ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ ՄԵԿ ՏԱՐԻ Է` ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԵՏԵՎՈՐԴ ՉԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Ֆրանսիայի հայոց թեմի վարդապետ Տեր Կարապետ Հարությունյանը: Առաջին հայացքից ոչ մի արտասովոր բան չկա. վարդապետը կարգալույծ է արվել իր դիմումի համաձայն: Սակայն Ֆրանսիայի հայոց թեմի վարդապետի անունը օրեր առաջ շրջանառեցին armlur.am-ին դիմած քաղաքացիները` հայտարարելով, որ Ֆրանսիայի հայկական եկեղեցում իրենց խուլ ու համար աղջկան ցմահ հաշմանդամ են դարձրել:

Ըստ այդ Թորոսյան ընտանիքի պատմածների` Կարապետ Հարությունյանը եւ մի քանի այլ մարդիկ 2009 թվականին Ֆրանսիայում իրենց խուլ ու համր աղջկան ցմահ հաշմանդամ են դարձրել` ծրագրավորված գործելով իրենց դեմ: Աղջկա հոր պատմելով՝ Ֆրանսիայի հիվանդանոցներում, Ֆրանսիայի հայոց թեմի վարդապետ Տեր Կարապետ Հարությունյանի մասնակցությամբ, իրենց դստերը դիտավորյալ ինչ-որ դեղեր են սրսկել, ինչն էլ հանգեցրել է նրան, որ աղջիկը այլեւս չի կարողացել շարժվել, գամվել է անկողնուն եւ դարձել ցմահ հաշմանդամ` անցնելով թոշակի: Այս ամբողջ պատմության մեջ, ծնողների խոսքով, մեծ դերակատարում է ունեցել հենց Կարապետ Հարությունյանը, ով Թորոսյաններին առաջարկել է արդեն հիվանդ աղջկան հանձնել եկեղեցուն: Բայց նման բան տեղի չի ունեցել:
Այդ հրապարակումից հետո Ֆրանսիայի տարբեր քաղաքների հայկական համայնքների անդամները բորբոքված զանգահարեցին, հերքեցին, սպառնացին Եվրադատարան դիմել եւ այլն: Եվ, ահա, այս ամենից հետո Կարապետ Հարությունյանը հրաժարական է ներկայացնում:
Այս պատմությունից զատ՝ մի փոքր հիշեցում կատարենք Ֆրանսիայի հայկական եկեղեցու հետ կատարված եւս մեկ աղմկահարույց պատմությունից: Գաղտնիք չէ, որ Ֆրանսիայի հայոց թեմում ամեն ինչ այնքան էլ հարթ ու խաղաղ չէ: Դեռեւս 2011 թվականից Ֆրանսիայի թեմում ճգնաժամ էր առաջացել թեմի՝ այն ժամանակվա առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հարաբերությունների պատճառով: Իսկ նույն տարվա մայիսի 20-ին Հայ Առաքելական եկեղեցու Նիցցայի Ծխական խորհուրդը Ֆրանսիայի «Nouvelles d`Armenie» պարբերականում հայտարարություն տարածեց այն մասին, որ 2011 թվականի մայիսի 14-ին «Nice-Matin» թերթում երկու ամբողջական էջերի վրա ներկայացվել է Լազուրե ափում ռուսական մաֆիայի գործունեության մասին հետաքննությունը: Ըստ այդ հրապարակման` մաֆիայի հետ կապված անձանց մեջ է եղել նաեւ Նիցցայի հայկական եկեղեցու նախկին քահանա Վաչե Հայրապետյանը: Գործերը վերաբերում էին «հայկական մաֆիայի» մասնակցությամբ կեղծ թղթադրամների շրջանառությանը եւ էլիտար մարմնավաճառության ցանցին:
Ըստ Նիցցայի հայկական եկեղեցու հաղորդագրության` 2009թ. փետրվարի 26-ին տեղի ունեցած ընդհանուր ժողովում ասոցիացիան ժողովրդավարական քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ մերժել է նոր կանոնակարգը, ըստ որի՝ Էջմիածնի կողմից Ֆրանսիայի Հայ առաքելական եկեղեցիների ղեկավարման կարգի փոփոխություն, ֆինանսների տնօրինում էր նախատեսում: Այդ ընթացքում հրաժարականի դիմում է ներկայացրել 20 տարի Փարիզի Հայ առաքելական եկեղեցու խորհրդի հոգաբարձու Գեղամ Թորոսյանը` անհամաձայնություն հայտնելով Էջմիածնի վարած ներկա քաղաքականության հետ: Թեեւ Մայր Աթոռը հերքեց այս տեղեկատվությունը, այնուամենայնիվ, զարգացումները դրանով չավարտվեցին:
Նիցցայի հայ համայնքի հրապարակման համաձայն` Նիցցայի հայկական եկեղեցու ծխական քահանա Վաչե Հայրապետյանը զավթել էր եկեղեցին, սպառնալիքների ուժով համայնքային ասոցիացիայի նախագահին արգելվել էր մտնել եկեղեցի, որը դարձել էր անօրենության գոտի: Այնուհետեւ այս սկանդալային դեպքից հետո տեղի ունեցան դատական գործընթացներ: Հետագայում Հայր Վաչե Հայրապետյանին տեղափոխեցին Ստրասբուրգ` այնտեղ հայ առաքելական համայնք ձեւավորելու համար, քանի որ Ստրասբուրգում առաքելական եկեղեցի չկա: Արդեն 2013 թվականին Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը հրաժարականի մասին գրություն ուղարկեց Էջմիածին: Պատճառը Կաթողիկոսի հետ լարված հարաբերություններն էին: Նրա հրաժարականից հետո տեղի ունեցան ընտրություններ: Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ ընտրվեց Վահան Սրբազանը, ով մինչեւ օրս ղեկավարում է Հայոց թեմը: Սա մի փոքր հիշեցում էր Ֆրանսիայի հայկական եկեղեցու անվան հետ կապված աղմկահարույց պատմությունից:
Վերադառնալով Թորոսյանների ընտանիքի հետ կատարվածին, ապա դրան հետեւած վարդապետի հրաժարականին եւ այդ ամենը համադրելով տարիներ առաջ Նիցցայի հայկական համայնքի տարածած հաղորդագրությանը՝ դժվար չէ հասկանալ, թե ինչպիսի պայթյունավտանգ իրավիճակ է Ֆրանսիայի հայկական թեմում:
Տեր Կարապետ վարդապետ Հարությունյանի կարգալույծ լինելու պատճառների մասին մեզ մի քանի ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան: Մասնավորապես` Թորոսյանների ընտանիքը մեկ տարի առաջ Կարապետ Հարությունյանի դեմ բողոք է ներկայացրել Ֆրանսիայի հայկական եկեղեցու թեմի առաջնորդին: Նմանատիպ բողոքներ եղել են նաեւ այլ մարդկանց կողմից, ինչից հետո վերջինս հրաժարվել է Հայ առաքելական եկեղեցուց եւ համալրել կաթոլիկ եկեղեցու շարքերը: Նա առհասարակ հայկական համայնքից հեռացել է` չցանկանալով այլեւս որեւէ գործ ունենալ հայ համայնքի հետ: Այսինքն` ստացվում է՝ Կարապետ Հարությունյանը հայկական եկեղեցին լքել է դեռեւս մեկ տարի առաջ` Թորոսյանների ընտանիքի բողոքների պատճառով: Իսկ Մայր Աթոռը, ի դեմս Կաթողիկոսի, միայն հիմա է հաստատում, որ Կարապետ Հարությունյանն այլեւս հայ առաքելական եկեղեցու սպասավոր չէ եւ կարգալույծ է: Այս ողջ պատմության շուրջ փորձեցինք զրուցել նաեւ Կարապետ Հարությունյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց որեւէ մեկնաբանություն անել:
Մենք փորձեցինք նաեւ ստանալ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանի մեկնաբանությունը, սակայն վերջինս այդպես էլ մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ

 

 
ՆԱԻՐԻՏՑԻՆԵՐԸ ՓԱԿԵՑԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

«Նաիրիտ» գործարանի բազմաչարչար աշխատակիցները երեկ կրկին հավաքվել էին Կառավարության դիմաց` պահանջելով իրենց տրամադրել աշխատավարձերի պարտքերի մարման ժամանակացույց: Նաիրիտցիները «պարտքի մարում» բացականչություններով պահանջում էին հանդիպում վարչապետի հետ, սակայն ապարդյուն: Թվում էր, թե ինչպես նախկին բողոքի ակցիաներն, այնպես էլ այս մեկը կանցնի առանց որեւէ լուրջ միջադեպի, սակայն այդպես չեղավ:

Գործարանի աշխատակիցները, մոտ մեկ ժամ կանգնելով Կառավարության դիմաց, հայտարարեցին, որ երթ են սկսում Հանրապետության հրապարակից, որի ժամանակ անակնկալ կերպով փակեցին Տիգրան Մեծ-Նալբանդյան փողոցների խաչմերուկը: Հավաքվածներն իրենց երեխաների հետ նստեցին փողոցների խաչմերուկում: Փոքրիկները եւս պահանջում էին պարտքի մարում: Նաիրիտցիներն այնքան զայրացած էին, որ նույնիսկ հայհոյում էին, մի բան, որ նախկինում երբեք չէր եղել: Երթեւեկությունը կաթվածահար էր եղել, մեքենաները շրջանցում էին նշված փողոցները: Ոստիկանները` փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ փորձում էին համոզել նաիրիտցիներին` ազատել փողոցը եւ խցանում չառաջացնել:
Ավելին` Վ. Օսիպյանը, նաիրիտցիներին դիմելով, ասաց. «Տվեք, ես էլ հանգնեմ ձեր մայկաներից, ձեր բողոքն արդար է, միայն թե այս պահին փողոցը բացեք»: Մոտ 20 րոպե փողոցը փակելուց հետո նաիրիտցիներին Կառավարությունից փոխանցեցին, որ երկուշաբթի կամ երեքշաբթի օրը վարչապետ Հովիկ Աբրահամյանը կհանդիպի նրանց հետ: «Ժողովուրդ ջան, այդպես է` երբ կտրուկ քայլեր ենք անում, իրենք էլ են դիմում կտրուկ քայլերի: Կառավարությունից մեզ խոստացան, որ երկուշաբթի կամ երեքշաբթի հանդիպում կլինի վարչապետի հետ: Հիմա փողոցը կբացենք եւ, եթե խոստացված հանդիպումը տեղի չունենա, անժամկետ նստացույց կսկսենք»,- հայտարարեց գործարանի բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը եւ հավաքվածներին առաջարկեց դուրս գալ փողոցից դեպի Կառավարության շենք:
Իհարկե, այս լուրը նաիրիտցիները ուրախությամբ եւ հավատով չընդունեցին, եղան մարդիկ, ովքեր հրաժարվեցին ազատել փողոցը: Բայց, ամեն դեպքում, գործարանի աշխատակիցներն ընդառաջ գնացին Վալերի Օսիպյանի հորդորներին ու Կառավարությունից հնչած խոստումներին եւ ազատեցին փողոցը: Ա. Հարությունյանը հայտարարեց, որ իրենք եւս մի շանս կտան Կառավարությանը եւ կսպասեն վարչապետի հետ հանդիպմանը: Հակառակ պարագայում նաիրիտցիները սպառնում են անժամկետ նստացույց սկսել: Նշենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր դեռեւս մայիսի վերջին հանդիպել նաիրիտցիների հետ, սակայն խոստումը չէր կատարել, ինչն էլ այսչափ վրդովեցրել էր գործարանի աշխատակիցներին:

Ք. ԱՂԱԼԱՐՅԱՆ

 

 

 

 
ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՆԱԽԱԳԻԾԸ «ՓԱԿ» ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ

Երեկ ԱԺ արտաքին հարբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը եւ հայ ժողովրդի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախագիծը: Պարզվեց` այն հանձնաժողովի անդամների համար ընդունելի չէ, ինչի պատճառով որոշում կայացվեց նախագիծը քննարկել փակ ռեժիմով:

Այդ նախագծով Թուրքիայից պահանջվում է հետ վերադարձնել մեր պատմական հայրենիքի տարածքները: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտարարեց, որ ճիշտ կլինի հարցը քննարկել փակ ռեժիմով, ինչը դուր չեկավ ընդդիմադիր պատգամավորներ Զ. Փոստանջյանին եւ Ն. Փաշինյանին: «Սա պետական գաղտնիք պարունակող հարց չէ, մի խնդիր է, որը վերաբերում է ազգային անվտանգությանը: Հատկապես ապրիլի 24-ից հետո մեր քաղաքական օրակարգի բաղկացուցիչ մաս պետք է սա լինի… Թող ներկայացնեն հիմնավորումները, թե ինչու պետք է տեղի ունենա փակ նիստ, գուցե հանրությունն ընկալի Ձեր հիմնավորումը»,- հայտարարեց Փոստանջյանը: Ֆարմանյանը պատասխանեց. «Ներկայացված նախագծում կան պատմագիտական բնույթի անճշտություններ, որոնց լրացուցիչ հրապարակայնացումը կարող է քարոզչական գործիք ծառայել մեր հարեւանների ձեռքին: Փակ ռեժիմով անցկացման անհրաժեշտությունը պայմանավորված է նախագծում տեղ գտած պատմագիտական, մասնագիտական սխալները չհանրայնացնելու մտադրությամբ»:
Աժ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը բոյկոտեցին նիստը: Պատգամավորները հայտարարեցին, որ իրենք չեն մասնակցի նախագծի` որեւէ ֆորմատով քննարկումներին:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ն. Փաշինյանն էլ նկատեց. «Դռնփակ նիստեր անցկացնելու պրակտիկան շատ վատ պրակտիկա է եւ վտանգավոր: Մի անգամ էլ ԼՂՀ-ում եք փակ նիստ արել: Այստեղ հնչելու են քաղաքական փաստարկներ, որեւէ խնդիր չկա, եթե մենք դռնբաց անցկացնենք, սա այդ դեպքը չի»:
Սակայն քանի որ հանձնաժողովի անդամների մեծամասնությունը դեմ էր նախագծի բաց քննարկմանը, որոշվեց այն քննարկել դռնփակ:




Լրահոս