Բարեկեցիկ կյանքի համար չէ, որ թողել եմ ոլորտը. Արևիկ Ալավերդյանը չի զղջում (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Արեւիկ Ալավերդյանը, ով տեւական ժամանակ է` բնակություն է հաստատել Ֆրանսիայում, նշում է, որ երկար ժամանակով Երեւանից հեռու ապրել չի կարողանում: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է իր փարիզյան կենսակերպի, ապագայի պլանների մասին: Արեւիկն իրեն ֆրանսիացի չի համարում, նրա խոսքով` ինքը Երեւանից հեռացել է հանուն սիրո եւ դրա համար չի զղջում:

top_IMG_7472

-Արեւի՛կ, Փարիզում շարունակում եք զբոսաշրջիկի հոգեբանությամբ ապրե՞լ, թե՞ արդեն Ձեզ ֆրանսիացի եք համարում: Ֆրանսերենը սերտելու գործընթացը դժվար չէ՞:

-Երբեք ինձ ֆրանսիացի չեմ համարի, պարզապես այստեղ` Փարիզում, փորձում եմ համակերպվել իմ նոր կյանքին: Լեզուն դժվարանում եմ սովորել, քանի որ երբեւէ ֆրանսերենին մոտ չեմ եղել, բայց պետք է պարտադիր յուրացնեմ: Ապրելով այստեղ` ինձ ինչ-որ առումով համարում եմ զբոսաշրջիկ, քանի որ Ֆրանսիայի շատ վայրերում դեռ չեմ եղել, եւ անգամ Փարիզի մեջ մի շարք նորություններ կան ինձ համար: Ինչպես այստեղ են ասում` մի ամբողջ կյանք չի բավականացնի` Փարիզն ամբողջությամբ ճանաչելու համար:

-Որքանով տեղյակ ենք` Ձեր ամուսինը ռեստորանատեր է: Գուցե ապահով եւ բարեկեցիկ կյա՞նքը նպաստեց, որ թողնեք Ձեր ոլորտը:

-Ես ոլորտը չեմ թողել բարեկեցիկ կյանքի համար: Երեւանից կիսով չափ հեռացել եմ հանուն սիրո. սրանք տարբեր բաներ են, եւ դա չէր լինի, եթե չհանդիպեի իմ ամուսնուն: Երբեք չեմ զղջացել իմ այս քայլի համար, քանի որ այն կարծիքին եմ, որ ավելին եմ ձեռք բերել` սեր, ընտանիք: Նախընտրում եմ լինել հրաշալի մայր եւ կին իմ ընտանիքի համար:

-Նույնիսկ փոքրիկ գնումները երջանկացնում են Ձեզ, Դուք ակտիվորեն տեղեկացնում եք դրանց մասին սոցցանցերում, իսկ մարդիկ երբեմն մեղադրում են Ձեզ ցուցամոլության մեջ, ի՞նչ կասեք:

-Այո՛, ինձ կարող են երջանկացնել անգամ շատ փոքրիկ երեւույթները, գնումները: Սիրում եմ գնումներ կատարել, ինչպես ցանկացած կին, բայց երբեք չեմ ցուցադրում գնածս, որ մարդիկ տեսնեն` ես դա ունեմ: Ես այս հարցին նայում եմ նորաձեւության տեսանկյունից: Instagram-ում ինձ հետեւողները միշտ դրական մեկնաբանություններ են թողնում լուսանկարներիս ներքո` խոսելով իմ ճաշակի եւ ոճի զգացողության մասին. հակառակը չեմ լսել:

-Ժամանակին մտածում էիք Ձեր ատելիեն ունենալու մասին: Երեւանում չստացվեց, գուցե Փարիզո՞ւմ ստացվի:

-Փարիզում անհատական հագուստ կարելը շատ թանկ արժի, ուստի ես չեմ ծրագրում այստեղ նման գործ ձեռնարկել: Փոխարենը միշտ երազել եմ Երեւանում սեփական showroom ունենալու մասին, ու թեեւ դա չստացվեց իմ տեղափոխվելու պատճառով, այնուամենայնիվ, այդ մտքից չեմ հրաժարվել:

top_arevik_alaverdyan_top

-Որոշ երգչուհիներ ժամանակին առաջարկել էին Ձեզ դառնալ իրենց ոճաբանը, ինչո՞ւ մերժեցիք նրանց: Հնարավո՞ր է՝ երբեւէ նման առաջարկ ընդունեք:

-Նրանք սկսնակ երգչուհիներ էին, որոնք այսօր բավականին մեծ ճանաչում ունեն: Նման առաջարկներ կընդունեի, եթե մնայի եւ աշխատեի Երեւանում, բայց հիմա բավարարվում եմ օնլայն շփումների միջոցով խորհուրդներով փոխանակվելով, իսկ երբ լինում եմ Երեւանում, սիրով օգնում եմ բոլորին, ովքեր ինձ դիմում են:

-Իսկ երբեւէ Ձեր քրոջ հետ աշխատելու, նրա պրոդյուսերը դառնալու մասին մտածե՞լ եք, կամ նրա հետ դուետով հանդես գալու մտադրություն ունե՞ք:

-Քրոջս գործերով զբաղվում է իր ամուսինը: Նախկինում մտածում էինք միասին հանդես գալու մասին, բայց, քանի որ ոճային առումով տարբերվում էինք, անընդհատ երկմտում էինք: Ցավոք, միասին հանդես գալու մտադրությունը դեռ չի իրականացել, բայց ցանկությունը մնացել է. գուցե ապագայում նման բան լինի: Ե՛վ ես, ե՛ւ հայրս ու Անուշիկը («Ակունք» ազգագրական երգի եւ պարի համույթի գեղղեկավար Սարգիս Ալավերդյանը. հեղ.) շատ ենք ցանկանում երեքով հանդես գալ, կարծում եմ` դա էլ կիրականացվի:

-Նշել եք, որ ցանկություն ունեք խաղալ ֆիլմում, Ձեզ ինչպիսի՞ կերպարում եք պատկերացնում:

-Լավ ֆիլմում նկարահանվելը հրաշալի կլիներ, սիրում եմ թեթեւ, «կյանքային» ֆիլմեր, կոմեդիաներ, կուզենայի մարմնավորել նաեւ ուժեղ կանանց կերպարներ:

Գիտենք, որ շատ եք սիրում երեխաների, չե՞ք պատրաստվում Ձեր բալիկներն ունենալ: Իսկ երբեւէ մտածե՞լ եք ընտանիքով Հայաստանում ապրելու մասին: 

-Բալիկների մասին, իհարկե, մտածում ենք, Աստված առաջ: Ամուսինս շատ է սիրում Երեւանը, ասում է` հենց թոշակի անցնեմ, գնալու ենք Երեւանում ապրենք, ես հավատում եմ (ծիծաղում է), իսկ մինչ այդ կբավարարվենք հաճախակի այցերով, Երեւանից հեռու երկար ապրել չեմ կարողանում:

Լուսանկարը` Bravo.am-ի

Աննա Բաբաջանյան




Լրահոս