«Կանաչ լույս է վառվում լրագրողների նկատմամբ ցանկացած խոչընդոտումների համար». քննարկում` Երևանում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Խոսքի ազատության պաշպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ՀՀ-ում ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների ոտնահարման թեմայով քննարկմանը այսպիսի կարծիք հայտնեց, որ «կանաչ լույս է վառվում լրագրողների նկատմամբ ցանկացած խոչընդոտումների համար»: Ըստ նրա, այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 23-ին, դա աննախադեպ ճնշում էր լրագրողների վրա:

Դա կարող եմ համեմատել տխրահռչակ 2008-ի ճնշումների հետ, եւ ծավալով այս դեպքը գերազանցեց Մարտի 1-ի դեպքերը: 2008-ին 18 դեպք է արձանագրվել: Մինչեւ այս տարվա հունիսի 23-ը արձանագրվել էր 4 դեպք, իսկ այդ օրվա իրադարձությունների արդյունքում 19 լրագրող ենթարկվել է ֆիզիկական բռնության՝ ընդամենը 6 ամսվա արդյունքներով:

«Ակնհայտ է անպատժելիությունը: ՀՀ իշխանությունները չպետք է զարմանան, եթե 2015-ի իրենց գնահատականներում հետընթաց արձանագրեն: Նպատակաուղղված որս էր գնում լրագրողների նկատմամբ: Ոստիկանները ցնցող պատճառաբանություն են տալիս, թե չեն կարողանում ցուցարարներին ու լրագրողների տարբերել իրարից, որովհետեւ լրագրողները տարբերանշան չունեն: Դա հին պատմություն է: Իսկապես, բաճկոններ եւ տարբերանշաններ կրելը քաղաքակիրթ երկրում ճիշտ է: Բայց խմբագիրներն ասում են, որ այդպես լրագրողներն ավելի թիրախավորված կլինեն եւ ամեն ինչ կանեն, որ նկարահանածը առգրավվեն, որովհետեւ իրենց միջնադարյան մտածելակերպով կարծում են` հնարավոր է ինչ-որ բան թաքցնել: Տարբերանշանները լրագրողների համար այլ նպատակ ունեն, որպեսզի իրավապահները նրանց պաշտպանեն, բարենպաստ պայմաններ ստեղծեն, որ կարողանան օբյեկտիվ ամեն ինչ ներկայացնել հանրությանը: Սրա լուծումը միակն է, էքստրեմալ պայմաններում աշխատող լրագրողներն այդ տարբերանշանները պետք է ունենան: Մյուս կողմից իրավապահ մարմինները պետք է երաշխիք տան, որ տարբերանշաններով լրագրողներին պաշտպանելու են, ոչ թե բռնություն են գործադրելու նրանց նկատմամբ», – նշեց Մելիքյանը:

1

2

3




Լրահոս