Սիրիահայերին օգնության ձեռք չմեկնելը հավասար է ազգային դավաճանության. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները դեռ երկար ժամանակ կմնան յուրաքանչյուր հայի մտքում եւ սրտում, քանզի այսպիսի միաբանություն, ազգային գիտակցության այսպիսի զարթոնք եւ սեփական ուժերի վրա այսպիսի վստահություն մենք բոլորս վաղուց չէինք ունեցել: Ապրիլի 24-ին նախորդած իրադարձությունները` աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի ընդունումն ու միջազգային մամուլի աննախադեպ ուշադրությունը, մի կողմից, մյուս կողմից` մեր աշխարհահռչակ հայրենակիցների` Ս. Թանկյանի, Շ. Ազնավուրի, ինչու չէ` Ք. Քարդաշյանի իրականացրած քարոզչական արշավն ու դրա կողքին նաեւ մեր պետական համակարգի կողմից հավուր պատշաճի կազմակերպված միջոցառումները մեր մեջ արթնացնում էին հպարտության եւ ինքնավստահության զգացում, որը չկարողացավ մթագնել անգամ Բ. Օբամայի հիասթափեցնող ուղերձը. մենք բոլորս ազգովի գիտեինք մեկ բան` ճշմարտությունը մեր կողմից է, եւ այն հաղթել հնարավոր չէ:

Այդ ամենը հրաշալի էր եւ անպայման ունենալու է իր շատ կարեւոր հետքը մեր բոլորիս, հատկապես երիտասարդ սերունդի, աշխարհընկալման վրա: Սակայն հենց այդ նույն օրերին մեր հայրենակիցների մի զգալի մասը գտնվում էր եւ շարունակում է գտնվել մահվան վտանգի մեջ Սիրիայի Հալեպ քաղաքում: Խոնարհվելով մեր 1,5 միլիոն անմեղ նահատակների հիշատակի առջեւ՝ արդյոք մենք` որպես Հայաստանի Հանրապետություն, իրավունք ունենք անտարբեր լինել նահատակվելու սպառնալիքի տակ գտնվող սիրիահայերի հանդեպ:

Երբ 3 տարի առաջ սկսվեց սիրիական այս պատերազմը, մեր իշխանությունները ասում էին այն, ինչ հիմա, եւ այս ընթացքում Սիրիայում սպանվեց ավելի քան 100 հայ, իսկ տասնյակ հազարավորները դարձան փախստական` կորցնելով իրենց ունեցվածքը: Արդ, միթե ավելի ճիշտ չէր լինի, եթե ՀՀ Կառավարությունը ժամանակին համակարգված կերպով տարհաներ Սիրիայի բարեկեցիկ եւ հարուստ հայ համայնքը` չսպասելով մարդկային կորուստներին եւ ունեզրկմանը: Այդպես հայրենիքում ապաստանած սիրիահայերը կկարողանային ոչ միայն բարենորոգել իրենց կեցությունը, այլեւ ապահովել զգալի շարժ ՀՀ տնտեսական կյանքում: Մինչդեռ հիմա ՀՀ-ում ապրող սիրիահայերից շատերը անապահով վիճակում են, իսկ Սիրիայի հայ գաղութը պահպանելու կոչեր անողների ձայնը այլեւս չի լսվում:

Ամենացավալին, սակայն, այն է, որ անգամ հիմա մեր իշխանավորները չեն գիտակցում, որ հարկ է գործել հնարավորինս արագ եւ ակտիվ: Սփյուռքի նախարարն ասում է` սիրիացիները չեն ցանկանում գալ, ես ինչ անեմ: Սակայն հակառակ նախարարի պնդմանը` համացանցում օրըստօրե շատանում են Հալեպից մեր հայրենակիցների ուղարկած «sos»-երը, եւ դրանք անտեսելն այլեւս ազգային դավաճանություն է: Ի վերջո, մեր սիրիահայ քույրերին եւ եղբայրներին օգնության ձեռք մեկնելու հարցում երկմտող որեւէ իշխանավոր բարոյական իրավունք չպիտի ունենա խոսելու Հայոց ցեղասպանությունից:




Լրահոս