Ազատամուտի գյուղապետը դժգոհ է, որ իր որդու նկատմամբ դատաքննությունը շարունակվում է. աղջիկ փախցնելու հետևանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանը դժգոհ է, որ իր որդու՝ Կարեն Մարտիրոսյանի նկատմամբ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատաքննությունը շարունակվում է: Բանն այն է, որ երկուսուկես տարի առաջ գյուղապետի որդին ցանկացել է աղջիկ փախցնել, սակայն չի ստացվել: Ժ. Մարտիրոսյանն ասում է, որ իր որդին ցանկացել է այդ աղջկա հետ ամուսնանալ:

Նշենք, որ այդ աղջիկը 2 տարի առաջ ամուսնացել է ուրիշի հետ, նա Կարեն Մարտիրոսյանի դեմ բողոք չունի: Ժ. Մարտիրոսյանը գտնում է, որ դա բավարար է, որպեսզի իր որդու՝ սահմանամերձ գյուղի բնակչի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվի:

Կարեն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. հունիսի 11-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, նախնական համաձայնության գալով քննությամբ չպարզված անձանց հետ՝ Իջեւան քաղաքի Անկախության փողոցի 19 հասցեում գտնվող «Յունիբանկ» ՓԲԸ-ի մասնաշենքի դիմացից առանց համարանիշի «Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայով, բացահայտ բռնության գործադրմամբ, ամուսնության նպատակով փորձել է առեւանգել Իջեւան քաղաքի բնակչուհուն: Սակայն Իջեւան քաղաքի բնակիչներ Էդվարդ Գալստյանի եւ Սերգեյ Խալաթյանի միջամտության արդյունքում Կարեն Մարտիրոսյանին եւ մյուսներին իրենց կամքից անկախ հանգամանքների պատճառով չի հաջողվել աղջիկ փախցնելու գործն ավարտին հասցնել:

Կ. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առեւանգելու փորձը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը:

Այդ քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվել է 2015թ. հունիսի 29-ին: 2015թ. հուլիսի 3-ին դատարանը որոշում է կայացրել Կ. Մարտիրոսյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին: Նկատի ունենալով, որ վերջինիս գտնվելու վայրը հայտնի չէ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Մեկ տարի եւ երեք ամիս անց՝ 2016թ. սեպտեմբերի 19-ին, ոստիկանության Իջեւանի բաժնից դատարան գրություն է ստացվել, որ 2016թ. սեպտեմբերի 17-ին Կ. Մարտիրոսյանը հայտնաբերվել եւ տեղափոխվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ:

Այդ գրության հիման վրա Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը 2016թ սեպտեմբերի 19-ին որոշել է նշված քրեական գործի վարույթը վերսկսել: Դատական հերթական նիստը նշանակված է 2017թ. փետրվարի 16-ին: Կ. Մարտիրոսյանի հայրը՝ ՀՀԿ Ազատամուտի տարածքային կազմակերպության ղեկավար Ժորա Մարտիրոսյանը, 2008թ.-ից Ազատամուտ համայնքի ղեկավարն է: 2016թ. սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Ժ. Մարտիրոսյանը վերընտրվել է:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս