Այն, որ ՀՀ մարզերի շտապօգնության ծառայությունները տրանսպորտային միջոցներով ապահովված չեն, դա վաղուց հայտնի փաստ է: Բայց եթե սրան գումարենք նաեւ գյուղերի՝ հիվանդանոցներից հեռու գտնվելն ու ճանապարհների անմխիթար վիճակը, ապա կարելի է ասել, որ այս ոլորտում մեր պատկան մարմինները դեռ շատ անելիք ունեն:
Մայրաքաղաքից դուրս հիմնականում խորհրդային տարիների շտապօգնության մեքենաներ են շահագործվում, նորերն ունենալն անգամ երազանք է համարվում: Շատ մարզերում ստիպված են լինում բավարարվել մայրաքաղաքից նվեր ուղարկված, օգտագործված ավտոմեքենաներով, որոնք էլ, բնականաբար, տեխնիկական բազում խնդիրներ ունեն:
Շիրակի մարզի առողջապահության եւ սոցապ վարչության պետ Հովհաննես Հովհաննեսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ առողջապահության նախարարության առողջապահության ԾԻԳ-ը երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում Ախուրյանի ՇԲՕԿ-ի համար 2014 թ. դեկտեմբերի 25-ին ավտոմեքենա էր հատկացրել, սակայն այդ մեքենան Երեւանից Գյումրի տեղափոխման ժամանակ փչացել էր: «Մյուս մեքենաները բավարար վիճակում են, քան սա: Օրինակ՝ Գյումրու բժշկական կենտրոնի շտապօգնության տրասնպորտային պարկը գերազանց վիճակում է եւ ապահովված է: Մեր մարզում ամենախոցելի տեղում է Ախորյանն ու Արթիկը, բայց մի հատ մեքենա է սպասարկում ազգաբնակչությանը: Այսինքն՝ եթե մեկ կանչի ընթացքում երկրորդը գրանցվի, ապա խնդիրներ կառաջանան: Իհարկե, հիմա կարողանում ենք Գյումրու բժշկական կենտրոնի հետ կոմպեսացնել այդ աշխատանքը, բայց ամեն դեպքում ունենք մեքենաների կարիք»,- ներկայացրեց Հովհաննեսյանը: Զրույցի ավարտին նա նշեց, որ ԱՆ-ի ուղարկած մեքենան, որը դեռ ճանապարհին էր փչացել, վերանորոգվելուց հետո նորմալ աշխատում է:
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ԱՆ առողջապահության ԾԻԳ պետ Նելսոն Զուլոյանից պարզել, թե ինչո՞ւ են Ախուրյանի ՇԲՕԿ-ին փչացած ավտոմեքենան նվեր ուղարկել: Որքանո՞վ է արդար այն, որ մաշված, դուրս գրված ավտոմեքենաները Երեւանի շտապօգնության կայանից ուղարկվում են մարզեր:
«Մենք վարկային ծրագրեր իրականացնելու արդյունքում տնտեսում ունեցանք, եւ որոշվեց, որ այդ կայանի տասը մեքենան, որոնք քիչ թե շատ բարվոք վիճակում էին գտնվում, վերանորոգվեն եւ տրամադրվեն սահմանամերձ մարզերին: Ախուրյանի բժշկական կենտրոնի կողմից հայտ ստացանք եւ մեկ մեքենա էլ իրենց տրամադրեցինք: Տեղեկացնեմ, որ սա եղել է 1996 թվականի արտադրության մեքենա: Բանական է՝ ինչպե՞ս կարող է 96 թվականի մեքենան խնդիր չունենալ, եթե հիմա նորն է ունենում»,- պարզաբանեց Զուլոյանը:
Հավելենք, որ նշված 10 մեքենաները նորոգելու համար պետբյուջեից ծախսվել է շուրջ 22 մլն դրամ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ