Դա էլ թող մնա գաղտնիք. Հայկ Կասպարով (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Հայկ Կասպարովը, ով տեւական ժամանակ է` կնոջ հետ բնակվում է Գերմանիայում, առաջիկայում երկրպագուներին կներկայանա նոր տեսահոլովակով: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է, որ սկզբում իր համար շատ դժվար է եղել ընտելանալը գերմանական կենսակերպին, սակայն իրեն հաջողվել է հաղթահարել խոչընդոտները:

-Հա՛յկ, այժմ երգարվեստով զբաղվո՞ւմ եք, նորություններ ունե՞ք: Նաեւ դրան զուգահեռ այլ աշխատանք ունե՞ք:

-Այո՛, ունեմ նոր երգեր, ընդամենը մի քանի օրից դրանցից մեկի հիման վրա նկարահանվելու է տեսահոլովակ: Հայաստանյան համերգի մասին խոսելու համար դեռ վաղ է, երբ զգամ, որ պահը հասունացել է, կմտածեմ այդ ուղղությամբ, մինչ այդ չեմ ուզում ինքնախաբեությամբ զբաղվել: Երգարվեստից զատ, իհարկե, զուգահեռաբար զբաղվում եմ այլ աշխատանքով, գումար վաստակելու համար հույսս միայն երգելու վրա չեմ կարող դնել: Իսկ թե ինչ աշխատանքով եմ զբաղված, դա էլ թող մնա գաղտնիք: Մի օր աշխատանքիս վայրից լուսանկարներ կտեղադրեմ համացանցում, կտեսնեք: Չեմ կարծում, թե հանրությունը պետք է ամեն ինչ իմանա:

hayk-kasparov

-Դուք աչքի ընկնող արտաքին ունեք. Ձեզ երբեւէ առաջարկե՞լ են սերիալներում, ֆիլմերում խաղալ:

-Եղել են սերիալում նկարահանվելու առաջարկներ, սակայն երկար մտածելուց հետո մերժել եմ. վստահ չէի, որ լավ կստացվի, իսկ միայն հեռուստատեսությամբ երեւալը քիչ է:

-Գերմանիայում կա՞ն բաներ, որոնց հետ մինչ այժմ չեք հարմարվել, տեղի մշակույթին հասցրե՞լ եք ընտելանալ:

-Երբ նոր էի տեղափոխվել, ոչ մի բանի հետ չէի հարմարվում, շատ անգամներ որոշել եմ հետ գալ Հայաստան, բայց ինձ խորհուրդ են տվել համբերել: Դե, այստեղ ծառից եվրոներ կախված չեն, որ հավաքես: Սկզբում չէի կարողանում իմ գործով զբաղվել, ինչն անսովոր էր: Տարօրինակ էր նաեւ երեկոյան դատարկվող քաղաքը. դա ինձ սարսափ ֆիլմ էր հիշեցնում: Ինչ խոսք, հայի հետ շփման պակասը, լեզվին չտիրապետելը դժվար էր: Հիմա արդեն գրեթե ամեն ինչին հարմարվել եմ. միայն կարոտն է մնացել անհաղթահարելի: Շատ եմ կարոտում իմ քաղաքը, երեւանյան զբոսանքները…

hayk2

-Երեխա դեռ չունե՞ք:

-Ոչ:

-Իսկ չե՞ք վախենում, որ Ձեր ապագա բալիկը, արտերկրում ծնվելով, կհեռանա իր արմատներից:

-Նման բան երբեք չի լինի. դա բացառվում է: Ամեն բան կախված է ճիշտ դաստիարակությունից:

-Երկրպագուները Ձեզ ե՞րբ սպասեն Երեւանում:

-Ես շատ անկանխատեսելի եմ այդ հարցում. հնարավոր է` հենց վաղն էլ քնից արթնանամ ու որոշեմ գալ: Այս ամառ մի փոքր ծանրաբեռնված եմ, հավանաբար աշնան սկզբին կլինեմ Հայաստանում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս