Զախարյանը խախտումներ է անում ու չի պատժվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերահսկիչ պալատը 2014 թվականին ստուգումներ է իրականացրել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում, ինչի արդյունքում մեծ թվով խախտումներ ու թերություններ է հայտնաբերել: Այսուհանդերձ, ըստ ՎՊ-ի՝ ընդերքի պետական տեսչության կողմից բացահայտված թերություններն ու անհամապատասխանություններն անմիջապես չեն վերացվում, տարիներ շարունակ կատարվում են ընդերքի տեղամասի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ, սակայն արդյունքները չեն ներկայացվում պաշարների հաստատման համար:

Նշենք, որ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացման գործընթացը կարգավորվում է «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 40-րդ հոդվածով, ըստ որի՝ լիազոր մարմինը դիմումի գրանցման օրվանից հետո՝ 45-օրյա ժամկետում, որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ: Եթե սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձն օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն: Այսպիսով, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կամ ընդերքի տրամադրման գործակալության կողմից հաշվետու ժամանակաշրջանում թվով 95 ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման ապահովման, ինչպես նաեւ հանքային իրավունքի վերաձեւակերպման գործընթացում ընտրանքային վերահսկողությամբ 32 դեպքում արձանագրվել են խախտումներ եւ թերություններ:

Արձանագրված խախտումների եւ թերությունների շարքում առանձնանում են մի շարք դեպքեր, երբ դիմումից մինչեւ որոշման կայացում տեւել է 100 եւ ավելի օր, մինչդեռ սահմանված առավելագույն ժամկետը 45 օր է: Ավելին՝ ՎՊ-ի ստուգմամբ պարզվել է, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու «որոշ» դիմումներ բավարարվել են շատ կարճ ժամկետում՝ 6, 20, 24 կամ 30 օրում:

Օրինակ՝ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ն եւ «Պարամաունդ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ն 3 օրվա տարբերությամբ դիմել են ընդերքօգտագործման իրավունքի վերաձեւակերպման համար: Սակայն «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերության իրավունքը վերաձեւակերպվել է 172 օր հետո, իսկ «Պարամաունդ Գոլդ Մայնինգ» ընկերության ընդերքօգտագործման իրավունքի վերաձեւակերպումը տեւել է ընդամենը մեկ օր: Նաեւ ՎՊ-ի կողմից արձանագրվել են դեպքեր, երբ խախտելով «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 40-րդ հոդվածի պահանջները՝ մի շարք ընկերությունների հայտեր մերժվել են թույլատրելի՝ 45 օր ժամկետից շատ ավելի ուշ, մինչդեռ դրանք օրենքի ուժով պետք է բավարարված լինեին: Օրինակ՝ «Սթոուն Լենդ» ՍՊԸ-ի հայտը մերժվել է դիմումի գրանցման օրվանից 345 օր հետո, իսկ «Արեւ 2» ՍՊԸ-ի հայտը մերժվել է դիմումի գրանցման օրվանից 83 օր հետո:

Ըստ ՎՊ-ի՝ ՀՀ մարզեր գործուղված ընդերքի պետական տեսչության պաշտոնատար մի շարք անձանց պարտականությունների կատարումը ձեւական բնույթ է կրել: Տեսչության կողմից թվով 295 ընդերքօգտագործողի մոտ իրականացված ստուգման նյութերի ուսումնասիրությամբ 114-ի դեպքում վերահսկիչ պալատն արձանագրել է տեսչական ստուգումների իրականացման եւ համապատասխան փաստաթղթավորման գործընթացում մի շարք խախտումներ եւ անհամապատասխանություններ: Օրինակ՝ տեսուչն ընդգրկվել է ստուգման հանձնարարագրում եւ գործուղվել է ստուգման վայր, սակայն չի ստորագրել ստուգման համապատասխան ակտը: Բացի այս՝ ընդերքի պետական տեսչությունը ստուգումների ընթացքում կիրառել է սխալմունքի անհայտ աստիճանով մարկշեյդերական չափագրման համար անհրաժեշտ սարքավորումներ: Սակայն ստուգող սարքերը մինչեւ ստուգումներ սկսելը սահմանված կարգով ստուգաչափման ենթարկված չեն եղել: Ավելի ուշ պարզվել է, որ տեսչությունն ընդհանրապես չի ունեցել նման սարքեր: Եւ տեսուչները ՎՊ-ին այս մասով պարզաբանել են, որ տվյալ սարքերն օգտագործվել են «մասնավոր» անձանց միջոցով:

Բացի այս՝ ՎՊ-ն բացահայտել է, որ առանձին թույլտվություններով մի քանի ընդերքօգտագործողներ շահագործել են միեւնույն հորատանցքը: Իսկ արդյունաբերական եւ բուժական նպատակներով արդյունահանված հանքային ջրի փաստացի չափաքանակը քիչ է ընդերքօգտագործող ընկերությունների լիցենզիայով տրամադրված չափաքանակից եւ ընդերքն օգտագործվել է առանց հողատարածքի վարձակալության պայմանագրի:

Ժողովուրդ»-ը ՎՊ-ի կողմից բացահայտված խախտումների վերաբերյալ փորձեց պարզաբանումներ ստանալ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից, սակայն վերջինս համառորեն չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Նկատենք, որ այս գերատեսչության նման անպատասխանատու աշխատելաոճն արդեն բոլորին է հայտնի: Հիշենք թեկուզ ՀՀ Լոռու մարզի Ախթալայի ԼՀԿ-ի դեպքը. 2014 թվականին էներգետիկայի բնական պաշարների նախարարությունը լայնածավալ ստուգումներ իրականացրեց, խախտումներ հայտնաբերեց, սակայն այդպես էլ Ախթալայի ԼՀԿ-ն ո՛չ տուգանվեց, ո՛չ էլ պատժվեց կատարած խախտումների համար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս