Ո՞րն է խորհրդարանական լսումներ հրավիրելու իմաստը, եթե որոշումն արդեն կայացվել է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ԱԺ պատգամավորները պատրաստվում են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցով հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական լսումներին, այդ հարցով որոշում կայացնող մարմնի` հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նախօրեին հայտարարեց, որ օգոստոսի 1-ից էլէներգիայի սակագինը կթանկանա 7 դրամով: Երեկ էլ այս տեղեկությունն, ըստ էության, հաստատեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` հայտարարելով, որ Կառավարությունում հաշվարկներ են կատարվում, որպեսզի պարզեն, թե ինչ ազդեցություն կունենա այդ թանկացումը տնտեսության վրա։

Այս իրավիճակում հարց է առաջանում, թե այդ դեպքում որն է խորհրդարանական լսումներ հրավիրելու իմաստը, եթե արդեն իսկ ՀԾԿՀ-ն իր որոշումը կայացրել եւ հրապարակել է: Իսկ եթե ավելի խորանանք, ապա մեծ հարց է նաեւ, թե որն է առհասարակ այդ հանձնաժողովի գոյության իմաստը, երբ բոլոր որոշումները կայացվում են շատ ավելի վերեւներում, ընդհուպ Հայաստանի սահմաններից դուրս, իսկ ՀԾԿՀ-ին էլ վերապահվում է զուտ այս կամ այն ռուսական ընկերության ներկայացրած հայցին հավանություն տալու գործառույթը:

Իրականում թե՛ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքը, թե՛ սակագնի թանկացման հարցով խորհրդարանում անցկացվելիք լսումները գոլորշի բաց թողնելու նպատակ ունեն: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը դեռ մայիսի 10-ին գրել էր, որ էլէկտրաէներգիայի սակագինը 6-7 դրամով թանկացնելու քաղաքական որոշումը կայացված է, իսկ ՀԷՑ-ի կողմից 17 դրամով թանկացման առաջարկն ընդամենը նրա համար է, որ վերջում ասեն, թե հանձնաժողովի եւ քաղաքական ուժերի «անձնազոհ պայքարի» արդյունքում հոսանքը պահանջվող 17 դրամի փոխարեն թանկանում է ընդամենը 7 դրամով: Եվ հենց այս պատճառով է, որ Հանրապետական կուսակցությունը, ի սկզբանե հայտարարելով, թե պատրաստվում է լսումները փակ ընթացակարգով անցկացնել, որպեսզի ընդդիմությունն այն չվերածի շոուի, ի վերջո, հասկացավ, որ հանրությունը չափազանց վրդովված է, եւ առանց շոուի դժվար կլինի կրքերը հանդարտեցնել: Ուստի ՀՀԿ-ում որոշեցին, որ շոուն պետք է կայանա, սակայն արդեն ՀՀԿ-ի ակտիվ մասնակցությամբ:

Այնպես որ, հունիսի 12-ին ԱԺ-ում կհնչեն թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական պատգամավորների ջախջախիչ, քարը քարի չթողող ելույթները, որից բազմաչարչար ժողովրդի սիրտը մի լավ կհովանա, եւ մինչ մարդիկ հույսեր կփայփայեն, որ նույն ոգով կշարունակվի նաեւ ՀԾԿՀ-ի` հունիսի 17-ին կայանալիք նիստում, եւ դուրս չեն գա փողոց, հանձնաժողովը շատ հանգիստ կհաստատի սակագինը 7 դրամով թանկացնելու` արդեն իսկ երեկվանից ՀԾԿՀ կայքում հրապարակված որոշման նախագիծը: Իսկ արդեն դրանից հետո «Ոչ թալանին» նախաձեռնության` հունիսի 19-ին կազմակերպելիք բողոքի ակցիան, անկախ մասնակիցների քանակից, կնմանվի ճաշից հետո մանանեխի:




Լրահոս