Եթե սիրիահայերի համար Նալբանդյանի` Սիրիա այցը «վիտամին էր», ինչո՞ւ են նրանք ավելի բարձր sos գոչում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը, արձագանքելով արդեն երկու տարի շարունակ պատերազմի կիզակետում ապրող սիրիահայերին երկրից դուրս բերելու հարցում ՀՀ իշխանությունների դանդաղկոտության քննադատությանը, երեկ Ա1+-ին ասել է. «Նման հարց դնողները պետք է նախ վերհիշեն, թե ինչ իրավիճակ է այդ երկրում։ Թող նայեն քարտեզին ու հասկանան՝ հնարավո՞ր է արդյոք ֆիզիկապես իրականացնել այդպիսի գործողություն։ Գուցե այդ դեպքում հետ կանգնեն նման հարցադրումներ անելու գայթակղությունից»:

Իհարկե, Սիրիայում տիրող ներկայիս իրավիճակում զանգվածային տարհանման մասին խոսելը լուրջ չէ, քանի որ դա կապված է մի շարք անլուծելի խնդիրների հետ` սկսած Հալեպից դեպի Դամասկոսի օդանավակայան տանող ճանապարհի գնդակոծության վտանգից, ավարտած նման զանգվածային տարհանման խիստ անցանկալի քաղաքական հետեւանքներով: Եվ, բնականաբար, սիրիահայերին փրկելու կոչերով հանդես եկող հայ մտավորականներն ու քաղաքական գործիչները դա շատ լավ հասկանում են, այլ խնդիր է, որ ՀՀ իշխանությունները չեն հասկանում կամ ձեւացնում են, թե չեն հասկանում, որ կարող են լինել եւ կան բազմաթիվ այլ ճանապարհներ` մեր հայրենակիցներին մաս-մաս, փոքր խմբերով դուրս բերելու համար երկրից:

Եվ, առհասարակ, ինչու քարտեզների գիտակ ԱԳ նախարարության խոսնակը չի մտաբերում ավելի վաղ` դեռ երկու տարի առաջ, այս հարցի շուրջ ՀՀ իշխանություննների, այդ թվում եւ անձամբ իր ղեկավարի արած բազմաթիվ հայտարարություններն այն մասին, որ առայժմ միջամտելու եւ սիրիահայերին տարհանելու կարիք չկա, սակայն երբ պաշտոնական Երեւանը զգա, որ դա է մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու միակ ելքը, ապա առանց հապաղելու բանակցություններ կսկսի Սիրիայի իշխանությունների հետ` տարհանումն ապահովելու համար: Հիմա, սակայն, պարզվում է, որ ՀՀ ԱԳՆ-ում ուսումնասիրել են Սիրիայի քարտեզը ու հասկացել, որ դա հնարավոր չէ, ու դեռ մի բան էլ` իրենց անգործությունը քննադատողներին խրատներ են տալիս:

Թեպետ ԱԳՆ խոսնակի այս պատասխանը չպետք է զարմանալի լինի: Եթե նրա ղեկավարն իր` օրերս Սիրիա կատարած այցից այնքան գոհ է, որ երկրորդում է իրեն համայնքի ղեկավարներից մեկի ասած հաճոյախոսությունը, իբր իր այցը սիրիահայերի համար վիտամին էր, այն դեպքում, երբ տասնյակ սիրիահայեր սոցիալական ցանցերում եւ տարբեր լրատվամիջոցներում իրենց հուսախաբությունն էին արտահայտում Նալբանդյանից եւ ավելի բարձր sos գոչում, բնական է, որ ԱԳՆ խոսնակն էլ պետք է հրապարակավ վրդովվի իր շեֆին ուղղված ցանկացած քննադատությունից:




Լրահոս