Նոյեմբերի 13-ին Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Գետահովիտ գյուղի մշակույթի տանը «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի շինարարությունն իրականացնող «Մեգաէներջի» ընկերության ղեկավարությունը Գետահովտի մի խումբ բնակիչների հետ քննարկել է շինարարությունը շարունակելու հարցը: Հիշեցնենք, որ «Խաչաղբյուր 2»-ի շինարարությունը կասեցվել է այն բանից հետո, երբ Գետահովիտ համայնքի բնակիչները եւ մի շարք բնապահպանական կազմակերպություններ, հասարակական ակտիվիստներ բողոք էին ներկայացրել՝ բնապահպանության նախարարությանը` ՀԷԿ-ի շինարարության ընթացքում թույլ տրված օրինախախտումների վերաբերյալ: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի՝ 2012 թվականի հոկտեմբերի 26-ի հրամանով չեղյալ է համարվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության 2012 թվականի օգոստոսի 23-ի թիվ ԲՓ 70 փորձագիտական եզրակացությունը: Նշենք, որ «Խաչաղբյուր 2»-ի շինարարության թույլտվությունը տվել էր հարեւան Ենոքավան համայնքի ղեկավարը, սակայն շինարարությունն իրականացվում էր Գետահովիտ համայնքի վարչական տարածքում: Նախքան շինարարությունը սկսելը Գետահովտում հանրային լսումներ չէին իրականացվել: Գետահովտի գյուղապետի տեղակալ Սպարտակ Վանեսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ «Մեգաէներջի» ընկերության ղեկավարները գետահովիտցիներին խոստացել են ՓՀԷԿ-ի շինարարությանը համաձայնելու դեպքում ներդրումներ կատարել համայնքում ճանապարհների եւ ջրագծի կառուցման ծրագրերում: Գյուղապետի տեղակալի խոսքով` «Խաչաղբյուր 2» փոքր հիդրոէլեկտրակայանի շինարարության նպատակահարմարության հարցը կարող է որոշել միայն Գետահովիտ համայնքի բնակչությունը, ուստի իրենք մտածում են այս հարցի կապակցությամբ գյուղում հանրաքվե անցկացնել:
Տավուշ