Պետք չէր այդքան ցցուն ի ցույց չդնել ԱՄՆ իշխանությունների կողմից ՀՀ նախագահի մերժված լինելու իրողությունը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն Armlur.am-ը տեղեկացրել է՝ Ս. Սարգսյանն այսօր եռօրյա աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ: Այս տեղեկությունը տեւական ժամանակ փակ պահելուց հետո երեկ վերջապես հաստատեցին նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմից:

Տարածված հաղորդագրությունից, սակայն, պարզ դարձավ, որ այսքան երկար ճանապարհ կտրելով եւ ԱՄՆ հասնելով` Ս. Սարգսյանն, ըստ էության, ավելի շատ ճանաչողական բնույթի այց է ունենալու:

Այսպես՝ իր եռօրյա այցի ընթացքում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ս. Սարգսյանը կայցելի Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարան, կլինի ԱՄՆ կոնգրեսի գրադարանում, որտեղ կծանոթանա գրադարանի հայկական ցուցանմուշներին, ապա կհյուրընկալվի «Վաշինգտոն Փոստ» թերթի գրասենյակում եւ հանդիպում կունենա թերթի խմբագրական խորհրդի հետ: Սրանից զատ` Վաշինգտոնում նախատեսվում են հանդիպումներ հայկական կազմակերպությունների ղեկավարների եւ ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Իսկ մայիսի 7-ին Ս. Սարգսյանը Վաշինգտոնի ազգային տաճարում կմասնակցի Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին:

Եթե չլիներ հաղորդագրության սկզբում անորոշ նշումը, թե Ս. Սարգսյանը «հանդիպումներ կունենա Սենատում», ապա հիշատակումը, թե «Վաշինգտոնում նախատեսված է նաեւ Ս. Սարգսյանի հանդիպումը Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ», կարելի էր մտածել, որ խոսքը ոչ թե երկրի նախագահի այցի մասին է, այլ որեւէ ակտիվ եւ հետաքրքրասեր զբոսաշրջիկի:

Իրականում սա բավականին ամոթալի ամրագրումն է այն փաստի, թե Ս. Սարգսյանն իրենից ինչպիսի հետաքրքրություն է ներկայացնում ԱՄՆ իշխանությունների համար: Ընդգծենք` ոչ թե Հայաստանն ու հայ-ամերիկյան հարաբերությունները, այլ հենց Ս. Սարգսյանը, որը չնախապատրաստված իրավիճակներում կարող է այնպիսի սայթաքումներ թույլ տալ, ինչպես, օրինակ, դա արեց Պոզներին տված իր վերջին խայտառակ հարցազրույցում` ԱՄՆ-ին մեղադրելով համամարդկային արժեքները քաղաքական շահերին ստորադասելու մեջ:

ԱՄՆ-ի կողմից նման վերաբերմունքը, թերեւս, չպետք է զարմանալի լինի, զարմանալին այստեղ այլ հանգամանք է. կանխավ տեղեկացված լինելով նման «բարձրաստիճան» ընդունելության մասին՝ ինչ կարիք կար վեր կենալ-հասնել ԱՄՆ աշխատանքային այցով: Հայ համայնքի հետ հանդիպման համար թող ուղարկեին վարչապետին կամ ԱԺ նախագահին եւ այդքան ցցուն կերպով ի ցույց չդնեին ԱՄն իշխանությունների կողմից մերժված լինելու իրողությունը:

Առավել եւս, որ ի սկզբանե արված այն հաշվարկը, թե այցելելով ԱՄՆ՝ Ս. Սարգսյանը կկարողանա խուսափել մայիսի 8-ին Մոսկվայում ԵՏՄ խորհուրդի նիստին մասնակցելուց, չարդարացավ. Ս. Սարգսյանին ասվեց, որ նա jetlag-ի մեջ էլ. պիտի լինի Մոսկվայում, անգամ, եթե դարձյալ քնի ԵՏՄ խորհրդի նիստի ընթացքում, ինչպես դա տեղի ունեցավ 2013թ-ին` Մինսկում: Եվ մեծ բարեբախտություն կլինի, եթե այս անգամ ռուսական պետական լրատվամիջոցները չցուցադրեն Ս. Սարգսյանի քնած կադրերը:




Լրահոս