Ունենք պետական մանկապարտեզներ, որտեղ վերջին քսան տարիների ընթացքում ոչ մի վերանորոգման աշխատանք չի իրականացվել. Վահե Դանիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին ամիսներին ՀՀ մանկապարտեզներում արձանագրված թունավորման դեպքերը հաճախակիացել են: Թեեւ պատկան կառույցները հավաստիացնում են, որ ոլորտն իրենց կողմից վերահսկվում է, այնուամենայնիվ, սննդային թունավորման դեպքերը հաջորդում են մեկը մյուսին: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանի հետ:

-Պարո՛ն Դանիելյան, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այս տարվա ընթաքցում քանի՞ մանկապարտեզներում է ստուգումներ իրականացրել:

-Նախատեսված է եղել 250 մանկապարտեզում պլանային ստուգումներ անցկացնել, դրանից բացի մոտ 70 ստուգում եղել է ոչ պլանային: Այլ մանկապարտեզներում նույնպես ՍԱՊԾ-ի կողմից դիտարկումներ իրականացվել են: Բոլոր բացահայտված անհամապատասխանությունների մասով տրվել են հանձնարարականներ: Բացի այս՝ ՍԱՊԾ պետի որոշմամբ եղել են նաեւ սննդի գործառույթի կասեցման դեպքեր մինչեւ համապատասխան խախտումների վերացումը:

-Կնշեք, թե խախտման քանի՞ դեպք եք բացահայտել:

-Ավելի քան 20 մանկապարտեզում եղել են դեպքեր, երբ կասեցվել է մանկապարտեզի գործունեությունը մինչեւ համապատասխան վերանորոգման աշխատանքներ իրականացնելը: Եղել են նաեւ մանկապարտեզներ, որտեղ օրերի ընթացքում է հնարավոր եղել վերացնել հայտնաբերված թերությունը, խախտումը: Կային նաեւ մանկապարտեզներ, որտեղ մեկ սանիտարական օրը բավարար էր, որպեսզի տվյալ մանկապարտեզը բերվի պատշաճ տեսքի, ստեղծվեն հիգիենիկ պայմաններ՝ բնականոն գործունեությունը շարունակելու համար: Ստուգումների ընթացքում եղել են նաեւ մանկապարտեզներ, որտեղ լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվել, ապա թույլատրվել է դրանք շահագործել:

-Ստուգումների ընթացքում հիմնականում ի՞նչ բնույթի խախտումների եք հանդիպում:

-Հիմնականում արձանագրված խախտումները հիգիենիկ պայմանների հետ են կապված՝ խոհանոցի ոչ բարեկարգ վիճակ, տաք ջրի բացակայություն, ափսեների լվացման ոչ առանձնացված վայր, ոչ բավարար քանակի սառնարաններ, որտեղ կարելի է պահպանել արագ փչացող սննդամթերքը եւ այլն: Հիմնականում հիգենիայի հետ են կապված թերությունները՝ հատակ, առաստաղ, պատեր: Այս խնդիրներն են, որոնք լուծելու համար երկար ժամանակ է պահանջվել:

-Իսկ վարչական պատասխանատվության ենթարկվե՞լ են այն մանկապարտեզները, որտեղ թերություններ, խախտումներ են արձանագրվել:

-Մեզ համար թիրախը եղել է ոչ թե մանկապարտեզներին վարչական պատասխանատվության ենթարկելը, այլ առկա թերությունների վերացումը: Դրան ներգրավվել են թե՛ մարզպետարանները, թե՛ տեղական ինքնակառավարման մարմինները: Եւ կառավարության կողմից խիստ հանձնարարականներն են եղել, որպեսզի բոլոր հնարավոր ռեսուրսները օգտագոծվեն՝ տվյալ խնդիրները լուծելու համար: Այն պարագայում, երբ մարդու կյանքի եւ առողջության մասով խնդիր առաջացնող պայմաններ են եղել տվյալ հաստատություններում, միանշանակ վստահեցնում եմ Ձեզ, որ մեկ րոպե ավել չի աշխատել տվյալ մանկապարտեզը:

-Իսկ մասնավոր մանկապարտեզներում ՍԱՊԾ-ն ստուգումներ իրականացնո՞ւմ է, թե՞ ոչ:

-Մասնավոր մանկապարտեզների մասով մենք նախորդ տարվա ընթացքում ստուգումներ իրականացրել ենք: Բայց այս տարի մեր հիմնական թիրախը եղել են պետական մանկապարտեզները: Նշեմ, որ նախորդ տարի ՍԱՊԾ-ն 11 պլանային ստուգում է ունեցել, որոնցից մեկը եղել է մասնավոր մանկապարտեզում: Այս տարի ծառայության պետի ցուցումը եղավ, որպեսզի հնարավորինս մեծ քանակությամբ մանկապարտեզներ ստուգվեն: Այն մասնավոր մանկապարտեզները, որոնք մեր տարեկան պլանային ստուգումների ցանկում եղել են, նույն վերահսկողությունը իրենց նկատմամբ է: Մենք չենք տարանջատել՝ սա մասնավոր է, իսկ սա՝ պետական: Չէ որ երկու պարագայում էլ մարդու կյանքի, առողջության հետ գործ ունենք: Երկուսն էլ պետք է բավարարեն օրենսդրության պահանջներին: Մասնավոր մանկապարտեզները հիմնականում նոր կահավորված են, վերանորոգված, բայց դա չի նշանակում, որ մենք այնտեղ թուլացրել ենք հսկողությունը:

-Բայց հանրության մոտ կարծիք է ձեւավորվել, որ սննդային թունավորման դեպքերից հետո է միայն ՍԱՊԾ-ն սկսում ստուգումներ իրականացնել:

-Դեկտեմբերի 1-ի դրությամբ արդեն ունեինք նախատեսված 2015 թվականի ստուգումների պլան, որտեղ կար 250 մանկապարտեզ: Ուղղակի համընկավ այդ չարաբաստիկ դեպքի հետ, որն եղավ դեկտեմբերին՝ Եղվարդի մանկապարտեզում: Երբ նման դեպք է լինում մարդիկ սեւեռվում են, նրանց թվում է, թե մենք մինչ այդ պարապության էինք մատնված եւ դրանից հետո սկսեցինք աշխատել: Բայց այդպես չէ:

-Իսկ ընդհանուր առմամբ ի՞նչպիսի իրավիճակ է մարզերի մանկապարտեզներում:

-ՀՀ մարզերում ունենք պետական մանկապարտեզներ, որտեղ վերջին քսան տարիների ընթացքում ոչ մի վերանորոգման աշխատանք չի իրականացվել: Մարզերի մանկապարտեզները անմխիթար վիճակում են: Արձանագրված խնդիրների մեծ մասը մարզերի մանկապարտեզներում են եղել, բայց դրանք շտկելու հանձնարարականներ են եղել, եւ այդ աշխատանքներին ներգրավվել են թե՛ մարզպետարանները, թե՛ գյուղապետարանները:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս