Ի՞նչ ցուցմունք են տվել Գոհար Ենոքյանի խնամիները. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեի երեկոյան ձերբակալվեց նախկին Գերագույն խորհրդի անդամ, Աժ նախկին պատգամավոր Գոհարիկ Ենոքյանը: Վերջինս հայտնի է իր բարի համբավով, ուստի նրա մեկուսացումը հասարակական եւ քաղաքական շրջանակներում մեծ զարմանք առաջացրեց ու միանշանակ չընդունվեց: Իսկ ի՞նչն էր նախկին պատգամավորի ձերբակալման պատճառը:

Նախ՝ պաշտոնապես

Երեկ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրեց, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործով 2015 թվականի մայիսի 4-ին սպանության նախապատրաստություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գոհարիկ Ենոքյանը:

Նշենք, որ այս գործը նախկինում քննվել է ոստիկանությունում, թե ինչ ավարտ է ունեցել, մեզ պարզել չի հաջողվել: Միայն պարզեցինք, որ նշված գործը ՀՀ քր. դատ. օր. 190-րդ հոդվածի 6 կետի 2-րդ պարբերության համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրահանգով ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ օբյեկտիվ քննություն իրականացնելու համար: Իսկ թե նախկին պատգամավորը կոնկրետ ում սպանությունն է նախապատրաստել, պաշտոնական աղբյուրները լռում են: Ուստի «Ժողովուրդ»-ն իր աղբյուրներից փորձեց պարզել, թե իրականում որտեղ է թաքնված «շան գլուխը»:

Պարզեցինք, որ այս պատմությունը սկիզբ է առել դեռեւս 2011 թվականից: Եվ այսպես, նշված ժամանակահատվածում ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը` Յուվեցի Կարոն, 5-6 միլիոն դոլար է ներդրել Գոհարիկ Ենոքյանի փոխանակման կետում՝ հետագայում հետ ստանալու պայմանով: Նշենք, որ տարադրամի փոխանակման կետի սեփականատերը եղել է Գոհարիկ Ենոքյանը, իսկ նրա եղբոր տղան` Արայիկ Ենոքյանը, փոխանակման կետի տնօրենն է եղել կամ, այսպես ասած, աշխատեցնողը: Իսկ ինչպե՞ս է տեղի ունեցել գումար տրամադրելու գործընթացը:

Խնամու թեթեւ ձեռքով

Պարզվում է, որ Յուվեցի Կարոյի կողմից Գոհարիկ Ենոքյանի տարադրամի փոխանակման կետին գումարը փոխանցվել է Ենոքյանի եղբոր որդու՝ Արայիկի կնոջ եղբոր Արտակի եւ նրա հոր` Խաժակ Բադալյանի միջոցով: Եւ որոշ ժամանակ անց Կարո Կարապետյանը պահանջել է իր գումարը: Խաժակ եւ Արտակ Բադալյանները հրաժարվել են գումար տալուց` ասելով, թե իրենք գումար չունեն, այն տվել են Գոհարիկ Ենոքյանին, նա էլ հրաժարվում է գումարը հետ վերադարձնել:

Լուրեր կան, որ Կարո Կարապետյանն անգամ դիմել է Գոհարիկ Ենոքյանի եղբոր որդուն` Արայիկին՝ նրանից եւս պահանջելով տված գումարը, սակայն հերթական անգամ մերժումն է ստացել: Արայիկ Ենոքյանի եւ Կարո Կարապետյանի հարաբերությունները լարվել են, եւ գործին խառնվել են իրավապահները: Արդյունքում Արայիկ Ենոքյանը խարդախության հոդվածով կալանավորվել է: Տպավորությունն այնպիսին էր, որ այսքանով պետք է ավարտված լիներ պատմությունը, սակայն այս կալանավորումից հետո աղմկալի իրադարձությունները շարունակվեցին:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Կարո Կարապետյանը չի դադարել իր գումարը հետ պահանջելուց, հերթական անգամ դիմել է Արտակ եւ Խաժակ Բադալյաններին, վերջնաժամկետ ներկայացրել նրանց: Եւ, ահա, Բադալյաններն էլ նոր թափով սկսված քրեական գործի քննության ընթացքում արդեն իրենց խնամու՝ Գոհարիկ Ենոքյանի դեմ ցուցմունքներ են գրել՝ պատմելով, որ գումարն իրականում Գոհարիկ Ենոքյանը չի վերադարձնում: Արդյունքում Ենոքյանը կալանավորվել է իր եղբոր որդու աներոջ և աներորդու տված ցուցմունքների հիման վրա: Նկատենք, որ այս պատմությունը բավականին խորը արմատներ ունի, եւ «փողային հարաբերությունների» մասին տարիներ շարունակ տեղյակ են եղել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ` ընդհուպ մինչեւ Սերժ Սարգսյանը: Սակայն Ենոքյանի անձը հաշվի առնելով, թերեւս, գործին ընթացք չի տրվել:

Ի՞նչ ցուցմունք են տվել խնամիները

Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Գոհարիկ Ենոքյանի եղբոր խնամին և փեսան հայտնել են, որ Գոհարիկ Ենոքյանը իրենց կանչել է եւ ասել՝ Խաժակ ու Արտակ, դուք հեռացեք երկրից, Կարոյին խփել կտամ, իսկ այդ գումարի պատմությունը կավարտվի: ՀՔԾ-ին մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ մոտավորապես այս բովանդակությամբ զրույց խնամիների մեջ մեկ անգամ չէ, որ կայացել է, ինչի ձայնագրություններն առկա են քրգործում:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Գոհարիկ Ենոքյանի՝ տարադրամի փոխանակման կետը գտնվում է Մաշտոցի պողոտայի վրա, ուստի ստեղծված իրավիճակի եւ կատարվածի մանրամասները պարզելու նպատակով շտապեցինք տարադրամի փոխանակման կետ, սակայն կետը չէր գործում: Այն վարձակալական հիմունքներով տրված էր այլ քաղաքացու, որը հրաժարվեց որեւէ բան խոսել մեզ հետ: Փորձեցինք զրուցել նաեւ հերթական անգամ տուժողի կարգավիճակում հայտնված, բայց աղմկալի պատմություններով հայտնի Կարո Կարապետյանի հետ: Սակայն վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Իսկ, ահա, Գոհարիկ Ենոքյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը, անդրադառնալով իր պաշտպանյալի դեմ խնամու եւ փեսայի գրած ցուցմունքներին, ասաց, թե տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում. «Նման հանգամանքներ բացարձակ չկան, նման անձինք չկան, ոչ մի բանը չի համապատասխանում իրականությանը: Նախ սկսենք նրանից, որ տիկին Ենոքյանը տարադրամի փոխանակման կետ չունի եւ որեւէ մեկից գումար չի վերցրել: Գոհարիկ Ենոքյանին պատկանող տարածքում իր եղբոր տղան` Արայիկ Ենոքյանն է մի անկյուն վերցրել եւ աշխատել: Կրկնում եմ, որ կոնկրետ որեւէ մեկից որեւէ լումա Գոհարիկ Ենոքյանը չի վերցրել, նման փաստ չկա»:

Պաշտպանը անդրադառնալով Գոհարիկ Ենոքյանի առոջական վիճակին՝ ասաց, որ վերջինս այրան բարձր ճնշում է ունեցել, եւ նրա համար շտապօգնություն են կանչել. «Առողջական վիճակը լավ չէ»:

37 ստորագրություն

Հաշվի առնելով Գոհարիկ Ենոքյանի առողջական վիճակը՝ երեկ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Ազգային ժողովում ստորագրահավաք էր կազմակերպել՝ Ենոքյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չկիրառելու միջնորդությամբ: Ըստ նրա՝ ազատության մեջ գտնվելով՝ Ենոքյանը ոչ մի վտանգ չի կարող ներկայացնել: Ու թեեւ Զոհրաբյանը կոչ էր արել բոլորին՝ հատկապես ԱԺ կին պատգամավորներին, միանալ նախաձեռնությանը, այնուամենայնիվ, օրվա վերջում ձեւաթղթի տակ ստորագրեցին 37 պատգամավորներ: Գրությունը ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Արդյո՞ք ստորագրություններն ինչ-որ կերպ կօգնեն Գոհարիկ Ենոքյանին ազատ արձակել, դժվար է ասել: Հարցը կպարզվի մայիսի 7-ին, երբ լրանա նրա ձերբակալության 72-ժամյա ժամկետը:

Հ. Գ. ՀՔԾ մամուլի պատասխանատու Միքայել Ահարոնյանը հետեւողականորեն թաքցնում է ինֆորմացիան լրագրողներից: Նա, տեղավորվելով «նախաքննության գաղտնիություն» տերմինի հետեւում, ՀՀ քաղաքացիներին պարզապես զրկում է տեղեկացված լինելու իրավունքից: Երեկ հասարակական-քաղաքական դաշտը պայթում էր Ենոքյան-Կարապետյանի գործի մասին տեղեկատվական քաղցից, սակայն ՀՔԾ-ն անանուն մի տեքստով իր գործը համարեց ավարտված: Բայց իրադարձության մասին ոչինչ չխոսելով՝ այն անտեսել հնարավոր չէ:

Քնար Մանուկյան




Լրահոս