Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն այսօր դեմ էր քվեարկել կառավարության ներկայացրած «Ակցիզային հարկի» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին: Նշենք, որ նախագծով առաջարկվում է օղու, ծխախոտի և դիզվառելիքի ակցիզային դրույքաչափերը բարձրացնել, քանի որ դրանք հիմա ցածր են և չեն համապատասխանում ԵՏՄ երկրներում գործող դրույքաչափերին:
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավորը մեկնաբանեց, թե ինչու է դեմ քվեարկելու որոշում կայացրել: «Դու մարդկանց կարող ես ասել, որ այս սիգարետը թանկացնում եմ, մի´ ծխի, կարող ես ասել, եթե քիչ գումար ունես, օղի մի´ խմի, բայց չենք կարող ասել, որ եթե քիչ գումար ունես, քո աշխատանքային գործունեության համար թանկ գազ կամ բենզին մի ծախսի»,- բացատրեց նա:
Անդրադառնալով այս օրենքից եկող վտանգներին, պատգամավորը նշեց. «Ես տեսնում եմ հետևյալ վտանգները. այս օրենքը աղքատության շեմից քիչ վերև ապրող մեր քաղաքացիներին ուղղակի կտանի, կհասցնի աղքատության շեմին: Ես բաց հայտարարեցի, որ էլեկտրաէնրգիայի թանկացման հետ կապված մենք դեռ չենք կարող հստակ գնահատել, թե մեր աղքատությունն ինչ ձև և չափ կընդունի և սա էլ կավելացնի: Եվ որպեսզի աղքատության շեմ մենք չունենանք, պետք է կառավարությունը միջոցներ ձեռնարկի: Ես կարծում եմ, որ այս օրենքի նախագիծը ժամանակին չէր»:
Հավելենք, որ այս օրենքի նախագիծն այսօր ընդունվել է առաջին ընթերցմամբ, իսկ նախագծի երկրորդ ընթերցումը կկայանա աշնանային նստաշրջանի ընթացքում: