ո՞վ եւ ինչպե՞ս է տնօրինում այդ հարստությունները»,- լրացրեց բնապահպան Գալստյանը:
Տեղեկացնենք, որ ՀՀ Սահմանադրության 33.2 հոդվածում հստակ նշված է, որ պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար: Բացի այդ` ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածում նշված է, որ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը տեղեկատվության ցանկացած միջոցով, անկախ պետական սահմաններից:
Իսկ թե ինչ ավարտ կունենա այս պատմությունը, «Ժողովուրդ»-ը կտեղեկացնի առաջիկայում:

 

 

 

 

 
ԴՐԱՄԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՇԽՈՒԺԱՆԱ՞

Նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, երբ դոլարի եւ եվրոյի փոխարժեքը կտրուկ բարձրացավ, հայաստանյան գրեթե բոլոր բանկերն ու վարկային կազմակերպությունները սկսեցին քաղաքացիներին վարկեր չտրամադրել: Այժմ էլ հայաստանյան առեւտրային որոշ բանկեր խուսափում են ազգային արժույթով՝ դրամով, վարկեր տրամադրելուց: Իսկ եթե տրամադրում են, ապա միայն դոլարով:

«Ժողովուրդ»-ը ամիսներ առաջ տեղեկացրել էր, որ քաղաքացիները նույնիսկ չէին կարողանում ապառիկ գործարքներ կատարել: Ստեղծված նման ճգնաժամային պայմաններում հայաստանյան առեւտրային բանկերի քաղաքականությունը դարձավ զգուշավոր, որն էլ իր հերթին հանգեցրեց վարկավորման տոկոսադրույքների բարձրացմանը եւ վարկավորման պայմանների խստացմանը: Հայտնի է, որ ներկա ճգնաժամային պայմաններում աշխարհի բոլոր երկրներում բանկերը նման վարքագիծ են որդեգրում: Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ առեւտրային բանկերը հիմա սկսել են վարկեր տրամադրել:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ կենտրոնական բանկ, որտեղից փոխանցեցին, որ 2014 թվականի տարեվերջին արժութային շուկայի զարգացումների ներքո առեւտրային բանկերը վերագնահատեցին իրենց ռիսկերը՝ դառնալով առավել պահպանողական: «Այս զարգացումները որոշակիորեն դանդաղեցրին դրամային վարկավորման գործընթացը: Հետագայում ԿԲ գործողություններն ուղղված էին դրամավարկային պայմանների թուլացմանը. փուլ առ փուլ նվազեցվեցին լոմբարդային ռեպո տոկոսադրույքը եւ արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման դրույքը, ինչպես նաեւ ավելացվեցին առեւտրային բանկերին տրամադրվող իրացվելիության ծավալները»,- նշված է ԿԲ-ի՝ «Ժողովուրդ»-ին ուղղված պատասխանի մեջ: Բացի այս՝ ԿԲ-ից տեղեկացրին, որ այս գործողությունները շարունակական բնույթ կկրեն, իսկ բնականոն իրավիճակին վերադառնալուն զուգահեռ՝ բանկերը կշարունակեն ճշգրտել իրենց վարկային քաղաքականությունը ռիսկերի կառավարման շրջանակներում, եւ դրամային վարկավորման գործընթացը կաշխուժանա:
Իսկ թե երբ պատրաստ կլինեն հայաստանյան բանկերը՝ վարկավորման գործընթացն աշխուժացնելու, դեռ հայտնի չէ: Միայն տեղեկացնենք, որ այս օրերին ոչ միայն վարկային կազմակերպությունները, այլեւ բանկերը դրամով վարկատեսակների համար հայտ վերցնում են պարզապես մի փոքր ավելի խիստ ընթացակարգով, քան դոլարով կամ եվրոյով: Իսկ դոլարով եւ եվրոյով վարկատեսակ ձեւակերպելու համար գործում են գրավիչ պայմաններ, մասնավորապես, այն ձեւակերպելու համար երաշխավորների կարիք չի լինում, եւ այդ գործընթացն արագ է իրականացվում:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ «ՓԼԱՏԱԿՆԵՐԻ» ՏԱԿ
Խորհրդային տարիներին արդյունաբերական համակարգի մեջ իր ուրույն տեղն ուներ Գյումրին՝ նախկին Լենինականն՝ իր ավելի քան 50 հսկա արդյունաբերական ձեռնարկություններով, թողարկվող 700 տեսակ արդյունաբերական ապրանքներով՝ ավելի քան 370 մլն ռուբլու շահույթով: Քաղաքը հայտնի էր մեքենաշինական, սարքաշինական, սննդի, թեթեւ եւ տեքստիլ արդյունաբերական ձեռնարկություններով: Բանվորական ներուժը անցնում էր 40.000-ից, իսկ որոշ արդյունաբերական ճյուղերում քաղաքը Խորհրդային Հայաստանի արդյունաբերական համակարգում իր արտադրանքի ծավալով լրացնում էր 55 տոկոսի շեմը:
Այսօր այդ ամենից գրեթե ոչինչ չի մնացել, Գյումրին ՀՀ ամենաաղքատ քաղաքն է, որտեղ պահպանված նախկին արդյունաբերական գործարանների մնացորդները գործում են իրենց երբեմնի հզորության առավելագույնը 20-30 տոկոսի չափով: Անկախության առաջին տարիներին գործարաններն արագ լիկվիդացվեցին ու փոշիացվեցին: Գյումրեցին այդ տարիներն անվանում է «ալան-թալանի» տարիներ ու չի փորձում ո՛չ փնտրել, ո՛չ էլ գտնել մեղավորների. բոլորն էլ գիտեն փոշիացնողներին էլ, թալանչիներին էլ: Այժմ գյումրեցու համար առաջնահերթը իր օրվա հացի գոյապայքարն է՝ հույսը միայն Աստծո վրա դրած՝ տեղում կամ արտագնա աշխատանքի եղանակով: 2014-ի հունիսին փորձ արվեց կոտրել արդյունաբերական այս մռայլ մթնոլորտը: Հոլանդահայ Մասիսը եկավ Գյումրի ու ստեղծեց «Արիատեքս» կարի ձեռնարկությունը՝ 50 աշխատատեղով: Բայց այսօր արդեն «Արիատեքսը» անհայտ պատճառներով չի գործում:
Բավական տարօրինակ ու մի քիչ էլ «կուրիոզային» է շաքարի գործարանի գործունեությունը, որն արդեն ինչքան ժամանակ է՝ կա՛մ բացվում է, կա՛մ վերաբացվում, սակայն դրա օգուտը քաղաքը, կարելի է ասել, չի տեսել: Այս զավեշտալի իրավիճակը վերլուծաբաններն ու տնտեսագետները մեկնաբանում են իրացման շուկայի սահմանափակությամբ՝ երեւի մոռանալով, թե իշխանական որ օլիգարխն է ներկրում շաքարն ու շաքարավազը, եւ հանուն ում գերշահույթների է «անշնչացվում» այս արդյունաբերական ձեռնարկը:
Քանի ամիս է՝ փակ է «Քարմշակմեքենա» գործարանը: 2-3 ամիս առաջ գործարանի ղեկավարությունը 10-15 օրով ժամանակավոր պարապուրդային արձակուրդ տրամադրեց իր բանվորներին: Այս գործարանը տարիներ շարունակ գործակցել է Ղազախստանի ու Թուրքմենստանի հետ եւ չի ունեցել ո՛չ պատվերների, ո՛չ էլ իրացման շուկայի խնդիր: 2015 թ. համար գործարանը ստացել է կես միլիոն դոլարի պատվեր, սակայն ուշացել են կանխավճարները, ու արդյունքում գործարանը կանգնել է փաստի առաջ:
Այս ամենով հանդերձ, 2014 թ. Շիրակի մարզը տվել է 48 միլիարդ դրամի արդյունաբերական արտադրանք, որը 14 տոկոսով ավել է 2013 թ.-ից (2013 թ. կազմել է 42 միլիարդ դրամ): Մարզում այսօր գործում է մոտ 100 փոքր ու միջին ձեռնարկություն, հիմնականում սննդի, տեքստիլ արդյունաբերական ճյուղերի եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Դրանց մի մասը հայտնի է նաեւ ՀՀ-ից դուրս: Սակայն Գյումրիում ու մարզում կատաստրոֆիկ բարձր է մնում գործազրկության մակարդակը` հասնելով 70 տոկոսի:

ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գյումրի




Լրահոս